Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ. «ԱՇԽԱՏԵՆՔ ՄԻԱՍԻՆ»

Հունվար 22,2003 00:00

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ. «ԱՇԽԱՏԵՆՔ ՄԻԱՍԻՆ» Առաջարկում է ՀՀ նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը Ազգային ակադեմիայի դահլիճում երեկ տեղի ունեցավ ՀՀ նախագահի թեկնածու, գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը նախաձեռնող խմբի, նախընտրական շտաբների ղեկավարների հետ։ Դահլիճում էր երկրի գործադիր մարմինը՝ վարչապետի գլխավորությամբ, խորհրդարանի մեծամասնությունը՝ խմբակցության ղեկավարի գլխավորությամբ (ԱԺ նախագահն էլ կլիներ, եթե հրավիրվեր), քաղաքապետեր, մարզպետներ (նաեւ նրանց փոխ.-երը), մտավորականներ, գործող նախագահին սատարող բոլոր կուսակցությունները՝ իրենց երիտասարդական թեւերով։ Դահլիճի արտաքին տեսքից դատելով, ՀՀ նախագահի թեկնածու Ռ. Քոչարյանը տիրապետում է երկրի բոլոր ռեսուրսներին։ Սակայն սա՝ միայն արտաքինից դատելով։ Իրականում դահլիճը նույնակերպ լիքը կլիներ ցանկացած այլ գործող նախագահի ՀՀ նախագահի թեկնածու լինելու դեպքում։ Պարզապես դահլիճի մեծամասնությունը սիրում է գտնվել «վերեւներին» մոտիկ՝ իր իսկ օգտի համար, եւ մեծամասնության համար Ռ. Քոչարյանի վերընտրվելու ցանկությունն ավելին չէ, քան՝ սեփական դիրքը չկորցնելու խնդիր։ Վստահ ենք, ե՛ւ նախագահի թեկնածուն, ե՛ւ նրա նախընտրական շտաբի պետն այս ամենը շատ ավելի լավ են հասկանում եւ նաեւ այդ պատճառով է, որ որոշել են ուս ուսի տված գնալ առաջ։ Ներկաներին բաժանվեցին նախագահ Քոչարյանի հինգ տարվա հաշվետվությունը ներկայացնող «Հինգ տարի անց» գրքույկները եւ ՀՀ նախագահի թեկնածու Ռ. Քոչարյանի «Աշխատենք միասին» նախընտրական ծրագիրը (ի դեպ, չգիտես ինչու, տպագրական որակի)։ Նրանցում արտացոլված թվերն ու փաստերը մենք առիթ կունենանք ներկայացնել, առայժմ լուսաբանենք բուն հանդիպումը։ Ռոբերտ Քոչարյանն իր թիմին կոչ արեց չհանգստանալ ձեռք բերվածով եւ այն տպավորությամբ, թե ամեն ինչ իրենց համար լավ է։ Նախագահի ասելիքը. «սա չի նշանակում, թե մենք իրավունք ունենք թափթփված աշխատել, մենք իրավունք ունենք մտածել, թե ոնց որ վատ չեն գործերը գնում, եւ կարելի է թուլացնել աշխատանքի տեմպերը։ Ճիշտ հակառակը, նման դեպքերում, համարում եմ, որ կրկնակի ավելի ակտիվ մենք պետք է աշխատենք։ Նման ժամանակահատվածում թափթփվածությունը, ծուլությունը չի ներվում…»: Իրեն պաշտպանող կուսակցությունների մասով նախագահի թեկնածուն որոշ «պարզեցումներ» ներկայացրեց. «մինչեւ փետրվարի 19-ը մենք մոռանանք այլ հարցերի մասին եւ մեր հաջողության գրավականը, համոզված եմ՝ մեկ թիմով աշխատանքն է։ Եթե մենք կարողանանք աշխատել մեկ թիմով մինչեւ փետրվարի 19-ը, չեմ կասկածում, որ հաջողություն եւ լո՛ւրջ հաջողություն մենք ունենալու ենք։ Չկարողացանք, ուրեմն այս ընթացքում մենք ավելի շատ կորուստ ենք ունենալու»։ Այս միտքը հասկացվեց խիստ հստակ՝ ձեր խորհրդարանական եւ կուսակցական հավակնությունները մինչեւ փետրվարի 19-ը մոռանում եք, ինձ նախագահ եք դարձնում, մնացածը՝ տեխնիկայի հարց է։ Հիշեցնելով իր նախընտրական կարգախոսը՝ «Աշխատենք միասին», նախագահը կոչ արեց նաեւ վերն ասած ենթատեքստով («մինչեւ փետրվարի 19-ը մոռանանք այլ հարցերի մասին».- Մ. Ե.)՝ աշխատել միասին»։ Իհարկե, նաեւ հարցեր ուղղվեցին ՀՀ նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանին։ Տնտեսական աճին, աղետի գոտուն, Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը վերաբերող եւ այլ տրված հարցերն առայժմ թողնենք, մանավանդ դրանց պատասխաններում որեւէ նոր բան չասվեց։ Թեեւ հետաքրքիրն այն էր, որ ՀՀԿ-ն հարցերի շարանում առաջին տեղն էր գրավում։ ՀՀԿ երիտասարդական թեւը բավականին կազմակերպված էր իրեն դրսեւորում, ՀՅԴ-ն եւ «ՕԵ»-ն եւս փորձում էին ետ չմնալ ու հարցեր հնչեցնել։ Արցախի հիմնահարցի կարգավորման վերաբերյալ միայն մեկ հարց հնչեց՝ Մեղրիի տարբերակի հետ կապված։ Ռոբերտ Քոչարյանը հիշեցրեց, որ Գերմանիայում եւս իրեն նման հարց են տվել եւ ինքն ասել է, թե «տարածքային փոխանակման տարբերակ բանակցային գործընթացում չկա։ Ուղղակի կրկնում եմ՝ չկա։ Բայց համոզված եմ, որ ինչքան էլ ես ասեմ՝ չկա, միեւնույն է, մի քանի կետ կա, որ այս ընտրությունների ընթացքում անպայման լինելու են շահարկման առարկա. դա Մեղրիի հարցն է (թեկուզ ես Մեղրիում եղել եմ եւ բնակչության հետ հանդիպումների ժամանակ հարցը հնչել է եւ պատասխանը եւս եղել է շատ կոնկրետ), կփորձեն անպայման «27»-ի գործը ինչ-որ քննարկումների առարկա դարձնել։ Տվյալ դեպքում՝ Ռուսաստան կատարած վերջին այցը հանեց նաեւ այս խնդիրը շահարկելը եւ միտումները, որ մարդիկ գնում էին, չգիտեմ ինչ-որ պատգամավորի, խորհրդականի, օգնականի ինչ-որ մի տեղ հանդիպում էին, հետո գալիս էին, խորհրդավոր հայացքներով փորձում էին ինչ-որ տպավորություն ստեղծել, թե չգիտես ինչ հարց են լուծել եւ որտե՞ղ։ Ուղղակի քայլեր կան, որ այնքան են անլուրջ, որ չես էլ ուզում ժամանակ կորցնես արձագանքելու համար։ Կփորձեն շահարկել, մենք մեր պատասխանները պետք է ունենանք եւ հստակ պատասխանները»։ Հիշատակելով «Հոկտեմբերի 27»-ի դատավարությունը, Տիգրան Նաղդալյանի սպանությունը եւ փաստաբան Օլեգ Յունոշեւի կողմից արված հայտարարությունները՝ «Գոլոսի Արմենիի» թերթի գլխավոր խմբագիրը հարցրեց. «Ինչո՞ւ պետությունը ինքն իրեն լիարժեք չի պաշտպանում, ինչո՞ւ սադրանքներին ժամանակին չի հետեւում համարժեք պատասխան»։ Ռոբերտ Քոչարյանը հարցադրումը ճիշտ համարելով, այդ միտքը զարգացրեց. «Տվյալ դեպքում՝ նույն անձին, այսպես կոչված՝ Յունոշեւին, հրավիրել են դատախազություն եւ հարցրել են՝ «դուք հայտարարել եք, որ ունեք տեղեկություններ, որ գիտեք անուններ, որ կարող եք ինչ-որ բաներ լուսաբանել, որոնք դատավարությունը չգիտի»։ Հնչել է շատ պարզ պատասխան՝ «ոչ, չգիտեմ, ինչ-որ մեկից լսել եմ, չեմ հիշում՝ ումի՞ց եմ լսել», եւ այդ ամենն ինքը ստիպված է եղել նաեւ թղթի վրա դնել (հավանաբար նախագահը նկատի ունի, որ այդ ցուցմունքները տրվել են նաեւ գրավոր.- Մ. Ե.), հակառակ դեպքում իրավական հետեւանքներ կարող էին առաջանալ իր համար։ Բայց, իհարկե, միշտ էլ կարելի է Ռուսաստանում կամ մեկ այլ երկրում գտնել մի բոմժ, որն ունի իրավաբանի ինչ-որ գրքույկ, որը թքած ունի էս երկրի վրա եւ որի համար այստեղ գալ, պատվեր կատարել եւ փող աշխատելը բիզնեսի մի ձեւ է։ Տվյալ դեպքում ես այդ մարդուն չեմ մեղադրում։ Այդ մարդը եթե կես գրամ ներսում բարոյական ինչ-որ բան ունենար, այդպիսի բան չէր անի։ Ես գիտեմ, որ մեր փաստաբաններին էին փորձում ժամանակին հրահրել նման քայլերի համար։ Իսկ քանի որ խոսքը տուժած կողմի փաստաբանի մասին է, այլ կարգի մեթոդներ կիրառել չենք կարողանում կամ չենք ուզում՝ ավելորդ խոսակցություններ չառաջացնելու համար։ Տվյալ դեպքում պատվիրատուն պետք է գոնե մի քիչ զուսպ լինի եւ պետք է հասկանան, որ դիակներով ընտրությունների չեն գնում, չի կարելի, չի կարելի դրոշ սարքել եւ դրա վրա փորձել քաղաքական դիվիդենտներ շահել, առաջին հերթին հենց այդ մարդկանց հիշատակի պատճառով, եթե այդ հիշատակն իսկապես արժեք ունի։ Սրանից ավել ի՞նչ ասեմ»։ Այո, դրանից ավել մենք էլ ասելիք չունենք, պարզապես ավելացնենք, որ այդ ձեւով հարցերը չեն լուծում։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել