Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վտանգավոր խաղեր

Հունվար 22,2003 00:00

Վտանգավոր խաղեր Հունվարի 20-ին ՀՀ Գլխավոր դատախազության այս հաղորդագրությունը տարածվեց բոլոր ԶԼՄ-ներում Իսկ հաղորդագրությունում մասնավորապես ասված է. «Հոկտեմբերի 27»-ի գործով տուժողի իրավահաջորդի շահերի պաշտպան Օլեգ Յունոշեւի կողմից այդ եւ Տիգրան Նաղդալյանի սպանության դեպքերով ս/թ հունվարի 14-ին եւ 17-ին հրավիրված ասուլիսներում արված հայտարարությունների առնչությամբ նա կանչվել է ՀՀ Գլխավոր դատախազություն եւ տվել բացատրություններ։ Պարզվել է, որ նրա կողմից արված հայտարարությունների նշանակությունը որոշ լրատվամիջոցներ ուռճացրել են՝ մեկնաբանելով միակողմանի եւ ոչ օբյեկտիվ, դրանց տվել սենսացիոն բնույթ։ Իրականում Օ. Յունոշեւի հայտարարությունները հիշյալ դեպքերով, իր իսկ վկայությամբ, այլ բան չեն, քան նրա անձնական տեսակետները՝ հիմնված ենթադրությունների վրա։ Այսպես՝ «Հոկտեմբերի 27»-ի դեպքով նախաքննությանը մասնակցած եւ հանրապետության բարձրաստիճան պաշտոնատար անձանց մեղսակցության վերաբերյալ տեղեկությունների տիրապետող 5 օպերատիվ աշխատակիցների «խորհրդավոր հանգամանքներում մահվան» մասին իր հայտարարությունն Օ. Յունոշեւը չի կարողացել փաստարկել՝ վկայակոչել նրանց անուններն ու մահվան հանգամանքները։ Որեւէ փաստարկ Օ. Յունոշեւը չի կարողացել ներկայացնել նաեւ Տ. Նաղդալյանի կողմից ռուսական լրատվամիջոցներին որպես ընդդիմադիր թղթակից ներկայանալու եւ, այսպես կոչված՝ հակաիշխանական ինչ-որ տեսաժապավեն հանձնելու վերաբերյալ արած հայտարարությունը հիմնավորելու ուղղությամբ։ Նմանատիպ պատասխաններ է տվել նաեւ ասուլիսներում արած այլ հայտարարությունների առնչությամբ, որոնք ապացուցողական նշանակություն չունեն։ Օ. Յունոշեւը, օրենքով սահմանված կարգով, գրավոր նախազգուշացվել է ՀՀ օրենքների խախտման անթույլատրելիության մասին»։ Մեր աղբյուրները, սակայն, հավաստիացնում են, թե հիշյալ հաղորդագրության բովանդակությունն իրականությանը չի համապատասխանում նաեւ փաստաբան Օ.Յունոշեւին, իբր, գրավոր ներկայացված նախազգուշացման մասով: Միաժամանակ փաստաբանն ու նրա վստահորդը, մեր տեղեկությունների համաձայն, մտադիր են արդեն փաստարկված արձագանքել Գլխավոր դատախազության այս հայտարարությանը: Հուսով ենք, որ «Հոկտեմբերի 27»-ի գործով դատավոր Ս.Ուզունյանի հիվանդության պատճառը կապված չէ փաստաբան Յունոշեւի սույն հայտարարությունների հետ: Իսկ ահա նախագահի թեկնածու Ռ. Քոչարյանի ինքնատիպ ու ջղաձիգ արձագանքը փաստաբանի բացահայտումների առնչությամբ, ամենաքիչը, անհասկանալի է: Ի վերջո, փաստաբանը «27»-ի կազմակերպմանն առնչվող ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների կոնկրետ անուններ դեռ չի տվել: Ինչո՞ւ է Ռ.Քոչարյանը նյարդայնանում եւ պատկան մարմիններին փաստաբանի մատնանշած հարցադրումները ստուգելու հանձնարարականներ տալու փոխարեն՝ շարունակում կարծել, թե Հունանյանի հանցախմբի թիկունքում կազմակերպիչներ չեն եղել: Թերեւս, «խառնակիչ» Յունոշեւը «27»-ը պարտակողների համար դարձել է խիստ վտանգավոր: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել