Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՑԱՅՏՆՈՏ»

Հունվար 22,2003 00:00

«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՑԱՅՏՆՈՏ» ԿԸՀ-ում Արտաշես Գեղամյանի լիազոր ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Աղասի Արշակյանն ասաց. «Թող այս հարցազրույցը համարվի նախազգուշացում եւ խնդրանք իշխանություններին, որ իրենց աջակիցներին զգուշացնեն գտնել ծառայամտության այլ ձեւեր»: «Ես այս փուլում զբաղվում եմ նախագահի թեկնածու Արտաշես Գեղամյանի գովազդային խնդիրներով: Երեւանի տարբեր հասցեներում 77 քառակուսի մետրանոց գովազդային պաստառներ փակցնելու հարցերով,- պատմեց Աղասի Արշակյանը:- Կնքել ենք մի շարք պայմանագրեր գովազդատու կազմակերպությունների հետ»: «Զեբրա» գովազդատու կազմակերպությունից մեկ այլ կազմակերպության միջոցով գովազդային 11 վահանակների տեղերը պայմանագրով ենթավարձակալել էին վաղօրոք՝ դեռ դեկտեմբերի 12-ին: Սակայն Կենտրոն ու Արաբկիր համայնքներում նախատեսվող 5 վահանակները տեղադրելու խնդիրն այժմ բարդացել է այնքան, որ պրն Արշակյանը ստիպված է եղել միայն համայնքապետերի եւ նրանց խորհրդականների հետ հանդիպել տասնյակ անգամներ: «Նախընտրական արշավը սկսելուց մի քանի օր առաջ բոլոր համայնքապետարաններին բանավոր հրահանգվել է շուրջ 400%-ով թանկացնել քաղաքական գովազդների գները»,- պնդեց պրն Արշակյանը: Մինչ այս նման պաստառների գները տարբեր համայնքներում եղել են քառակուսի մետրը՝ 4-8 դոլարին համարժեք դրամ, իսկ այժմ՝ 30 դոլար է եւ ավելին: Եվ այս նոր սակագները փորձում են հետին թվով տարածել նաեւ «Ազգային միաբանության» արդեն իսկ կնքած պայմանագրերի վրա: «Նաեւ տեղեկություններ ունենք, որ գովազդային այդ գործակալություններին ահաբեկել են, թե ընտրություններից հետո իրենց գործը խլելու են ձեռքներից»,- ասաց մեր զրուցակիցը: «Այս ամենն արվում է Արտաշես Գեղամյանի դեմ: Բացի նրանից՝ որեւէ այլ թեկնածու մինչ այժմ չի ներկայացրել արտաքին գովազդի հայտ»,- հայտարարեց Աղասի Արշակյանը, որն այս բարդությունների վերաբերյալ փաստերը հայտնել էր ԿԸՀ-ին եւ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանին: Վերջինս բողոքը փոխանցել էր Քոչարյանի նախընտրական շտաբի պետ Սերժ Սարգսյանին. «Բացատրել էր, որ վնասելով Գեղամյանի գովազդին՝ այդ տեղական ոչնչությունները ոչ թե օգնում են Քոչարյանին, այլ վնասում նրան: Քանի որ քաղաքական առումով՝ այդ դժվարությունները հաղթահարելու ընթացքում մեր դիվիդենտներն ավելի են մեծանալու, քան կարող էր լինել գովազդային պաստառ տեղադրելու պարագայում»: Սերժ Սարգսյանի միջամտության շնորհիվ Աղասի Արշակյանը հանդիպել էր քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի հետ եւ «բարձր մակարդակով» խոստումներ ստացել, թե խնդիրը կկարգավորվի: Թերեւս խոստումները չկատարելն էր պատճառը, որ Գեղամյանի լիազոր ներկայացուցիչը ստիպված էր երկուշաբթի, երբ Ռոբերտ Քոչարյանը ԿԸՀ-ում ստանում էր նախագահի թեկնածուի իր վկայականը, հարուցվող արհեստական խոչընդոտների մասին փաստերը հայտնել նաեւ նրան. «Թեեւ ինքն էլ էր կարծում, որ սխալ են անում, պարոն նախագահն ասաց, թե բայց չէ՞ որ դա բիզնես է՝ ինքը չունի դրան միջամտելու իրավունք»: Ի վերջո, պարզաբանումներ ստանալուց հետո, Քոչարյանն էլ է խոստացել, թե կհանձնարարի քաղաքապետին՝ պարզել այս հարցերը: Եվ միայն դրանից հետո խնդիրը կարծես կարգավորվել է. քաղաքապետարանը համայնքապետարաններին արդեն գրավոր շրջաբերական է ուղարկել գովազդի գինը 30 դոլար չսահմանելու վերաբերյալ: Հարուցված մյուս արհեստական խոչընդոտն Աղասի Արշակյանը համարում է Հանրային հեռուստաընկերությամբ նախագահի թեկնածուներին հատկացված ժամերի բաշխումը, որի դեմ որպես բողոքի նշան՝ նա երկուշաբթի ցուցադրաբար լքեց ԿԸՀ նիստը: «Փետրվարի 19-20-ին Հանրային հեռուստաընկերությունը կարող է հանրապետության նախագահի ընտանիքի (ոչ աշխատանքային գործունեության) մասին ցուցադրել 45 րոպեանոց ֆիլմ: Մենք էլ ունենք նման բազմաթիվ տեսահոլովակներ, որ ցանկանում ենք ցուցադրել՝ 15, 20, 30 րոպեանոց,- ասաց պրն Արշակյանը՝ Քոչարյանի ընտանիքի մասին ֆիլմն անվանելով մինչ ընտրարշավն իրականացված քաղաքական գովազդ, որի իրավունքն օրենքով չունի Հանրային հեռուստաընկերությունը:- Իսկ հիմա ԿԸՀ-ն վերցրել, կամայական բոլորին բաժանել է հավասար ժամանակ, այդ թվում եւ՝ վճարովի եթերաժամն է սահմանափակել: Դա խախտում է ապրանք արտադրողների եւ սպառողների իրավունքները, բիզնեսի կանոնները»: Մեր հարցին, թե ինչո՞ւ չեն ցանկանում հետեւել ԿԸՀ նախագահ Արտակ Սահրադյանի խորհրդին եւ 6 րոպեից ավելի տեւողությամբ այդ հոլովակները ցուցադրել մասնավոր հեռուստաալիքների վճարովի եթերաժամերով, Գեղամյանի ներկայացուցիչն այսպես արձագանքեց. «Մեր ունեցած գումարային հնարավորությունները մենք ենք տնօրինում, այլ ոչ պրն Սահրադյանը»: Այս ամենը նա համարում է նախագահի թեկնածուներին «ֆինանսական ցայտնոտի» մեջ գցելու միտումով հարուցված խոչընդոտներ: Աղասի Արշակյանը զգուշացրեց. «Եթե մեկ օրվա ընթացքում այս հարցերը չլուծվեն՝ խոստանում եմ հավաքել վերահսկողություն իրականացնող հասարակական կազմակերպություններին, ՀՀ-ում հավատարմագրված բոլոր երկրների դեսպաններին, լրագրողներին եւ այս ամենի վերաբերյալ այնպիսի մանրամասներ պատմել, որոնցից, չեմ կարծում, թե բարձրանա գործող նախագահի վարկանիշը»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել