Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՈՒԶՈՒՄ ԵՄ ԿՈՏՐԵԼ ՉԻՆԱԿԱՆ ՊԱՐԻՍՊԸ»

Հունվար 21,2003 00:00

«ՈՒԶՈՒՄ ԵՄ ԿՈՏՐԵԼ ՉԻՆԱԿԱՆ ՊԱՐԻՍՊԸ» Ասում է թիվ 2 գիշերօթիկի նոր տնօրենը՝ համոզված, որ հասարակությունից մեկուսացած լինելը նպաստում է գիշերօթիկ դպրոցներում ամենաթողության մթնոլորտի ձեւավորմանը: Հանրապետության հատուկ օժանդակ եւ գիշերօթիկ դպրոցներում վերջերս կատարված ստուգումները հավանաբար չէին լինի, եթե չլիներ Երեւանի թիվ 2 գիշերօթիկում կատարված դեպքը: Տարածված այս կարծիքին կարելի է ավելացնել, որ հենց այս դեպքից հետո գիշերօթիկ դպրոցների տնօրենները սկսեցին կադրային իմաստով թեթեւացնել դպրոցները՝ հատկապես ուշադրություն դարձնելով նրանց մասնագիտական համապատասխանությանը իրենց գործին: Եվ հենց այս դեպքից հետո թերեւս դիվիդենդներ շահելու նպատակով սկսեցին ակտիվություն ցուցաբերել նաեւ հասարակական կազմակերպությունները: ՀՀ ԿԳ նախարարի 05.12.02թ. համապատասխան հրամանով ստեղծված հանձնաժողովը վերոնշյալ ստուգումների արդյունքում ի թիվս ամենաթողության բազում հետեւանքների, իր ամփոփագրում գրանցել է նաեւ, որ «վերջին 10 տարիներին երեխայի իրավունքների պաշտպանության տեսանկյունից փոխվել է վերաբերմունքը հատուկ կարիքով երեխաների նկատմամբ…82301997թ. Հանրապետական հատուկ կրթահամալիրը «Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպության ֆրանսիական մասնաճյուղի օգնությամբ իրականացնում է «հաստատությունից երեխաների դուրսբերման ծրագիր»: Թիվ 2 գիշերօթիկում, ի դեպ, այս կազմակերպությունը վերջին դեպքերից հետո է միայն առաջարկել իր ծառայությունները: Դպրոցի տնօրեն Սիմոն Սիմոնյանը մեզ հետ զրույցում ասաց, որ կազմակերպությունը դպրոցի հետ նույնիսկ մեկ երեխա ընդունելու պայմանավորվածություն է ձեռք բերել: Պրն Սիմոնյանը ցավով նշեց, որ այս դպրոցի երեխաները առաջին անգամ Ձմեռ պապիկ տեսել են այս տարի, երբ հանկարծ «ի հայտ եկան» բազում հասարակական կազմակերպություններ: Դպրոցի հետ համագործակցության բավական մեծ ծրագրի առաջարկ է ներկայացրել նաեւ «Գոյատեւում» հասարակական կազմակերպությունը, որ հոգեբանական բուժսպասարկում է իրականացնում: Ծրագրին մասնակցում են նաեւ ԵՊՀ հոգեբանության ֆակուլտետի ուսանողները, եւ աշխատանքները տարվում են ոչ միայն երեխաների, այլեւ ուսուցիչների հետ: Պարզվում է, հոգեպես եւ ֆիզիկապես հիվանդ, խեղված ճակատագրով երեխաների հետ մինչ այժմ աշխատել է նաեւ հոգեբանությունից հեռու մանկավարժների մի մեծ խումբ: Պրն Սիմոնյանը նաեւ նշեց, որ 2-3 ամսում նախատեսում է կադրային փոփոխություններ իրականացնել, եւ այժմ դպրոցը դեռ փաստաթղթերի ստուգման փուլում է: Ի դեպ, տնօրենը անհատապես զրուցել է գործով տուժող երեխաների ծնողների հետ, ինչպես նաեւ ծանոթացել դատախազության նյութերին: Չի բացառվում, որ մինչ մյուս դատական նիստը դատախազությունը գործը հետ վերցնի՝ լրացուցիչ քննություն կատարելու համար: Ս. Սիմոնյանը նաեւ նշեց, որ մինչ այժմ իր դպրոցի ոչ մի երեխայի հետ անհատական աշխատանքներ չեն տարվել նրանց ամենահիմնական խնդիրների շուրջ անգամ՝ երեխայի մեջ իր անձի հանդեպ ավելորդության զգացումի, այլեւայլ բարդույթներից դուրս բերելու առնչությամբ: Ըստ մշակված նոր ծրագրի, ամեն երեխա պետք է մեկ թռչուն կամ մեկ ծաղիկ խնամի դպրոցում, ինչը կնպաստի երեխաների՝ բնությանը մերձենալուն եւ նրանց մեջ շրջապատի հանդեպ բարություն սերմանելուն: Մնում է ավելացնել, որ հանձնաժողովի տեղեկագիրը գաղտնի չէ, եւ «շահագրգիռ» կազմակերպությունները կարող են ծանոթանալ դրան ու օգնության հասնել նախապես: Օրինակ, փաստաթղթում Կապանի թիվ 27 միջնակարգ գիշերօթիկ դպրոցի մասին բառացիորեն գրված է. «Աշակերտների համար ստեղծվում են լուրջ դժվարություններ՝ ձմռան ամիսներին մութ եւ սառցապատ փողոցներով տուն հասնելու համար: Ստեղծված իրավիճակը չի բխում անչափահասների շահերից եւ անմիջական վտանգ է ներկայացնում երեխաների կյանքին, առողջությանը, նպաստավոր պայմաններ է ստեղծում երեխաների նկատմամբ բռնությունների համար»: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել