Լրահոս
Օրվա լրահոսը

Վճիռը սխալների ամբողջություն է

Հունվար 21,2003 00:00

Վճիռը սխալների ամբողջություն է «Կենտրոնի սենյակ 1»-ում Իմ խնդիրն է վերլուծել եւ բացահայտել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի (գործ՝ թիվ 2-762) 2002թ. դատավոր Մ. Մարտիրոսյանի՝ «Հանուն Հայաստանի Հանրապետության» կայացրած վճիռը, որից արդարությունը բացակայում է 99%-ով, իսկ նրա՝ դատավորի անտարբերության պատճառով, վճռի անկապ շարադրանքը՝ իբրեւ ուսուցիչ, գնահատում եմ անբավարար։ Դատը սկզբում նշանակված էր 2002թ. մայիսի 26-ին։ Այն պետք է վարեր դատավոր Գ. Կարախանյանը։ Առարկել եմ դատավարող դատավորի դեմ եւ խնդրել հարգել բացարկս՝ գրավոր դիմելով նախագահ Վարդանյանին։ Խնդիրն այն է, որ Տերյան 56-ի 9-րդ հարկի հարեւանս՝ Ռ. Գեւորգյանը, որն աշխատում է «Հազարաշեն» ՓԲԸ-ում՝ իբրեւ ավագ աշխղեկ, պահանջում էր վնասի հատուցում, քանի որ Տերյան 56 շենքի 27 բնակարանի լոգարանից՝ ջրի խողովակներում թիվ 6 ԲՇՏ-ի բանվորների մեղքով տեղի էր ունեցել «հետադարձ գծի խցանում» եւ ջրերը թրջել էին նաեւ նրանց ճաշասենյակի պատն ու խոնավացրել այն։ Հենց սկզբից ասեմ, որ ես հարեւանիս վնասը գնահատեցի վեց հազար դրամի չափով, թիվ 6 ԲՇՏ-ի ինժեներ Ալեքսան Զաքարյանը բազմիցս հայտարարեց, որ պատի նորոգման մեկ քառակուսի մետրն արժե հազար դրամ, ուրեմն թիվ 24 բնակարանը տուժել է շուրջ տասը հազար դրամի չափով, իսկ եթե շատ են ագահ, թող դատարանը որոշեր քսան հազար դրամի պատճառած վնաս, որն, իհարկե, խիստ չափազանց կլիներ։ Կողքիս նստած էր հայցվոր Ռ. Գեւորգյանը։ Անտեսելով իմ ներկայությունը՝ նա բարձրաձայն դիմեց դատավոր Գ. Կարախանյանին՝ հարցնելով, թե որքա՞ն գումար պահանջի իբրեւ վնասի հատուցում։ Դատավորը տարակուսած բարձրացրեց գլուխը, դույզն-ինչ զայրացած, սակայն զուսպ պատասխանեց. «Դու գիտես. որքան որ ասվեց…»։ Ես հանգիստ հետեւում էի կողքիս նստած հարեւանիս՝ հայցվորի մատիտին. 242 հազար երեք հարյուր քսանութ դրամ (242328 դրամ)։ Նախ մտածեցի, որ «Հազարաշեն» ՍՊԸ-ի կողմից երեւի վերանորոգվելու է մեր շենքի հարեւանությամբ գտնվող Օպերայի եւ բալետի ակադեմիական մեծ թատրոնի դահլիճը եւ տանիքը, ու ժպտացի՝ տեսնելով վեցանիշ գումարի վերջին՝ «ութ» դրամը։ Ինչպիսի՜ ճշտություն։ Երեւի դատավորն էլ է մասնակցել տեղազննմանը եւ հաշվարկին։ Լա՜վ, բա ինձ ինչո՞ւ չէին հրավիրում, չէ՞ որ թիվ 27 տան բնակիչներից են բռնագանձելու։ Բացարկս ընդունվեց եւ նոր դատը նշանակվեց 2002 թ. հունիսի հինգին։ Քննենք դատավոր Մ. Մարտիրոսյանի վերոհիշյալ օրը՝ հանուն Հայաստանի Հանրապետության կայացրած վճիռը։ «Հայցվոր Ռ. Գեւորգյանը հայցը պնդեց եւ դատարանին հայտնեց, որ 2002թ. դեկտեմբեր ամսին պատասխանողներ Լ.Տ.Ի.-ի եւ Ս.Ն.Շ.-ի մեղքով ջուր է լցվել իր՝ Տերյան 56 շենքի թիվ 24 բնակարանը, որը հաստատվել է թիվ 6 ԲՇՏ-ի կողմից 15.01 .02թ. կազմած ակտով»։ Սա ի՞նչ է. ապագա ջրհոսքի կանխատեսո՞ւմ։ Այսօր 2002թ. դեկտեմբերի 20-նն է։ Ոչ ոք ջրհոսքից չի տուժել։ Գուցե վրիպա՞կ է։ Ե՞րբ է թափվել ջուրը… Հայցվորը չգիտի, քանի որ նա Տերյան 56 շենքի բնակիչ չէ. բնակվում է Զեյթունում, իսկ մահացած մայրը տունը գրել է որդու՝ Ռ. Գ.-ի անունով։ Բացի 242 հազար 328 դրամը՝ դատարանը պետք է պատասխանողներից բռնագանձեր նաեւ 4745 դրամ (չորսհազար յոթ հարյուր քառասունհինգ դրամ՝ որպես տուժողի՝ հայցվորի կողմից վճարված պետական տուրքի գումար։ Իբրեւ միջանկյալ տեղեկություն ասեմ, որ «Առավոտ» օրաթերթը վեց-յոթ հոդված է տպագրել առ այն, որ 1996թ. մայիսի 4-ին Տերյան 56 շենքի տանիքում ապօրինի լարանցումներից առաջացել է հրդեհ, հրշեջները տանիքի թիթեղները պատառոտել են ու չորս-հինգ տարվա անձրեւաջրերն ու ձնահալոցքը իրենց գործն արել են՝ քանդելով 10-րդ հարկի առաստաղները։ «Ինչ ցանել էին, այն էլ պետք է հնձեին»։ 2000թ. մայիսին թիվ 6 ԲՇՏ-ի բանվորներ Սուրենները թիվ 27 բնակարանի լոգարանի հատակը վերանորոգելիս (հատկապես վաննայի տակ) շաղակրատելով անզգուշաբար տրապը լցրել էին քանդած ցեմենտբետոնի քարերով։ Վայ-շինարարները, չգիտես ինչու, բացել էին տրապի մուտքը փակող երկաթե ծակոտկեն ծածկոցը։ Ուշքի գալով՝ քարերը հանեցին, իսկ խորքինը հնարավոր չէր հանել։ Երկաթե լոմով ջարդեցին տրապի խորքի քարերը, որ հետո ջրերը քշեն-տանեն։ Բայց… ջրերը հետ էին գալիս թե տրապից, թե զուգարանից։ Ականակիտ, մաքրամաքուր ջրերը ողողեցին մեր տունը, լցվեցին խոհանոց, ճաշասենյակ։ Կարծում եք հե՞շտ մաքրվեցին խողովակները քարերից։ Ո՛չ։ Ստիպված էինք փակել ջրերի մուտքը մեր բնակարան։ Լավ է, որ մեր բնակարանում ջրաչափ չէր տեղադրված, թե չէ երեւի հազարավոր դույլ ջրեր եմ լցրել զուգարան, ուր ջուրը իջնում էր դանդաղ, չուզենալով, սպառնալով, որ կրկին ետ է հոսելու։ Ահա Երեւանի «Կենտրոնի» թաղապետարանի գործադիր տնօրեն Ա. Գ. Մանուչարյանի տված տեղեկանքը՝ 23/44-Հ-2, ուր գրված է. «…Միաժամանակ հայտնվում է, որ նախկինում ներքեւի հարկի հարեւանի բնակարան ջուրը թափվել է հետադարձ գծի խցանումը ինքնակամ բացելու Ձեր փորձի հետեւանքով»։ Դա ճիշտ էր։ Սովորաբար ջրի մուտքը սանհանգույցից փակում էի։ Կարծես թաքուն, գողություն էի անում, երբ ջուրը բացում էի՝ վերցնելու համար։ Մի քանի տասնյակ անգամ թե՛ վայ-շինարար Սուրենները, թե՛ այլեր եկել են խցանումը բացելու։ Թե վթարային ընկերությունը, թե թիվ 6 ԲՇՏ-ն տեղյակ են այս պատմությանը։ Հայցվոր Ռ. Գ.-ն լավատեղյակ էր այս ամենին, բայց ոգու սովը շատերի պես նրան էլ էր բարոյալքել։ Դատարանը չուզե՞ց, թե՞ չկարողացավ այս «գորդյան հանգույցը» լուծել։ Անտարբերությունն էր պատճառը։ Ի վերջո, թիվ 6 ԲՇՏ-ի ինժեներներն ու բանվորները քանդեցին թիվ 24 բնակարանի լոգարան իջնող մեր տրապի խողովակը եւ մեկ կիլոգրամ քարերի ջարդոն, ցեխ, ավազ շուռ տվեցին սանդղահարթակի վրա՝ ի ցույց բոլորի։ Ոչ, ես այդքան հեռատես չէի, որ ցելոֆանե տոպրակով այդ քարերը պահեի իբրեւ իրեղեն ապացույց։ Եթե այդտեղ կար տուժող, ապա դա մենք էինք, մեր բնակարանը։ Նրանք, ովքեր առանց ինձ ակտ էին կազմել ի վնաս մեզ՝ ոտնակոխ էին արել թե մեր իրավունքը, թե արդարությունը։ Դատարանը չբացահայտեց ճշմարտությունը: Շարունակելի Ս ԵԴԱ ՇԱԹԻՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել