Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԾԻԾԱՂԻ ԱՐՔԱՆ

Հունվար 23,2003 00:00

ԾԻԾԱՂԻ ԱՐՔԱՆ Այսօր լրանում է Կարպ Խաչվանքյանի ծննդյան 80-ամյակը Նրա կենսագրության առաջին էջը սկսվում է բերդերի եւ ամրոցների հայադրոշմ, հայաշունչ ինքնատիպ քաղաքում՝ Բերդաքաղաքում, նշանավոր Հաջի Կարապետի հարկի տակ։ Արվեստի հետ առաջին անգամ շփվել է Թիֆլիսում, ուր քսանականների վերջերին տեղափոխվել էր նրանց ընտանիքը։ Նրա համար իսկական տոն էր, երբ առաջին անգամ այցելեց կրկես, հետո՝ «կրկես-կրկես» էր խաղում։ Թատերական սանդուղքի հաջորդ աստիճանը պատանի հանդիսատեսի ռուսական թատրոնն էր, ապա՝ Գրիբոյեդովի անվանը։ Երբ սկսվեց երկրորդ աշխարհամարտը, ներկայացավ «Վրացֆիլմ» եւ հաջողությամբ անցավ «մազե կամուրջով»։ Բայց 1944-ին անսպասելի հեռագիր ստացավ Արտեմի Այվազյանից, որ հրավիրում էր աշխատանքի Երեւան։ Տեղափոխվեց։ Այստեղ Ի. Կալմանի «Սիլվա»-ում Բոնի դերը խաղաց եւ ինքն իրեն գտավ։ Դահլիճը ջերմությամբ ընդունեց անդրանիկ դերակատարումը, հանդիսականը հենց սկզբից սիրեց նրան։ Իսկ հետո շատերը հենց նրա խաղը տեսնելու էին գալիս Երեւանի երաժշտական կոմեդիայի թատրոն, որի մեջ հմտորեն զուգակցվում էին բնատուր արտիստական տվյալները, հմայքը եւ աշխատասիրությունը։ Հետզհետե քաղաքային կուլտուրան սկսեց իր կնիքը դնել Կարպի բոլոր անձնավորումների վրա, որի արտիստական հմայքը հենց այն խայծերից մեկն էր, որ հետպատերազմյան պարզամիտ ու պարզաճաշակ մարդկանց ուշադրությունը գամում էր ճշմարիտ արվեստին։ Չէ՞ որ թատրոնից դուրս էլ թատրոն կա։ Եթե չլիներ, թատրոն առհասարակ չէր լինի։ Մեր նշանավոր արվեստագետներից մեկը նկատել է. «Եթե դահլիճը լեփ-լեցուն է՝ թատրոնը կապրի։ Դատարկ է՝ թատրոն չկա»։ Տաղանդավոր Կարպի թատրոնը գնալով բարգավաճեց։ Նա ստեղծեց երաժշտական բարձրակարգ ներկայացումների մի ամբողջ շարք, առանց որի դժվար է պատկերացնել երաժշտական կոմեդիայի թատրոնի կյանքը ժամանակակից այն տարածքի մեջ, որն ավելի քան վեց տասնամյակ է ընդգրկում։ Կարպ Խաչվանքյանն առանձնանում էր երկու պոետիկայով. ռեժիսորական հետաքրքիր մտահղացմամբ, զարմանալի չափերի հասնող դրամատուրգիական զգացողությամբ եւ դերասանական անզուգական խաղով։ Ռեժիսոր Խաչվանքյանի ուղեկիցն է եղել դերասան Կարպը, որից մեծապես շահել են ներկայացումները։ Նա ոչ միայն խաղում էր հեղինակի բնագիրը, այլեւ բացում էր նրա բազմակետերը, որոնք նրա մտքի օրգանական շարունակությունն էին, ոչ միայն մոտենում էր կերպարին, ներկայացնում նրան, այլեւ՝ ստեղծում էր կերպարը, որ հաճախ գերազանցում էր հեղինակին։ Նա ուներ բեմական այնպիսի առավելություններ, որոնցից զուրկ են բեմի վարպետներից շատ-շատերը։ Ապա ձայնը… ասես իր մեջ մետաղ ուներ, զրնգուն, առողջ։ Դահլիճը նվաճում էր հենց ձայնի հմայքով. խաչվանքյանական մենաշնորհ։ Կարպ Խաչվանքյանի կարծիքով, մարդկանց մեջ ավելի դժվար է ծիծաղ առաջացնելը, քան լաց ու տրտմություն։ Ծիծաղն անգին է, գին չունի, նա հոգեւոր սնունդ է եւ սպեղանի, երկարակեցություն, բարձր տրամադրություն։ Եթե արտիստի արժեքը չափենք մարդկանց պարգեւած ժպիտով, բարոյական թերեւս այդ բարձրագույն տարադրամով, ապա քաշով մեկ ոսկի արժե Կարպի տասնամյակների գործը, որին պետք է վարժվի նաեւ սիրտը։ – Սիրելի Կարպ,- հարցնում եմ,- բայց երկու անգամ վիրահատել են Ձեր սիրտը։ Իսկ հիմա ինչպե՞ս եք «աշխատում»։ – Եթե կարողանում եմ սիրել, նշանակում է լավ է աշխատում։ – Իսկ ի՞նչ եք ավելի շատ սիրում։ Ինչի՞ց եք մեծ բավականություն ստանում։ – Երաժշտությունն իմ ամենամեծ սերն է։ Առանց երաժշտության եւ իգական սեռի կյանքը չեմ պատկերացնում։ Դատարկություն է։ Իմ միակ թոռնուհուն՝ Ելենային ոչ թե սիրում, այլ պարզապես պաշտում եմ։ – Ինչո՞ւ եք այդքան քիչ նկարահանվել կինոյում եւ սակավ եք երեւում հեռուստատեսությունից։ – «Ճանապարհ դեպի կրկես» -ում հավաստեցի իմ կինոձիրքը։ Սակայն ինձ համար թատրոնը եղել եւ մնում է միակ սերը։ Ես միասեր եմ։ Կյանքի վերջին տարիներին Կարպը հազվադեպ էր հանդես գալիս նոր դերերով։ Այնուհանդերձ, պատրաստեց նոր դեր՝ անձնավորեց Շմավոն Գինոսյանին՝ Ժիրայր Անանյանի «Ես եմ, եկել եմ» կատակերգությունում։ Ավա՜ղ, Շմավոնի կերպարը եղավ մեծ կատակերգակի կարապի երգը։ Ավելի քան կեսդարյա բեմական գործունեության ընթացքում Խաչվանքյանը մոտ հարյուր դեր անձնավորեց, որոնք մտան հայ թատրոնի ոսկյա տարեգրության մեջ։ ԼԵՎՈՆ ԿԱՆՑՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել