Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Միայն թե արդար, Օստապ Իբրահիմիչ»

Հունվար 21,2003 00:00

«Միայն թե արդար, Օստապ Իբրահիմիչ» «Մենք ե՛ւ ընչազուրկ ենք, ե՛ւ իրավազուրկ։ Ընչազուրկ լինելու պատճառով վաճառում ենք մեր ձայները եւ դառնում իրավազուրկ։ Իսկ իրավազուրկ լինելու ուղղակի հետեւանքով էլ ընչազուրկ ենք մնում։ Այս շղթան մի տեղ պետք է կտրվի»: «Զանգվածային լրատվության միջոցները եւ ընտրությունները» թեմայով սեմինարի մասնակիցներին այսպես ասաց իրավաբանական գիտությունների թեկնածու Հրայր Թովմասյանը։ Ընտրություններից առաջ լրագրողներիս՝ մեր իսկ ձեւակերպմամբ, «ընտրաիրավական ինքնագիտակցության բարձրացման» ծրագրի շրջանակներում սեմինարը Բաց հասարակության օժանդակության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ կազմակերպել էր Ժուռնալիստների միությունը։ Հաստատ ամբողջ հասարակությունն է ուզում, որ այդ շղթան կտրվի, բայց երեւի ամբողջ հասարակությունը չէ, որ ընչազուրկ, իրավազուրկ վիճակները միմյանցով է պայմանավորում։ «Ընտրությունների մասին ՀՀ օրենսդրությունը եւ լրատվամիջոցների դերը» զեկուցման հեղինակ Հ. Թովմասյանը առաջիկա ե՛ւ նախագահական, ե՛ւ խորհրդարանական ընտրությունների դեպքում կարեւորում է ոչ թե կոնկրետ անձերի ընտրությունը, եթե նույնիսկ վերջիններն արժանի են ժողովրդի վստահությանը, այլ հենց ժողովրդի ընտրության կայացումը, որ իշխանությունում վերջապես հայտնվեն մարդիկ, որոնց ժողովուրդն իրոք ընտրել է։ Իսկ որ ժողովուրդն իրոք ընտրի կամ, այլ կերպ ասած՝ կայանան ազատ, արդար ընտրություններ, ըստ պրն Թովմասյանի, երեք նախապայման է պետք՝ իշխանությունների քաղաքական կամք, հասարակության իրավական-քաղաքական կուլտուրայի բարձր աստիճան եւ ընտրական օրենսդրություն։ Այսինքն, հայտնվեցինք մեկ այլ շղթայի մեջ, որովհետեւ ընտրական օրենսդրություն ունենալը դժվար բան չէ, բայց ամեն մի քաղաքական իշխանության հետ այն փոփոխությունների է ենթարկվում՝ ըստ այդ իշխանության՝ ազատ, արդար ընտրություններ անցկացնելու ցանկության։ Մեր դեպքում օրենսդրությունը կարող է կատարելագործվել՝ հակառակ համեմատական ընտրությունների անցկացման արդարացիության։ Բանախոսի դիտարկմամբ, 1990-ին մեր «Ընտրական օրենսգիրքն» ավելի խոցելի է եղել, քան հիմա, սակայն ընտրակեղծիքներն ավելի քիչ են եղել։ Սա՝ ի հաշիվ վերը նշված առաջին երկու նախապայմանների։ Այսօր ԶԼՄ-ների դերը Հ. Թովմասյանը տեսնում է պետականամետ (այսինքն՝ ազատ, արդար ընտրությունների անցկացմանը նպատակաուղղված) քարոզչության իրականացման մեջ։ Հաշվի առնելով, որ այսօրվա իշխանությունների քաղաքական կամքն ամենեւին էլ ազատ, արդար ընտրությունների անցկացումը չէ, իսկ ընտրական օրենսդրությունը շատ ճկուն հարմարվում (կամ հարմարեցվում) է իշխանությունների կամքին, մեզ՝ լրագրողներիս, իսկապես մնում է հասարակության իրավական-քաղաքական կուլտուրայի աստիճանի բարձրացման վրա աշխատելը, այսինքն, պետականամետ քարոզչությունը։ Մանավանդ որ, Հ. Թովմասյանի ձեւակերպմամբ՝ «Հայաստանում ընտրությունները ոչ միայն իշխանություն ձեւավորելու, այլեւ քաղաքական էլիտայի սելեկցիայի միջոց են»։ Ի դեպ՝ սելեկցիայի ոլորտից։ Պրն Թովմասյանը համեմատություն արեց քաղաքական ընտրությունների ու դրանց արդյունքների կեղծման եւ շուկայում խնձորի ընտրություն-գնման եւ այդ ընտրության արդյունքների կեղծման միջեւ։ Երկու լավ տեսակի ընտիր խնձորներից մեկն ընտրելուց, գնելուց եւ տուն բերելուց հետո եթե գնորդը հայտնաբերի, որ իր ընտրության արդյունքը վաճառողը կեղծել է, այսինքն իրեն տվել է մյուս՝ դարձյալ ընտիր խնձորից, նրա հիասթափությունը հաստատ մեծ չի լինելու։ Իսկ մի քանի տեսակի՝ լավից մինչեւ կիսափտած խնձորներից լավն ընտրելուց հետո գնորդը եթե տանն իր պայուսակում փտածները հայտնաբերեց, կզգա հաստատ այն, ինչ սովորաբար հայաստանյան ընտրողը՝ ընտրությունների արդյունքները տեսնելուց հետո։ Երկրորդ դեպքը, ինչպես հասկացաք, մեզ համար է, առաջինի դասական օրինակ կարող են լինել ամերիկյան ընտրությունները։ Եթե վերհիշենք լրատվամիջոցների դերը ընտրությունների ժամանակ, ապա որպես դրա առաջին եւ հիմնական բաղկացուցիչ, սեմինարի բոլոր բանախոսներն ու ելույթ ունեցողները նշում էին օրենքի պահանջներից հետեւյալը՝ հավասար պայմաններ բոլոր թեկնածուների համար։ ԺՄ անդամ Մեսրոպ Հարությունյանը 1996թ. համեմատությամբ 1998-ին ԶԼՄ-ների աշխատանքի որակական աճ է արձանագրում, իհարկե՝ «հարաբերական» վերապահումով։ Վերջինս ներկայացրեց ԺՄ-ի, Երեւանի մամուլի ակումբի եւ «Ինտերնյուսի» միացյալ դիմումը, որտեղ հանդուրժողականության, օրենքով առաջնորդվելու եւ այլ կոչերով դիմում են ոչ միայն մասնավոր լրատվամիջոցների ղեկավարներին եւ լրագրողներին, այլեւ Հանրային հեռուստատեսությանը, ռադիոյին, պետական լրատվամիջոցներին, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, թեկնածուներին ու կուսակցություններին։ Ի տարբերություն անցյալ ընտրություններին մի քանի լրատվամիջոցների ստորագրած մեմորանդումի, սա հավանաբար ավելի դեմոկրատական միջոց է։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել