Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Փարսախների հեռվից

Հունվար 23,2003 00:00

Փարսախների հեռվից «Հեռուստատեսային մրցանակաբաշխություն կոչված երեւույթը մեզանից փարսախներով հեռու է՝ այլ երկրների հետ համեմատած։ Հիմա մենք համարձակվում ենք անել առաջին փորձը»,- իր «ռիսկն» այսպես հիմնավորեց «Հեռուստատեսության եւ ռադիոյի զարգացման ասոցիացիայի» խորհրդի նախագահ Ալեքսանդր Իսկանդարյանը։ Երեկ նա սույն թեմայով (մրցանակաբաշխության) կազմակերպել էր վերջին հասարակական քննարկումը լրատվամիջոցների հետ։ Մինչ այդ նոր գաղափարն անցել էր մասնագիտական աշխարհի եւ ՀԿ-ների քննարկումները։ Առաջին նկատելի թերությունն, ըստ ներկաների, արտահայտված էր մրցանակաբաշխության մասին գրավոր տեղեկատվության մեջ՝ բազմաթիվ բառեր, որոնք հանգիստ կարելի էր ներկայացնել հայերեն համարժեքով, օգտագործված էին խոսակցական կամ մասնագիտական՝ սովոր լեզվով։ Դա, բնականաբար, պատիվ չի բերում հայրենական եթերը զարգացնելու նպատակին «սրբորեն» ծառայող ասոցիացիային։ Հատկապես, որ այս մրցանակաբաշխությամբ (եւ ոչ միայն) կազմակերպությունը մտադիր է «կարգ ու կանոն մտցնել» հեռուստառադիոեթերում։ Պրն Իսկանդարյանը ոչ միայն սիրահոժար ընդունեց բացը, այլեւ «մեղա» եկավ. «Մենք իզուր նոմինացիաների, ասեմ, որ այդ բառն ինձ ավելի է դուր գալիս, քան դրա հայերենը, ցանկից հանեցինք «ամենամաքուր հայերեն» նոմինացիան»։ Առաջ անցնելով բացահայտվեց, որ շատուշատ կազմակերպություններ են նպատակ ունեցել սկսել այս գործը, «բայց դե, հասկանում եք, ֆինանսական խնդիրը լուծել չկարողացան»։ Իսկ ասոցիացիան, «դե, հասկանում եք», շատ արագ լուծել է այդ խնդիրը տեղի գործարարների հետ, մրցանակային ողջ անվանացանկի համար հայթայթելով 10.000 դոլար գումար։ Ի տարբերություն մյուս նախաձեռնողների (ու չիրականացնողների), Հեռուստառադիոյի ասոցիացիան սկզբում որոշել էր անցկացնել միանգամից համահայկական (սփյուռքն էլ հետը) մրցանակաբաշխություն, բայց հետո երկնչել են՝ առաջին անգամվա համար շատ կլինի, եւ որոշել են բավարարվել Հայաստանի եւ Արցախի տարածքով։ «Հայաստանը տարբերվում է աշխարհի բոլոր երկրներից՝ 29,8 հազար քառակուսի կիլոմետր տարածքի վրա 65 հեռուստաընկերություններ կան, ինչը Գինեսի ռեկորդների գրքում գրանցելու նյութ է։ Մենք պետք է օգնենք, որ հեռուստադիտողը ճանաչի՝ որն է լավը, որն է վատը»,- իր հերթին ռեկորդային համարձակության հայտարարություն արեց պարոն Իսկանդարյանը։ Վիճարկման մի թեմա էլ դարձավ մրցությանը ներկայացվող նյութերի պատրաստման ժամանակը։ Ըստ կազմակերպիչների, մրցանակաբաշխությանը կարող է ներկայացվել 2002 թվականին, ինչպես նաեւ՝ Հայաստանի անկախության տարիներին ստեղծված արտադրանքը։ Հետաքրքիր է, թե ո՞ր թվից է ավարտվել Հայաստանի անկախությունը Ա. Իսկանդարյանի եւ նրա զինակիցների համար։ Շատ ավելի հետաքրքիր է մրցանակաբաշխության ֆանտաստիկ երեւակայությամբ ստեղծված անունը՝ «Հեռանէ»։ «Հեռ»-ը ձեզ հայտնի հեռուստատեսությունն է, «ան»-ը Հայաստանի անուններից է (շումերական շրջան), «է»-ն էլ նշանակում է էություն»,- վերծանեց ռեբուսը պարոն Իսկանդարյանը։ Ասացին նաեւ, որ մրցութային հանձնաժողովի կազմում լինելու են հանրությանը լավ հայտնի հեռուստատեսային դեմքեր, բայց դեռ չգիտեն, չեն որոշել, թե ովքեր կլինեն նրանք։ Մրցույթի եզրափակիչ հանդիսությունը կկայանա ապրիլին, պարզ չէ, թե որտեղ, բայց պարզ է, որ «քաղաքի ամենալավ դահլիճներից մեկում»։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել