Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՈՎՀԱՐԱՅԻՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐԸ

Հունվար 22,2003 00:00

ՀՈՎՀԱՐԱՅԻՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐԸ Երեկ նախագահի ընդդիմադիր թեկնածուները նամակով դիմել էին ԿԸՀ նախագահին եւ իրենց կասկածները հայտնել Ռոբերտ Քոչարյանի՝ նախագահի թեկնածու գրանցվելու վերաբերյալ: Այդ խնդրի մասին մենք բազմիցս գրել ենք՝ գործող նախագահն իսկապես ՀՀ քաղաքացիության ստաժի խնդիր ունի: Սակայն հարցն ունի մեկ այլ կողմ՝ ով երբ է սկսել հիշյալ խնդրի շուրջ իր մտահոգությունը հայտնել: Նամակը ստորագրած երկու թեկնածուներ՝ Արտաշես Գեղամյանն ու Վազգեն Մանուկյանը, ինչպես նաեւ թեկնածուներից մեկի զինակից Ալբերտ Բազեյանը, լիակատար հնարավորություն ունեին մտահոգվելու Քոչարյանի քաղաքացիությամբ 1998 թ. փետրվարին, երբ վերջինս գրանցվեց որպես ՀՀ նախագահի թեկնածու: Բայց չմտահոգվեցին: Ինչո՞ւ այն ժամանակ չէին հուզվում, իսկ հիմա սկսեցին հուզվել: Տեղի սղության պատճառով թույլ տվեք այդ հարցին չպատասխանել՝ առանց այդ էլ ամեն ինչ պարզ է: Ավելի լավ է բերենք երկու ցիտատ Արտաշես Գեղամյանից, որի մոտ կասկածները գործող նախագահի լեգիտիմության վերաբերյալ զարմանալիորեն զուգադիպում են իրեն պաշտոնի նշանակելու /կամ, ավելի ճիշտ՝ չնշանակելու/ հետ: 2002 թ. սեպտեմբերին իր կուսակցության համագումարում պրն Գեղամյանն ասաց. «Բոլորին է հայտնի, թե ինչպիսի աղաղակող օրինախախտումներով տեղի ունեցան 1998-ի նախագահական ընտրությունները, երբ փաստացի ընտրվել էր Կարեն Դեմիրճյանը»: Այո, բոլորին է հայտնի: Սակայն ընտրությունները կեղծելու ցավալի փաստը պրն Գեղամյանի գիտակցությանը հասավ զգալի ուշացումով: Կարծում եք, նա մի՞շտ էր վստահ, որ փաստացի ընտրվել էր Կարեն Դեմիրճյանը: Ամենեւին: Հինգ տարի առաջ նա ճիշտ հակառակ համոզումն ուներ: 1998-ի ապրիլի 2-ին, նախագահական ընտրությունների երկրորդ փուլից հետո Արտաշես Գեղամյանը հայտարարեց. «Նախագահական ընտրություններում խաղաղության եւ արդարության կարոտ ժողովուրդը կատարեց իր ազատ ընտրությունը: Ոչ սոցիալական անբարեկեցությունը, ոչ բազում զրկանքներով լի տասը տարիները… չսասանեցին հանրապետության քաղաքացիների հավատն իրենց ընտրած ուղու նկատմամբ, որը տանում է ազատության, խաղաղման եւ արարման»: Պարզ է, որ այս մաժորային հայտարարության մեջ տեղ չէր կարող լինել աղաղակող օրինախախտումների փաստի արձանագրման համար: Մտածում եմ՝ գուցե առաջիկա հնգամյակում պրն Գեղամյանը նորի՞ց դառնա գործող նախագահի խանդավառ կողմնակիցը: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել