Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՍՔ ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հունվար 22,2003 00:00

ԱՍՔ ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Ժամանակ առ ժամանակ «Զեյթուն» ուսավանի 8-րդ մասնաշենքը դառնում է կռվախնձոր Երեւանի բժշկական համալսարանի եւ Քանաքեռ-Զեյթուն թաղապետարանի միջեւ։ Առաջինն ուզում է վերանորոգել շենքն ու օգտագործել իր կարիքավոր ուսանողների (եւ ոչ միայն) համար՝ որպես հանրակացարան։ Երկրորդն, ընդհակառակը, որպես մշտական բնակտարածք՝ շենքը տրամադրելու է տեղի բնակիչներին, ինչպես նաեւ՝ համայնքի բնակարանային պահանջ ունեցող անապահովներին։ Հիշեցնենք, որ շուրջ 10 տարի է, ինչ պայմանագրային հիմունքներով շենքում բնակվում է շուրջ 120 ընտանիք։ Հասկանալի է, որ հանրակացարանային բնակիչներ նրանք դարձել են այդ տարիների ընթացքում եւ՝ ոչ լավ օրից։ Շենքի կոմունալ պայմանները հեռու են քիչ թե շատ նորմալ համարվելուց, բայց ի՞նչ արած։ 18 քմ սենյակից զրկվելը յուրաքանչյուրի համար նշանակում է հայտնվել փողոցում։ Նկատենք, որ սենյակների կես մասը զբաղեցնում են 1-3 անչափահաս երեխաներով ընտանիքներ։ Բնակիչների գրեթե 1/3-ը ստանում է աղքատության ընտանեկան նպաստ։ Հասկանալի է, որ նման իրավիճակում գտնվող շինության համար ում ախորժակն էլ «գրգռվի»՝ մեծ ռիսկի հետ կապված գործ է։ Սակայն վերջին չորս տարիներին Երեւանի պետական բժշկական համալսարանը (ինչ-որ ժամանակ նաեւ՝ Երեւանի պետական համալսարանը) մեծ ցանկություն է դրսեւորում սեփականացնելու մասնաշենքն այնպես, ինչպես արդեն սեփականացրել է հարեւան 7-րդ մասնաշենքը։ Այն է՝ կրթության եւ գիտության նախարարության հաշվեկշռից տեղափոխել իր հաշվեկշիռ։ Հիշյալ ցանկությունն արդեն մի քանի անգամ բնակիչներին է հասել անհայտ մարդկանցից օդի մեջ հնչած լուրերի տեսքով։ Ահ ու սարսափի մեջ ընկած հանրակացարանաբնակները մի քանի ազդեցիկ շենքերի առջեւ ցույց արեցին՝ հին ու ընդունված ձեւ, որի օգնությամբ, թե առանց, հասան մեկամյա խաղաղության։ Մի քանի օր առաջ կրկին անդորրը խախտվեց։ Այժմ էլ «մինչեւ այսինչ օրը դուրս եկեք շենքից» սպառնալիք-պահանջին ավելացել էր նաեւ առաջարկ՝ «ով մինչեւ մարտի 1-ը ինքնակամ ազատի սենյակը, կստանա 500$ գումար, եթե ոչ՝ բռնի ուժով կհանենք»։ Ասացին, որ առաջարկողը ուսավանի փոխկառավարիչն էր, բայց խոսում էր բժշկական համալսարանի անունից։ Վերջինս իր բանբերին ուղարկել էր առանց գրավոր պայմանագրի կամ հայտարարության։ Կատարվածի պարզաբանման համար դիմեցինք նախ ԿԳ նախարարություն։ Պատասխանը բավականին զգուշավոր էր ու երկիմաստ. «Ուսավանի 8-րդ մասնաշենքի համար մեզ դիմել է ԵՊԲՀ-ն, մենք զգուշացրել ենք, որ եթե կարող եք հարցը լուծել առանց բնակիչներին նեղացնելու՝ դեմ չենք։ Սակայն նախարարությունում հարցը դեռ քննարկման փուլում է»։ Համալսարանի վարչատնտեսական գծով պրոռեկտոր Գեորգի Պողոսյանի պատասխանն առավել «լուսավորիչ» ու ամփոփիչ էր. «Այդ որոշման նախագիծը կառավարությունում է, դեռ հայտնի չէ երբ կընդունվի, այնպես որ, շենքը բնակիչներից ազատելու ժամկետը նույնպես դեռ խոսակցություն է։ Ինչ վերաբերում է 500$-ով փոխհատուցմանը, ապա դա մեր գիտխորհրդի որոշումն է՝ որպես մարդկային քայլ ու բարի կամքի դրսեւորում։ Մենք ուսավանի կառավարչությանը խնդրել ենք առայժմ տեղեկացնել՝ արձագանքներն ուսումնասիրելու եւ վերջնական ճիշտ որոշում ընդունելու նպատակով։ Երբ կգա ժամանակն ու մենք կդառնանք սեփականատեր՝ նոր կարելի է հանդես գալ կոնկրետ պայմանագրով»։ Պարոն Պողոսյանն ավելացրեց նաեւ, որ շենքը իրենց պետք է՝ գնալով շատացող արտասահմանցի ուսանողներին բնակատեղի ապահովելու համար։ Այս խմորը դեռ շատ ջուր կվերցնի երեք կողմերից էլ՝ նախարարություն-համալսարան- բնակիչներ։ Սպասենք դեպքերի զարգացմանը։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել