Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Քոչարյանը վարում է հայամետ քաղաքականություն»

Հունվար 22,2003 00:00

«Քոչարյանը վարում է հայամետ քաղաքականություն» Ասում է «Համերաշխություն» կուսակցության (չգրանցված) համակարգող, կապի եւ տրանսպորտի նախարարի խորհրդական Ներսես Զեյնալվանդյանը: «Արտաշես Գեղամյանին պաշտպանելու մասին Պ. Հայրիկյանի հայտարարությունը, մեղմ ասած, ապշեցրեց շատերին։ Ցավն էլ այն է, որ այդ հայտարարությունը վերագրվում է ընդհանրապես ԱԻՄ-ին եւ բազմաթիվ ԱԻՄ-ականների, որոնք արդեն մեկ տարի է, ինչ դարձել են նախկին ԱԻՄ-ական, նրանց ավելի շուտ այդ հայտարարությունը ցավ պատճառեց»,- վստահ է ԱԻՄ նախկին նախագահ, այժմ «Համերաշխություն» նոր ստեղծվելիք կուսակցության գլխավոր համակարգող Ներսես Զեյնալվանդյանը։ Պրն Զեյնալվանդյանը խայտառակություն է համարում Արտաշես Գեղամյանին պաշտպանելու Հայրիկյանի որոշումը. «սա Հայրիկյանի որոշումն է եւ ոչ թե իսկական ԱԻՄ-ի, դա Հայրիկյանի շուրջը մնացած մի խումբ մարդկանց խայտառակությունն է եւ ոչ թե իրական ԱԻՄ-ի։ Իսկական ԱԻՄ-ը կարող է իրեն հանգիստ զգալ, իսկական ԱԻՄ-ը չի միավորվում ձախ դաշինքին, կոմունիստ-սոցիալիստներին եւ, վերջապես, «Ռուսաստան-Բելառուս» դաշինքին։ Մենք մնում ենք մեր սկզբունքներին՝ աջ-կենտրոնամետ, իսկապես քրիստոնեադեմոկրատական կենտրոնամետ ուղղվածության ուժ եւ այդպիսին էլ մնալու ենք»։ Պրն Զեյնալվանդյանը գտնում է, որ Հայրիկյանի քայլը «քաղաքական դաշտում մնալու, ասպարեզում մնալու, եւ, ի վերջո՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելուն ուղղված քայլ էր։ Կարելի է ասել այսպես՝ յուրաքանչյուրն իր համար պահի տակ տեղ է ման գալիս, իսկ պահն այդ մարդկանց համար ԱԺ-ն է, այսինքն՝ հաշվարկը կառուցված է ապագայի համար»։ Ըստ Ն. Զեյնալվանդյանի, Հայրիկյանի՝ Գեղամյանին պաշտպանելու որոշումը որոշակի առեւտրի արդյունք է. «եւ եթե առեւտուրն ինչ-որ մասի հետ չի ստացվում, ստիպված պետք է փորձեր ուրիշի հետ։ Եվ Հայրիկյանը հայտարարեց, որ բոլորի հետ էլ փորձել է, շփումներ է ունեցել եւ այլն»։ Պրն Զեյնալվանդյանը հիշեցրեց, որ երբ մարդը դժվար ընտրության առջեւ է, պետք է կատարի բարոյական ընտրություն եւ ոչ թե ընկնի հաշիվների մեջ։ Ն. Զեյնալվանդյանը գտնում է, որ ճիշտը գործող նախագահի թեկնածությունը պաշտպանելն էր, որովհետեւ այսօրվա «քաղաքական դաշտում, ՀՀ նախագահի թեկնածուների շարքում, չկա Ռոբերտ Քոչարյանից ավելի արժանավորը, որովհետեւ Քոչարյանն այլընտրանք չունի»։ Մեր հարցին՝ իսկ ինչո՞վ է Գեղամյանը վատ, գուցե իրոք Հայրիկյանի անկեղծ ընտրությունն է դա, ստացանք այս պատասխանը. «Գեղամյանը հայտարարեց, որ եթե իր հայրը ողջ լիներ, ապա իրեն խորհուրդ կտար, որ միանար կոմունիստներին եւ փրկեր երկիրը, գուցե Հայրիկյանն էլ է լսել Գեղամյանի հոր պատգամն ու գնացել-միացել կոմունիստներին, որպեսզի փրկի երկիրը։ Իսկ ես համոզված եմ ուրիշ բանում՝ կոմունիստներին միանալով երբեք երկիր չես փրկի։ Հակառակը հնարավոր է։ Կամ խոսվում է «Ռուսաստան-Բելառուս» դաշինքին միանալու մասին։ Մենք, իմ բոլոր գաղափարակից ընկերները մի կարեւոր հիմնարար արժեք ունենք, որ Հայաստանի անկախությունն անսակարկելի բարձրագույն արժեք է, եւ եթե մենք մեր բարոյական սկզբունքից ետ քայլ ենք անում, ուրեմն մեր խղճի հետ գործարքի մեջ ենք մտնում։ Ես շատ ուրախ եմ, կրկին եմ ասում, որ Գեղամյանին պաշտպանելու այդ խայտառակությունը չի վերաբերում նաեւ նախկինում ԱԻՄ-ում երկար տարիներ պատասխանատու դիրքեր զբաղեցնող Ներսես Զեյնալվանդյանին։ Ես ժամանակին կատարել եմ բարոյական ընտրություն, եւ եւս մեկ անգամ ապացուցվեց, որ ճիշտ եմ վարվել»։ Պրն Զեյնալվանդյանը վստահ է, որ Ռոբերտ Քոչարյանին սատարելու իր եւ իր համախոհների որոշումը սկզբունքային եւ բարոյական որոշում է։ «Երկրի կայուն վիճակն առաջին հերթին Ռ. Քոչարյանի շնորհիվ է. նա զուսպ է, չի շտապում, քայլերը հաշվարկում է։ Ռ. Քոչարյանին պաշտպանելու եմ՝ հաշվի առնելով նաեւ արտաքին քաղաքականության բնագավառում նրա կատարած քայլերը։ Հայաստանի արտաքին քաղաքականությունը չի կարող որպես առանցքային կետերից մեկը չունենալ Ցեղասպանության հետեւանքների վերացման հարցը։ Մինչեւ Ռ. Քոչարյանն այդ քաղաքականությունը չէր վարվում։ Հաջորդը, որպես ժողովրդավար, ես գտնում եմ, որ եվրոպական կառույցներին ինտեգրվելու գործընթացը լավագույնս իրականացավ Ռ. Քոչարյանի օրոք՝ Եվրախորհրդի անդամ, Եվրամիության հետ շփումներ, Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ, ՆԱՏՕ-ի հետ նորմալ հարաբերություններ։ Ի վերջո, Ռ. Քոչարյանը վարում է իսկապես հայամետ քաղաքականություն»։ Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել