Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՒԶՈՒՄ ԵՆ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Հունվար 22,2003 00:00

ՈՒԶՈՒՄ ԵՆ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ 2002 թվականը Հայաստանի ծանրորդների համար անհաջող էր։ Նրանք միջազգային մրցահարթակներում ոչ մի մեդալ չնվաճեցին։ Նման բան թերեւս երբեք չէր եղել։ Ինչպիսի՞ն կլինի 2003-ը՝ նախաօլիմպիական տարին։ Միանշանակ դժվար է պատասխանել, բայց, ինչպես երեւում է, այս ոլորտում լուրջ հետեւություններ են արել։ Համենայնդեպս, հունվարի սկզբներից ծանրամարտի Հայաստանի ազգային եւ երիտասարդական հավաքականները ուսումնամարզական հավաք են անցկացնում Արարատ քաղաքի «Այգ» մարզահամալիրում։ Հավաքի ավարտին այցելեցինք նրանց, ներկա եղանք մարզումներին եւ օգտվելով առիթից, զրուցեցինք հանրապետական ֆեդերացիայի նախագահ եւ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Օգսեն Միրզոյանի հետ։ – Սա մեր անդրանիկ հավաքն է այս տարի,- ասաց նա։- Այս մրցաշրջանը մեզ համար ծանր, հագեցած ու նաեւ անչափ կարեւոր է լինելու։ Ունենք մի ամբողջ շարք պատասխանատու մեկնարկներ, որոնց նախապատրաստվել ենք ամենայն լրջությամբ։ Կազմված է անելիքների հստակ ծրագիր, որն իրականացնում ենք քայլ առ քայլ։ Հրավիրել ենք երիտասարդական եւ ազգային հավաքականների 22 թեկնածուների։ Նրանց հետ աշխատում է 7 մարզիչ։ Դա շատ կարեւոր է աշխատանքները լիարժեք ու նպատակային անցկացնելու առումով։ Այս տարի ունենք միջազգային հինգ կարեւորագույն մրցում՝ Եվրոպայի (պատանիներ, երիտասարդներ եւ մեծահասակներ) եւ աշխարհի (երիտասարդներ եւ մեծահասակներ) առաջնությունները, իսկ մինչ այդ նախապատրաստվում ենք Հայաստանի մեծահասակների առաջնությանը, որը կսկսվի փետրվարի 7-ին։ Հենց դրա արդյունքներով էլ կազմվելու են հավաքականները։ Ազգային հավաքականով նպատակ ունենք ունենալու 8 ծանրորդից կազմված լիարժեք թիմ։ – Այսինքն, ցանկություն կա յուրաքանչյուր քաշային կարգում ունենալ մեկ ծանրորդ։ – Դա այնքան էլ կարեւոր չէ։ Կա նաեւ այլ տարբերակ. մեր ուժեղ քաշային կարգերում ունենալ երկուական մարզիկ։ – Ասացիք, որ տարին հագեցած է լինելու։ Վարկանիշային մրցումները շա՞տ են։ Եվ, ընդհանրապես, քանի՞ օլիմպիոնիկ ունենալու հույս կա։ – Մեզ համար վարկանիշայինը Կանադայում կայանալիք աշխարհի առաջնությունն է, որտեղ պայքարելու ենք թիմային ուղեգիր նվաճելու համար, որն էլ հենց 8 հոգով մասնակցելու իրավունք է ենթադրում։ – Իսկ այս տարվա առաջին մեկնարկը ե՞րբ է լինելու։ – Փետրվարին, Հայաստանի առաջնությունում, որին հաջորդելու է ապրիլի 12-ին Եվրոպայի առաջնությունը՝ Հունաստանում։ – Ժամկետները շատ սուղ են։ Մարզիկները կհասցնե՞ն լիարժեք նախապատրաստվել դրանց ու մրցումների ներկայանալ լավ մարզավիճակում։ – Հենց այդ ուղղությամբ էլ աշխատում ենք։ Այս հավաքը հիմնականում նվիրել ենք ֆիզիկական պատրաստվածության բարելավմանը։ Բոլոր մարզիչները ծանրորդների հետ աշխատում են նաեւ անհատապես։ – Ֆիզիկականը շատ կարեւոր է, բայց ծանրամարտում վճռորոշ է նաեւ տեխնիկական պատրաստվածությունը։ Հավաքի հրավիրվածները համապատասխանո՞ւմ են ձեր պահանջներին։ – Ավաղ, կան տղաներ, որոնց հետ ստիպված ենք աշխատել նաեւ այդ ուղղությամբ՝ շտկել, հղկել նրանց տեխնիկան, սովորեցնել ծանրաձողի հետ ճիշտ աշխատել։ Դա լրացուցիչ ժամանակ է խլում ու խանգարում է մարզումներն ավելի արդյունավետ ու նպատակասլաց կազմակերպելուն։ Ըստ էության, հարկադրված ենք լինում անել այն, ինչ պետք է տեղում կատարեր անձնական մարզիչը։ – Տպավորությունն այնպիսին է, որ տղաները հաճույքով են կատարում ձեր հանձնարարությունները, գիտակցում են պատասխանատվության աստիճանը, սակայն մարզասերներին շարունակում է մտահոգել ծանրորդների «մաքրության խնդիրը»։ – Այդ խնդիրն ավելի շատ մտահոգում է մեզ՝ մարզաձեւի պատասխանատուներին։ Դոպինգի դեմ խստագույն պայքար ենք սկսել դեռ անցած տարվանից։ Դա շարունակվելու է նաեւ այս տարի ու նույն խստությամբ։ Դա Ազգային օլիմպիական կոմիտեի ամենօրյա հոգածության ոլորտն է։ Մենք պիտի վստահ լինենք, որ հավաքականի ամեն մի թեկնածու մաքուր է։ Հակառակ դեպքում, մեզ կարող է սպառնալ նույն որակազրկումը, բայց ավելի խիստ պայմաններով։ – Որքան հիշում եմ, Արսեն Մելիքյանի որակազրկման ժամկետը լրանում է այս տարի… – Այո, նոյեմբերի 7-ին։ Դրանից հետո նա կարող է մասնակցել Կանադայում մեկնարկող աշխարհի առաջնությանը։ Հիմա Արսենը մեզ հետ է։ Ճիշտ է, առայժմ նա հեռու է լավագույն մարզավիճակից (2 տարի որեւէ մրցման չմասնակցելը իր բացասական դերը կատարել է)։ Բայց Արսենը գործին մոտենում է ամենայն լրջությամբ եւ մտադիր է իր խոսքն ասել աշխարհի առաջնությունում, ինչպես նաեւ գալիք օլիմպիական խաղերում։ – Աշխարհի վերջին առաջնությունում մեր մարզիկների ձախողումները վերագրեցիք վնասվածքներին։ Հիմա այդպիսի խնդիր ունե՞ք։ – Միակ շատ թե քիչ լուրջ վնասվածքը Տիգրան Քամալյանինն է, որը դեռ աշխարհի առաջնությունից հետո լրիվ չի բուժել ուսահոդը։ Մյուսները, ընդհանուր առմամբ, նորմալ են, կան թեթեւ վնասվածք ունեցողներ, որն անխուսափելի է մեր մարզաձեւում։ Հուսանք, որ այս տարի նման խնդիրները մեզ չեն հետապնդի։ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել