Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԱԼՖՐԵԴԻ ՍԵՆՅԱԿՈՒՄ ՉԵՆՔ»

Հունվար 23,2003 00:00

«ԱԼՖՐԵԴԻ ՍԵՆՅԱԿՈՒՄ ՉԵՆՔ» «Ում ուզում եք՝ ընտրեք, ցանկացած թեկնածուի։ Ձեր ձայներին տեր ենք կանգնելու»,- երեկ Աշտարակի իր ընտրազանգվածին հավաստիացրեց ՀՀ նախագահի թեկնածու Արամ Զավենի Սարգսյանը, որը շատ է կարեւորում արդար ընտրությունները։ Նա հստակ տիրապետում է (գոնե այդպես հավաստիացնում է) նաեւ ձայների հասցեականությունը ապահովելու մեխանիզմին. «Ես դա անելու եմ ընտրությունների օրը։ Ինչպե՞ս եւ ո՞ւմ միջոցով՝ չեմ պատասխանի, որովհետեւ հարցնողը գուցե Ազգային անվտանգության աշխատող է»։ Այսպիսով, «Հանրապետություն» կուսակցությունն իր թեկնածուի հետ միասին նախ պայքարում է, որ վերջապես ժողովուրդը որոշի, թե ով է լինելու երկրի նախագահը։ Արամ Սարգսյանի երկրորդ նպատակն այն է, որ ինքն ընտրվի։ Հարկ է նկատել, որ համակիրները բավականին բուռն եւ ջերմությամբ էին արձագանքում իրենց թեկնածուի նմանատիպ ցանկություններին, կոչերին, սրամտություններին։ Իսկ համակիրները հավաքվել էին մի դահլիճում, ուր ավելի ցածր էր ջերմաստիճանը, քան դրսում։ Դահլիճն, ընդ որում, լիքն էր։ Ուշագրավ է, որ դեռեւս 1,5 տարի առաջ նույն դահլիճում «Հանրապետության» առաջնորդների հետ ավելի քիչ աշտարակցիներ էին հավաքվել հանդիպման։ Սա մի կողմից կարելի է վերագրել համակիրների թվի աճին, մյուս կողմից՝ բնակչության քաղաքականացմանը, կապված ընտրությունների օրվա մոտենալու հետ։ Լիարժեք տեղեկատվության համար նշենք, որ ըստ որոշ հաշվարկների, Արագածոտնի մարզը ավանդաբար աչքի է ընկել որպես Արամ Սարգսյանի առավել մեծ թվով համակիրներով բնակեցված տարածք՝ չնայած այստեղ ՀՅԴ ամուր դիրքերին։ Արամ Սարգսյանին ընտրազանգվածին ներկայացնելիս, կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Ալբերտ Բազեյանն ասաց. «Մենք պարզճակատ ենք կանգնած ձեր առջեւ։ Մենք առաջադրում ենք թեկնածու, որն արդար է, ազնիվ, երիտասարդ, նրա շուրջը համախմբված են մարդիկ, որոնք ապացուցել են իրենց սերը հայրենիքի հանդեպ»։ Իսկ այդ «ազնիվ թեկնածուն» վստահեցրեց, որ «հաղթելու ենք։ Ամսի 20-ին լավ տրամադրություն եմ խոստանում։ Նույնիսկ արեւոտ օր եմ խոստանում»։ Ա. Սարգսյանը չի պատկերացնում, որ գործող նախագահը կարող է արդար պայքարում ընտրվել, որովհետեւ արդեն իսկ խախտումներ է թույլ տալիս, օրինակ, խախտելով քարոզչություն իրականացնելու թեկնածուների հավասար իրավունքի վերաբերյալ դրույթը. «Հանրային հեռուստատեսությամբ ցուցադրում են Ռ. Քոչարյանի ընտանիքի մասին տեսանյութ, պատճառաբանությամբ, թե ժողովրդին ինչ հետաքրքրում է, այն էլ ցույց ենք տալիս։ «Ալֆրեդի սենյա՞կն» է, ի՞նչ է»։ Արամ Սարգսյանը կարծում է, որ նախագահի թեկնածուի «գծով» իր «գործընկերը» (Ռոբերտ Քոչարյանը) վախեցած է. «Վախեցած չլիներ, պաշտպանության նախարարին շտաբի պետ կնշանակե՞ր»։ Արամ Սարգսյանը նույն պատճառին է վերագրում նաեւ Ալեքսան Հարությունյանի ՀՌԱՀ խորհրդի նախագահի պաշտոնում նշանակվելու փաստը. «27»-ին առնչվողները պետք է հեռուստատեսությունում լինեն, որ կասետների մոնտաժը չերեւա»։ Նա առանձնապես անընդունելի է համարում Ռոբերտ Քոչարյանի՝ Ղարաբաղի խնդրի վերաբերյալ դիտարկումների փոփոխականությունը՝ կախված դրանք հայտնելու տեղից եւ իրավիճակից. «Մոսկվայում հայտարարել է, որ ԼՂ հարցը դիտարկում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության համատեքստում, նախընտրական ծրագրում գրում, որ Ղարաբաղն անկախ է»։ Իսկ ատոմակայանի շուրջ ստեղծված այս վիճակի համար կարծում է, որ նույնիսկ պետք է դատական գործ հարուցվի, որովհետեւ վտանգավոր է վառելիքը կրկնակի օգտագործելը։ Այլապես, նախկին վարչապետներն այդքան գումարներ չէին ծախսի նոր վառելիքի ձեռքբերման համար։ Արամ Զավենի Սարգսյանը, վերջապես, տարակուսում է. «եթե դու անգամ ալարում ես թրաշվես (նկատի ունի «27»-ից հետո Ռ. Քոչարյանի պատճառաբանությունները- Ա. Ու.), քո հետ ինչ աշխատենք (ակնարկում է նախագահի «Աշխատենք միասին» կարգախոսը- Ա. Ու.)»։ Նույն օրը «Հանրապետության» առաջնորդները հանդիպում էին նախատեսել նաեւ Ուջանում եւ Թալինում։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ Հ. Գ. Դատելով իրականացրած քարոզարշավի երեկվա օրից, «Հանրապետություն» կուսակցությունն ակնհայտորեն PR բարձրակարգ մասնագետի կարիք ունի։ Հասկանալի է, որ ընտրողների հետ հանդիպումները հետաքրքիր միջոցառումների ձեւով կազմակերպելու ընդդիմադիր թեկնածուների լծակներն անհամեմատ քիչ են, այնուամենայնիվ, նկատենք, որ այդ հանդիպման ձեւը նույնն էր, ինչ 1,5 տարի առաջ. հանդիպում դահլիճում, ելույթներ, հարցուպատասխան։ Ընդ որում, կազմակերպիչներն այնքան անփույթ էին, որ ելույթները երկարում էին՝ ընդհուպ մինչեւ հռետորին նրբանկատորեն զգուշացնելը, որ ավարտի։ Լրագրողների հետ աշխատող չկար։ Փոխարենը, Արամ Սարգսյանն է այս առումով աճ արձանագրել՝ «հանդիսատեսի» հետ ավելի անմիջականորեն է շփվում, օգտվում է հակաքարոզչություն իրականացնելու՝ «Ընտրական օրենսգրքով» իրեն վերապահված իրավունքից եւ այլն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել