Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍՐԱՆՔ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՃԳՆԱԺԱՄԻ ՆՇԱՆՆԵՐ ԵՆ

Հունվար 22,2003 00:00

ՍՐԱՆՔ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՃԳՆԱԺԱՄԻ ՆՇԱՆՆԵՐ ԵՆ «Հանրապետությունում էներգետիկայի հետ կապված խնդիր գոյություն չունի» պաշտոնական հավաստիացումը մեկ շաբաթում վերածվեց «էներգետիկայի հետ կապված լուրջ խնդիր չկա» պնդման։ Խնդիրն այն է, որ այդ «խնդրի բացակայությունն» արդեն իրեն զգացնել է տալիս ամեն քայլափոխի, բայց՝ հակառակ իմաստով։ Նախ հանրապետության տարածքում (ներառյալ մայրաքաղաքը) շարունակում են էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումները, որոնց ընթացքում շարքային սպառողին քիչ է հետաքրքրում այն փաստը, որ «բավականաչափ էլեկտրաէներգիա է արտադրվում հանրապետությունում եւ որ անգամ Վրաստանին ենք վաճառում»։ Թող պատկան մարմինները բարի լինեն ԲԷՑ-երի նոր սեփականատերերից պահանջել թարմացնել մալուխները, որոնց մաշվածության եւ լարվածության անհամապատասխանության պատճառով էլ, ըստ պաշտոնական վարկածի, տեղի են ունենում վթարները։ Իսկ Ռուսաստանից Հայաստան եկող գազամուղի պայթեցումը (նաեւ երկրորդի՝ պահեստայինի) հանրապետությունում լուրջ պրոբլեմ է ստեղծել եւ շղթայական ռեակցիայի նման ազդում է տնտեսության մի շարք հատվածների վրա։ Այսպիսով, բնակչությունը, որն առայժմ բնական գազ է ստանում, ժամանակ առ ժամանակ գազի փականն անօգուտ է պտտում՝ գազի մատակարարման ընդհատումների պատճառով։ Իսկ մայրաքաղաքի երթուղային տաքսիները, որոնց վրա է ուղեւորափոխադրումների ծանրաբեռնվածությունը, երեկ ձեռնունայն էին վերադարձել գազալցակայաններից։ Սրա հետեւանքով երթուղային տաքսիների մեծ մասը երթուղի դուրս չի եկել։ Օրինակ, 40 րոպեում ընդամենը 3 հատ 22 համարի երթուղային տաքսի անցավ, որոնք, անգամ 5 րոպեն մեկ աշխատելու պարագայում էլ, ծանրաբեռնված են լինում մինչեւ 20-22 ուղեւորով։ Նույն վիճակն է քաղաքի ողջ տարածքում։ Սրա հետեւանքով էլ կանգառներում ուղեւորներ են կուտակվում, եղած երթուղային տաքսիներն էլ գերծանրաբեռնված են աշխատում։ Իսկ սա՝ անվտանգության հետ կապված խնդիրներ է առաջացնում։ Նույն պատճառով կտրուկ մեծացել է դիզվառելիքի եւ բենզինի պահանջարկը, որն առայժմ բավականացնում է, բայց հայտնի չէ, թե վառելիքի այս տեսակները ներկրողներն ինչքան ժամանակի համար պաշար ունեն։ Երթուղային տաքսիների այս վիճակը հանգեցրել է տաքսիների պահանջարկի փոքր-ինչ մեծացման։ Տաքսի ծառայություններն իրենց հերթին են վնասներ կրում՝ «մինուսով աշխատելու» պատճառով։ Հայտնի է, որ այս ընկերությունների մեքենաների մեծ մասն էլ է գազով աշխատում։ Սակայն «Ֆրանս-պարկն», օրինակ, այդ խնդիրը չունի, որովհետեւ, ինչպես տեղեկացանք մենեջերից, մինչ այս էլ բենզինով էր աշխատում։ «Սամահար» եւ «Տանտա» տաքսի ծառայություններն այժմ ստիպված են էժան գազի փոխարեն իրենց մեքենաները թանկ բենզինով լիցքավորել, ինչի հետեւանքով առաջինի տերերն այժմ համաձայնել են վարորդների շահույթից տոկոսներ չգանձել, որովհետեւ հասկանում են, որ «վարորդների համար շատ դժվար է՝ բենզինը թանկ է»։ Երկրորդը՝ ըմբռնումով է մոտենում եւ որովհետեւ «երկիրը մերն է, ու դժվարությունն առավելագույնը 4-5 օր կտեւի, հարմարվում են, թեկուզ մինուսով են աշխատում»։ Այս երկու տաքսի ծառայություններն էլ որոշել են այս պայմաններում շարունակել աշխատանքը՝ հաճախորդներին չկորցնելու համար։ Նույն վիճակն է շատ այլ տաքսի ծառայություններում։ Ըստ «ՀայՌուսգազարդից» ստացած պարզաբանման, «քանի որ այսօր օգտագործում ենք պահեստավորված գազը, ապա վառելիքն ուղղվում է բնակչությանը եւ էներգետիկ համակարգին։ Գազալիցքավորման կայաններին գազ չի տրամադրվում։ Ինչ վերաբերում է բնակչությանը, ապա համաձայն մեզ հետ կնքված պայմանագրի, նրանք պետք է այլընտրանքային վառելիքի պաշար ունենան նման ֆորս-մաժորային իրավիճակների համար»։ Իսկ թե մեր պահուստային գազի պաշարները այսպիսի քանի օրվա համար կբավականացնեն, չհայտնեցին, որովհետեւ պետական գաղտնիք է։ Քաղաքային տրանսպորտի կաթվածահար վիճակի վերաբերյալ քաղաքապետարանից ողջ օրվա ընթացքում չհաջողվեց մեկնաբանություններ ստանալ, որովհետեւ, օրինակ, ինչպես քաղաքապետի գործավարուհին տեղեկացրեց, պարոն Նազարյանը «նախընտրական արշավի հարցերով դուրս է եկել»։ Ենթադրվում էր, որ դրա փոխարեն նա պետք է խորհրդակցություն աներ, շտկելու քայլեր աներ, որն էլ կլիներ նախընտրական արշավին լավագույն աջակցությունը։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել