Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԵՄ ԷԼ ԿԱ, ԲԵՄ ԷԼ

Հունվար 21,2003 00:00

ԲԵՄ ԷԼ ԿԱ, ԲԵՄ ԷԼ Կամ երգիչները շարժվում են «օրվա կուրսով» «Մեր բոլոր երգիչ-երգչուհիներին շատ սիրում ու հարգում եմ, բայց նրանց մեջ չկա այնպիսի մեկը, ում հետ ես ընկերություն անեմ ու վստահեմ»,- ասում է երգչուհի Աիդա Սարգսյանը։ Այս օրերին երգչուհին հրավերներ է ստացել Ֆրանսիայից եւ Հոլանդիայից, եւ հավանաբար շուտով կսկսվեն նրա հյուրախաղերը՝ հենց այդ երկրներում։ Իսկ մինչ այդ, Աիդան ձայնագրում է իր նոր երգերը։ Իր երկու ալբոմները նա թողարկել է ԱՄՆ-ում, իսկ այս ալբոմի երգերը ձայնագրվում են «Ասպարեզ» ստուդիայում։ Թեեւ նախկինում Ա. Սարգսյանը երգում էր Ռ. Ամիրխանյանի, Ստ. Լուսիկյանի, Ա. Գրիգորյանի երգերը, սակայն այսօր չի համագործակցում որեւէ հայտնի կոմպոզիտորի հետ, որովհետեւ երգչուհին նախընտրում է ժողովրդական երգը (այս ասպարեզում նրան հաջողություն բերեցին «Լորկե», «Շիրխանի» երգերը). Աիդա Սարգսյանը գտնում է, որ «արդի երգիչ-երգչուհիներից շատերն առաջ են շարժվում «օրվա կուրսով»՝ ներմուծելով արեւելյան էժանագին երգեր, որոնց բնօրինակն ավելի հաճույքով է լսվում, իսկ սա այն բանի ապացույցն է, որ քնից արթնացողը երգիչ է դառնում եւ իրեն աստղ է երեւակայում»։ Երգչուհին կարծում է, որ «պետությունը պետք է քաջալերի ու պարգեւատրի մեր ավագ սերնդի արվեստի նվիրյալներին, քանզի տվյալ ժողովրդին ճանաչում են արվեստով ու պատերազմով»։ Ինչպես բոլոր արտիստներին, այնպես էլ Աիդա Սարգսյանին անհանգստացնում է այն, որ «որքան էլ փորձում ենք շոու-բիզնես ստեղծել, չի ստացվում, քանզի եթե գործեր շոու-բիզնեսը, այսօր բեմում կլինեին մեր ավագ սերնդի երգիչները, իսկ մեր եւ նրանց միջեւ սարեր-ձորեր կան»։ Երեւի թե հենց այդ «սարեր-ձորերն» է պատճառը, որ մեր բիզնեսմենները նախընտրում են իրենց փողերը ծախսել արտասահմանյան երգիչների վրա, ինչպես մեր այս երգչուհին ասաց. «6000 $ տվել են Իրինա Սալտիկովային՝ քառասունհինգ րոպեանոց համերգի համար, մինչդեռ երգչուհին «երգում» էր ֆոնոգրամայի ուղեկցությամբ»։ Ի դեպ, ասեմ, որ Աիդա Սարգսյանը ներկայիս այն հազվագյուտ երգչուհիներից է, որոնք չեն աշխատում գիշերային ակումբներում, քանզի, իր հավաստմամբ, ինքը ոչ դրա կարիքն ունի, ոչ էլ՝ ժամանակը։ Գիշերային ակումբներում երգելու ժամանակը ինքը տրամադրում է նոր երգեր ձայնագրելուն, իսկ իր «Գրանդ-մյուզիք» յոթ հոգանոց խումբն աշխատում է Սեւանի «Հարսնաքար» համալիրում։ Աիդան հավատացնում է, որ լավ գումար առաջարկելու դեպքում համաձայնում է երգել հարսանիքների ու խնջույքների ժամանակ, քանզի կարծում է, որ «այդտեղ ցածրացնող ոչինչ չկա, նույն հանդիսատեսն է»։ Երգչուհին այդպես է կարծում, քանզի այսօրվա բեմը խնջույքի սրահից չի տարբերվում, որովհետեւ, ինչպես ինքն է ասում, «այսօրվա բեմը միայն չոր փայտերն են, չկա դիզայն, գեղեցկություն, եւ ես, որ սիրում եմ բեմ բարձրանալ միայն բեմական հագուստով, այսօր բեմ եմ ելնում սովորական հագուստով, քանի որ բեմը բեմի նման չէ»։ Երգչուհին կարծում է, որ «շոու-բիզնեսը միայն երգիչների ջանքերով չի ստեղծվի, պետք է այս ուղղությամբ աշխատեն նաեւ բիզնեսմենները, այսինքն արտասահմանյան արտիստներին, որոնց պատրաստ են անգամ գրկած բեմ բերել, տրամադրվելիք փողերը պետք է շրջանառության մեջ դնել, որպեսզի համատեղ ուժերով ստեղծվի շոու-բիզնես, ինչը վաղուց արդեն գործում է այն երկրներում, որոնց աստղերը փող են աշխատում նաեւ Հայաստանում»։ Աիդա Սարգսյանը մինչ օրս մենահամերգով հանդես չի եկել Երեւանում եւ հավանաբար այն կկայանա 2003-ին, երբ թողարկվի երրորդ ալբոմը եւ այնքան ֆինանս կունենա, որ «ամեն ինչ տեղը տեղին լինի, իսկ որն ամենակարեւորն է՝ բեմը բեմի նման լինի»։ ՆԻԿՈԼԱՅ ՄԵԼԻՔՅԱՆ Հ. Գ. Նշենք, որ Աիդա Սարգսյանը 2002-ին արժանացել է «Կռունկ» փառատոնի գլխավոր մրցանակին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել