Լրահոս
Օրվա լրահոսը

Յունոշեւն արձագանքում է

Հունվար 23,2003 00:00

Յունոշեւն արձագանքում է Ռուս փաստաբանը պատասխանում է իրեն ուղղված որակումներին Ինչպես եւ ակնկալվում էր, «Հոկտեմբերի 27»-ի քրգործով տուժողի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ Օլեգ Յունոշեւը երեկ հայտարարություն է արել՝ արձագանքելով ոչ միայն ՀՀ Գլխավոր դատախազության տարածած հայտնի հաղորդագրությանն, այլեւ նախագահի թեկնածու Ռ.Քոչարյանի՝ նախորդ օրը փաստաբանին ուղղված մի քանի անզուսպ ու խիստ ինքնատիպ բառապաշարով արված հայտարարություններին: Փաստաբանը մասնավորապես հայտարարել է, որ ՀՀ Գլխավոր դատախազություն է հրավիրվել Տիգրան Նաղդալյանի սպանության նախաքննությանն օգնելու նպատակով: «Հրավերի արդյունքներն արտացոլված են զրույցի արձանագրության մեջ: Կարծում եմ, իմ ներկայացրած տեղեկատվությունը պետք է որ օգնի քննչական խմբին: Պահպանելով նախաքննական գաղտնիքի մասին օրենքի դրույթը, ես ձեռնպահ եմ մնում տեղի ունեցած զրույցի մասին հրապարակային որեւէ հայտարարությունից: Միաժամանակ, նախագահի եւ ՀՀ Գլխավոր դատախազության վերջին հրապարակային հայտարարությունները ստիպում են ինձ հայտարարել հետեւյալը. 1. Վերոնշյալ անձանց կողմից կոպտորեն խախտվել է նախաքննության գաղտնիության մասին սկզբունքը: Վերջին իրադարձությունները ստիպում են ինձ մտածել, որ Գլխավոր դատախազության աշխատակիցների նպատակը ոչ թե Տ.Նաղդալյանի սպանության հետաքննությունն է, այլ՝ հասարակության ներսում արդյունքի հասնելու համար քաղաքական աղմուկ ստեղծելը, ինչը հեռու է օրինականության պահպանումից: 2. Անհասկանալի է նաեւ, թե ի՞նչ հիմքով է ՀՀ խորհրդարանում ահաբեկչության փաստի առիթով հարուցված քրգործով վկա հանդիսացող Ռ.Քոչարյանը տեղեկացվում նախաքննության ընթացքի մասին եւ, առավել եւս, իրեն թույլ տալիս հրապարակայնորեն մեկնաբանել եւ վերծանել այնպիսի փաստաթղթեր, որոնք նախաքննական գաղտնիք են համարվում: 3. Նկատի ունենալով ստեղծված իրավիճակը, անհնարին եմ համարում այլեւս շփումներ ունենալ Գլխավոր դատախազության աշխատակիցների հետ մասնավորապես այնպիսի հարցերի առնչությամբ, որոնք վերաբերում են Տ.Նաղդալյանի սպանության փաստի առնչությամբ հարուցված քրգործի հետաքննությանը: 4. Ինչ վերաբերում է Ռ.Քոչարյանի պնդումներին, թե ես որոշակի ապրելատեղ չունեցող անձ եմ (ըԿԾԻ), հայտարարում եմ, որ իմ անձին վերաբերող բոլոր տվյալները մանրակրկիտ կերպով ստուգված են Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատարանի կողմից՝ ինձ դատաքննությանը մասնակցելու թույլտվություն տալու ժամանակ: Անձամբ Ռ.Քոչարյանի համար կոնկրետացնում եմ, որ մինչեւ ՌԴ դաշնային դատավորի պաշտոնից պատվավոր հանգստի անցնելս մի քանի տարի եղել եմ հատուկ կարեւորագույն գործերով քննիչ, Մոսկվայի դատախազության մարմիններում քննության վերահսկողության գծով դատախազ, ՌԴ գլխավոր դատախազից ունեմ անձնական շնորհակալագիր: Հավաստիացնում եմ, որ այն տվում է ամենեւին էլ ոչ անպատասխանատվության կամ դեմագոգիկ շատախոսության համար»: Փաստաբան Յունոշեւը նաեւ հայտարարել է, որ նկատի ունենալով շշուկների ու բամբասանքների ահռելի քանակը, որոնք տիրաժավորվում են որոշ ԶԼՄ-ներով, պատրաստակամ է ներկայանալ ՀՀ որեւէ հեռուստակայան ու ուղիղ եթերում պատասխանել հաղորդավարների եւ հեռուստադիտողների ցանկացած հարցերի: Օ.Յունոշեւի հայտարարությանը, թերեւս, կարելի է հավելել, որ ի տարբերություն Ռ.Քոչարյանի, ռուս փաստաբանի ՌԴ քաղաքացի լինելու հանգամանքը որեւէ մեկը դժվար թե կասկածի տակ առնի: Մյուս կողմից, կարծում ենք, գործող նախագահի կողմից պարկեշտ չէ խոսել այլ երկրի քաղաքացու կողմից մեր երկրի վրա թքած ունենալ-չունենալու մասին, երբ 98-ից ի վեր ՀՀ նախագահի պաշտոնի համար հավակնություններ ունենալով՝ ինքն է պարբերաբար թքել մեր երկրի, նրա Սահմանադրության եւ օրենքների վրա՝ մասնավորապես ՀՀ Հիմնական օրենքի կոպիտ խախտմամբ՝ արդեն երկրորդ անգամ առաջադրվելով ՀՀ նախագահի թեկնածու: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել