Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իմ տաբուն քո տաբուն է

Հունվար 22,2003 00:00

Իմ տաբուն քո տաբուն է «Այն, ինչը ես չեմ գրում իմ երկրի մասին, ելնելով պետության անվտանգության շահերից, չպետք է գրի նաեւ այլ երկրի լրագրողը»,- երեկ իր ելույթում նշեց Կովկասյան ԶԼՄ-ների ինստիտուտի պրոռեկտոր Ալեքսանդր Իսկանդարյանը։ Բանախոսի ունկնդիրները Անգլիայում «Ջոն Սմիթ» փոխանակման ծրագրով վերապատրաստված ԱՊՀ վեց երկրների ներկայացուցիչներն էին։ Նրանք Երեւանում են հունվարի 18-ից եւ զանազան թեմաներով կլոր սեղանների շուրջ փորձում են ի մի բերել իրենց սովորածը, տեսածն ու լսածը։ Նշենք, որ «Ջոն Սմիթ» ծրագրով վերապատրաստվում են հիմնականում պետական կառավարման համակարգի եւ համապատասխան հարցերով ՀԿ-ների անդամներ։ Կլոր սեղանի իմ հարեւանն, օրինակ, Ուկրաինայի Ռադայի պատգամավորի օգնական-գործավար էր, իր ասելով՝ բավականին թարմացրել էր ունեցած գիտելիքներն իր աշխատանքի մասին եւ պատրաստվում էր դրանք կիսել գործընկերների հետ։ Երեւանում հյուրերն արդեն հանդիպել են մի շարք կուսակցական ու պետական գործիչների հետ, իսկ երեկվա ամփոփիչ քննարկման թեման էր «Մամուլի դերը ժողովրդավարության զարգացման գործում»։ Ըստ մեր միակ զեկուցողի, հայաստանյան մամուլը դեռեւս էական ազդեցություն չունի այդ գործում, քանի որ «շատ թույլ է որակով ու քանակով»։ Այսինքն 100 դրամ միջին արժողության թերթերը դեռեւս հասու չեն ժողովրդի լայն զանգվածներին։ Որն էլ էժան է՝ որակն է ցածր։ Ա. Իսկանդարյանը հակիրճ ներկայացրեց «դեմոկրատական մամուլի» իր պատկերացումները։ Ըստ նրա, այդպիսին էր ռուսական մամուլը 80-ականների կեսերից մինչեւ 90-ականների սկիզբը։ Հետո այն կոռումպացվեց, ի հայտ եկան «խակ» ու ոչ մասնագետ լրագրողներ, եւ ռուսական մամուլը կորցրեց իր բարձրարժեք դիմագիծը։ Իսկ ընդհանրապես այսօր չկա ժողովրդավարական մամուլի որոշակի մոդել ողջ ԱՊՀ տարածքում։ Մի տեղում կարելի է վատաբանել նախագահին, մի ուրիշ տեղում՝ ոչ, մի երկրում ողջ մամուլն իշխանությունների ճնշման տակ է, մի այլ երկրում՝ ազատ են դրանից եւ այլն։ Ինչ վերաբերում է ժուռնալիստական էթիկային, ապա այս դաշտում նույն վիճակն է։ Հայաստանում որոշակի կանոններ մշակվել եւ գործում են, բայց մինչ այդ էլ աշխատում էր լրագրողի ներքին էթիկան։ «Մեզ մոտ, օրինակ, վատը չէր ասվում (կամ գրեթե չէր ասվում) եկեղեցու մասին, քանի որ ավանդաբար եկեղեցին հայերիս համար սրբություն է։ Այդպիսի ներքին արգելք կա նաեւ բանակի հանդեպ, ինչն էլ բացատրվում է պետական անվտանգության շահերով»,- կարծում է բանախոսը։ ՌԴ-ում հատուկ արգելք դրվեց Չեչնիայի իրադարձությունների անկախ-ազատ լուսաբանման դեմ եւ դա միակ պետական «տաբուի» դեպքն է ողջ ԱՊՀ տարածքի համար։ Ասել է թե՝ թեմաների լուսաբանման հարցում լրագրողն ազատ է բացարձակապես (բացի Չեչնիայից), մնում է պահպանել լրագրողական էթիկան ընդհանրապես եւ երկրիդ շահերն ու հասարակության պահանջը՝ մասնավորապես։ Անդրադառնալով էլեկտրոնային մամուլին, պրն Իսկանդարյանը նշեց, որ այն գնալով մեծ զարգացում է ապրում։ Մասնակիցներից մեկը, կասկածելով, որ նման «թափի դեպքում էլեկտրոնայինը «կուլ կտա» տպագիր մամուլին՝ ասաց. «արժե՞ էլ գրել»։ «Արժե, արժե, գյուղերում դեռ ինտերնետ չունեն»,- պատասխանեց բանախոսը։ Եթե խոսքը մեր գյուղերին է վերաբերում՝ ապա մերոնք նույնիսկ տպագիր մամուլ չեն ստանում։ Այնպես որ, մենք զարգանալու դեռ շատ տեղ ունենք։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել