Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԿՏՈՐ ԹՂԹԻ» ՉԱՐԺԱՆԱՑԱՎ

Հունվար 22,2003 00:00

«ԿՏՈՐ ԹՂԹԻ» ՉԱՐԺԱՆԱՑԱՎ «Եթե ես եմ այն համեստ գինը, որ պետք է վճարվի Հայաստանի Հանրապետությունը, մեր Սահմանադրությունն ու մեր օրենքները՝ նախագահի օրինականությունն ապահովելու համար, ապա արժե վճարել թեկուզ 7 անգամ»,- վերաքննիչ դատարանի հայտնի վճռից հետո հայտարարել էր Րաֆֆի Հովհաննիսյանը։ Իսկ նրա մորը՝ Վարդիթեր Հովհաննիսյանին դատարանի վճռից առավել (որը նրա համար սպասելի էր) վրդովեցրել է որդու շուրջ ստեղծված մթնոլորտը եւ նրան ոչ յուրային համարելը։ Այն դեպքում, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը 1988-ի ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո թողել է ամեն ինչ ու հաստատվել Հայաստանում՝ հարուցելով շատ շատերի զարմանքը։ «Օգնել է հասարակության այն խավերին, որոնք հաճախ դուրս են մնում իշխանությունների ուշադրությունից։ Թեեւ ուրիշների նման աղմուկ չի հանել, բայց միշտ իր ժողովրդի հետ է եղել եւ, իմիջիայլոց, ինքն էլ է «ճաշակել» Ղարաբաղի խրամատները»,- ասում է տիկին Վարդիթերը։ Եվ մի՞թե նշանակություն ունի՝ հայը ծնվել է Ղարաբաղո՞ւմ, թե՞ ԱՄՆ-ում, չէ՞ որ կարեւորը հայեցի դաստիարակությունն է եւ հայի ոգին իր մեջ կրելը։ Ու պատահական չէ, որ Րաֆֆին զավակներին Կարին, Տարոն, Վան, Շուշի ու Արմեն անուններով է կոչել, մեկ հատիկ դստերը՝ Շուշիին, Շուշիում մկրտել, իսկ Տարոնին՝ Ախուրյանում։ Նրանց հետ էլ հույսեր է կապել. երազ ուներ՝ անկախ Հայաստանը տեսնել հզոր ու բարգավաճ։ Տիկին Վարդիթերը հիշում է, որ դեռեւս դպրոցական եւ ուսանողական տարիներից որդին ակտիվ էր, ամենուր բոլորին փորձում էր «ներարկել Հայոց դատը», հետաքրքրվում էր Հայաստանի անցյալով ու մի պատառ փրկված Հայաստանով։ Համալսարանական տարիներին հիմնել էր հայ ուսանողական միություններ, որոնց հավաքներին մշտապես հրավիրվում էին բարձրաստիճան ամերիկացիներ։ Րաֆֆին փորձում էր ազգությամբ ոչ հայերի համար էլ լսելի ու ընկալելի դարձնել հայի պատմությունը, ցավը, իղձերը։ Ժամանակին Վարդիթեր մայրիկին չի զարմացրել որդու՝ Հայաստանում հաստատվելու որոշումը, քանի որ ինքն էլ առաջիններից էր, որ եկավ Հայաստան՝ դեկտեմբերի 16-ին, այն օդանավով, որ փրկարարներ էր տեղափոխում։ Եկավ ու լծվեց աշխատանքի։ Ամերիկյան բժիշկների ու աղետի հետեւանքների վերացման գծով մասնագետների հետ եղավ Սպիտակում, Գյումրիում, Նալբանդում, օգտակար եղավ՝ իբրեւ բժիշկ եւ թարգմանիչ։ Ինքը՝ տիկին Վարդիթերը, կարնեցու զավակ է, որ «արդյունքն է 1915 թ.-ի, գլխովն է՛լ Ստալին է անցել, է՛լ Հիտլեր» (ծնվել է Խարկովում), սակայն միշտ ապրել է երկու կատարների՝ Արարատի սիմվոլի ներշնչանքով։ Վարդիթեր Հովհաննիսյանի մեջ հատկապես տպավորվել է 88-ի դեկտեմբերը. «Արմենիա» հյուրանոցի նախասրահում հավաքվել էին մեր երկրին օգնության ձեռք մեկնած արտասահմանյան պետությունների ներկայացուցիչներ, ու գիշերվա անդորրը խախտվում էր տանկերի դղրդացուցիչ աղմուկով։ Այսօր նույն աղմուկը նա լսում է եթերից, հայտնի դատավարության ոչ օբյեկտիվ լուսաբանումների ժամանակ։ Ցավում է, որ փորձում են որդու՝ Հայաստանի քաղաքացի դառնալու պահանջը շահարկել։ Ի դեպ, Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանում Ր. Հովհաննիսյանն իզուր չէր ասել. «Ամոթ է մեզ, մեր անցյալն ու ներկան ունեցող երկրին, հային ու հայաստանցուն, որ այս հայցով դատական նման նախադեպի կարիքը լինի»։ Տիկին Վարդիթերը հպարտ է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի մայրն է ու Ռիչարդ Հովհաննիսյանի կինը։ Գտնում է, որ Րաֆֆին այլեւս ժողովրդինն է ու կախում ունի միայն նրանից, ինչի ապացույցն են Ռազմավարական կենտրոնում հնչող բազմաթիվ հեռախոսազանգերն ու ստացվող հարյուրավոր նամակները։ Նա զարմացած է, որ «այս պետության մեջ ընդամենը հանդուրժում են նման կենտրոնի գոյությունը, այն դեպքում, երբ ուրիշները «կգուրգուրեին այն», քանի որ վերջինս լայն կապեր ունի արտասահմանյան երկրների նմանօրինակ կառույցների հետ։ Հաճախ Ռազմավարական կենտրոնը ստանում է օգնություն հայցող այնպիսի նամակներ ու հեռախոսազանգեր, որոնցով ի պաշտոնե պիտի զբաղվեր այս կամ այն գերատեսչությունը։ Իսկ կարիքավորներն այնքան շատ են, որ հաճախ հարկ է լինում, որ Ռազմավարական կենտրոնի կոնկրետ աշխատակից զբաղվի նրանցով, այն դեպքում, երբ այդ հիմնարկը զուտ գիտական գործունեության ծավալման տեղ է։ Շարունակ գիտաշխատողին հիշեցվում է երկրի այս 14-ամյա տխուր սոցիալ-տնտեսական վիճակը, որի պատասխանը պիտի ստացվեր պետական կառույցներից (սոցապ, առողջապահության եւ նույնիսկ պաշտպանության նախարարություն)։ Ասելիք շատ ուներ Վարդիթեր մայրիկը, սակայն չկամեցավ փակագծերը բացել. գուցե նորից գտնվի «պերճախոս» մեկը ու իր բոլոր ասածները սուտ որակի կամ էլ ԳԱԱ-ի որեւէ պատմաբան եթերից դարձյալ խորհուրդ տա իրեն՝ ողջ կյանքը պատմաբանի հետ անցկացրած ու նրա հետ բոլոր արխիվները մտած- դուրս եկած տիկնոջը, հեռվից նայել այս ամենին կամ եւս 5-10 տարի սպասել՝ համապատասխան եզրակացություն անելու համար։ «Հնարավորություններս սահմանափակ են, իսկ զավակս կտոր թղթի չարժանացավ, երբ պիտի՛ արժանանար,- մեր զրույցի վերջում ասաց նա, հետո էլ հավելեց,- կուսակցությունների հետ չեմ կարող կռվել, ոչ էլ կարգերի հետ, թեեւ դրանք շատ թափանցիկ են»։ Կուզենար միայն, որ չանպատվեին Րաֆֆիին՝ ազնիվ ու նվիրյալ մարդուն ու «ժանգռոտ թրով չխոցեին նրա սիրտը», մանավանդ որ մինչ օրս նա տալիս է ու ոչինչ չի վերցնում։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ Նկարում՝ Ռիչարդ եւ Վարդիթեր Հովհաննիսյանները թոռների հետ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել