Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՂՔԸ ՄԵՐԸ ՉԷ

Հունվար 23,2003 00:00

ՄԵՂՔԸ ՄԵՐԸ ՉԷ Նախընտրական շրջանում լրատվամիջոցները լինում են 3 տեսակի: Ա/ ԶԼՄ-ներ, որոնք անկեղծորեն ուզում են, որ Ռոբերտ Քոչարյանը մնա իր պաշտոնին: Դրանք են բոլոր գործող հեռուստաընկերությունները եւ թերթերի մեծամասնությունը: Բ/ ԶԼՄ-ներ, որոնք նույնքան անկեղծորեն չեն ուզում, որ գործող նախագահը շարունակի իր պաշտոնավարությունը՝ ձեզ հայտնի մի քանի ընդդիմադիր թերթեր: Գ/ Լրատվամիջոց, որը խորապես անտարբեր է՝ կմնա Քոչարյանը իր աթոռին, թե ոչ: Դա «Առավոտ» օրաթերթն է: Քանի դեռ մեր հասարակությունը չի պահանջում իր նախագահից, որ նա հաշվի նստի իր՝ հասարակության հետ, որեւէ նշանակություն չունի՝ Ռոբերտ Քոչարյա՞նը կլինի Հայաստանի նախագահ, թե՞ Ուինսթոն Չերչիլը: Այս հասարակության պայմաններում ՀՀ նախագահը դատապարտված է լինել ինքնահավան, անհանդուրժող եւ ավտորիտար՝ անձնապես ինչպիսի հրեշտակ կամ իմաստասեր էլ լինի: Քանի որ մեր սպառողին /ընթերցողին/ հետաքրքրում է նախագահական ընտրարշավի ընթացքը, «Առավոտը» մատուցում է նրան այդ ծառայությունը՝ չներդնելով դրա մեջ առանձին քաղաքական էմոցիաներ: Այս ճանապարհին մենք հանդիպում ենք որոշ խոչընդոտների: Մեր թերթը հնարավորություն ունի լուսաբանելու նախագահի բոլոր թեկնածուների ընտրարշավները, բացի Ռոբերտ Քոչարյանից: Բանն այն է, որ նախագահի՝ մարզեր այցելությունների ժամանակ Քոչարյանի նախընտրական շտաբը չի ցանկանում տեղ հատկացնել «Առավոտի» թղթակցին՝ նախագահին ուղեկցող մեքենաներից մեկում /գուցե դրանք քի՞չ են/: Շտաբի մամուլի պատասխանատու Վահագն Մկրտչյանը հայտնեց, որ իրենք շահագրգռված չեն, որ «Առավոտը» լուսաբանի նախագահի ընտրարշավը՝ եթե ուզում ենք, պետք է դա անենք մեր միջոցներով: Պարզ է, որ խմբագրության մեքենան չի կարողանա մխրճվել նախագահական շարասյունի մեջ, մեզ այնտեղից պարզապես «կլարեն»: Նախագահի մնացած թեկնածուները, բնականաբար, սիրով կազմակերպում են իրենց շրջայցերի լուսաբանում՝ ԶԼՄ-ներով: Այդպիսով, մեր թերթում ստեղծվելու է որոշակի «դիսբալանս» ընտրարշավի լուսաբանման մեջ: Դրա համար հայցում ենք ընթերցողների ներողամտությունը: Պատճառը ոչ թե մեր չարակամությունն է, այլ նախագահին շրջապատող չինովնիկների բթամտությունը: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել