Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սեփական առաջարկներով

Հունվար 22,2003 00:00

Սեփական առաջարկներով Ընթացիկ տարվա մայիսին Կիեւում տեղի է ունենալու «Արեւելք-Արեւմուտք էկոլոգիական համագործակցություն. էկոլոգիական ռազմավարություն, Արեւելյան Եվրոպայի, Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի համար 21-րդ դարի առաջին տասնամյակում» փաստաթղթի քննարկումը եւ հաստատումը։ Այն երեկ քննարկվեց ազգային սեմինարում։ Ողջույնի խոսքում Հանուն կայուն զարգացման ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը նշեց, որ եվրոպական կառույցները դեռեւս 1992-ին գիտակցել էին, որ Հայաստանում ջրային ռեսուրսների վիճակն աղետալի է, բայց քանի որ համանման վիճակ էր նաեւ Սլովակիայում, Չեխիայում, ուստի Հայաստանը մնաց սպասող։ «Այժմ եկել է մեզ օգնելու հերթը»,- տեղեկացրեց տիկին Դանիելյանը։ ՀՀ բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանն էլ հավելեց, թե մենք կիեւյան քննարկմանը կգնանք փաստաթուղթը ուսումնասիրած, սեփական առաջարկներով ու դիտողություններով։ Իսկ ահա ՀՀ ԱԺ առողջապահության, բնապահպանության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Թադեւոսյանը միակն էր, որ քննարկվող փաստաթղթին անդրադարձավ մանրամասն եւ ըստ էության։ Նրա կարծիքով, էկոլոգիայի բնագավառի օրենսդրական դաշտը Հայաստանում բավականին կայացել է. ընդունվել են Ջրային օրենսգիրքը, Սեւանի մասին օրենքը, Անապատացման դեմ պայքարի ազգային ծրագիրը, այլ իրավական ակտեր։ Սակայն եղածով բավարարվել չի կարելի. «Երբ յուրաքանչյուրը գիտակցի, որ պետք չէ պատերազմ հայտարարել բնությանը եւ հաղթարշավ սկսել, այլ բանական եւ արդյունավետ օգտագործել այն՝ շատ խնդիրներ կլուծվեն բնականոն, անգամ առանց պետության միջամտության»։ Գագիկ Թադեւոսյանը Հայաստանի համար կենսական է համարում փաստաթղթով ենթադրվող վտանգավոր թափոնների կառավարումը (վերջին տարիներին անվերահսկելի է եղել քիմիական արտադրությունը, պարարտանյութերի եւ դեղորայքի ներմուծումը), անապատացման դեմ պայքարը (Հայաստանում անապատացման դեմ պայքարի ծրագրով կներդրվի մոտ 2 մլն ԱՄՆ դոլար։ 1991-95թթ. Սեւանից էներգետիկ նպատակներով բաց է թողնվել 1,3 մլրդ խմ ջուր, Սեւանը սկսել է ճահճանալ, խմելու ջրի շատ աղբյուրներ ցամաքել են։ Այսօր չի օգտագործվում վարելահողերի 45%-ը, անտառային ծածկույթը 11%-ից նվազել է 7, տեղ-տեղ՝ 4%-ի, արդյունահանվող ընդերքը մոտ 5000 հա բերրի հող է ծածկում), էներգետիկայի ոլորտը։ Կարինե Դանիելյանն ու Գագիկ Թադեւոսյանը համակարծիք էին, որ փաստաթղթում պետք է ընդհանուր լինեն սկզբունքները, իսկ առանձին երկրների համար պետք է մշակվեն իրականացման առանձին մեխանիզմներ՝ կախված ոչ միայն երկրի աշխարհագրական, այլ նաեւ սոցիալ-տնտեսական վիճակից։ Եվ երկրորդ. խմելու ջրի ներկայացված կոմերցիոն սկզբունքը Հայաստանի համար ընդունելի չէ, քանի որ «բնակչության առնվազն 50%-ը աղքատության եզրին է կամ դրանից ցածր»։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել