Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉ ԱՐԺԵ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԸ ԿԲ-ՈՒՄ

Հունվար 21,2003 00:00

Ի կատարումն «Առավոտի» եւ Կենտրոնական բանկի ապրիլի 1172ին կնքված հաշտության համաձայնագրի առաջին կետի, այս հոդվածի հերքումը կարդացեք ԻՆՉ ԱՐԺԵ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԸ ԿԲ-ՈՒՄ Բանկային համակարգի մասնավոր հատվածի նախկին պաշտոնյաներից մեկը հանդես է եկել սենսացիոն մի հայտարարությամբ։ Այդ նախկին պաշտոնյան «Կրեդիտ-սերվիս» բանկի խորհրդի նախկին նախագահ Բորիս Առաքելյանն է, որի հայտարարությունը տպագրում ենք ամբողջությամբ, առանց խմբագրման։ «Ես՝ Բորիս Մկրտչի Առաքելյանս, սույնով հայտնում եմ, որ 1999թ. մարտ, ապրիլ ամիսներին, երբ «Կրեդիտ- սերվիս» բանկի գործադիր տնօրեն էր աշխատում Արտաշես Դավթյանը, դիմել էր ինձ, որպես բանկի խորհրդի նախագահի, խնդրանքով, որպեսզի նրան տրամադրվի 150000 (հարյուր հիսուն հազար) ԱՄՆ դոլար՝ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանին կաշառք տալու համար, որի դիմաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը Արտաշես Դավթյանին պետք է նշանակի ՀՀ ԿԲ վերահսկողության դեպարտամենտի պետ։ Ես սկզբից չհամաձայնեցի, հետո նա ինձ համոզեց, որ իր գնալը հետագայում կօգնի «Կրեդիտ-սերվիս» բանկի գործունեությանը եւ ընդհանրապես լավ կլինի։ Որպեսզի ես համոզվեի, որ նա այդ 150 հազարը տալու է Տիգրան Սարգսյանին, մի քանի անգամ իմ ներկայությամբ զանգահարում էր Տիգրան Սարգսյանին, պատմում էր Սարգսյանի հետ անցկացրած ժամանցների մասին, ցուցադրում էր Տիգրան Սարգսյանի հետ նկարված լուսանկարները եւ իրենց մտերմությունն ապացուցող այլ գործողություններով համոզեց, որ, իրոք, այդ գումարը փոխանցելու է Տ. Սարգսյանին։ Գումարն ինչ-որ ձեւով բանկից դուրս բերելու համար նա շինծու վարկեր է ձեւակերպել— (անունը բաց ենք թողնում՝ կոմերցիոն գաղտնիք չհրապարակելու համար- Ա. Ու.) անվամբ՝ 50 հազար ԱՄՆ դոլար եւ — (երկրորդ վարկառուի անունն էլ ենք նույն պատճառով բաց թողնում- Ա. Ու.) անվամբ՝ 100 հազար ԱՄՆ դոլար։ Վարկերի այդ գումարները ստանալուց հետո 20-25 օր անց Արտաշես Դավթյանն, իրոք, նշանակվեց ԿԲ-ի Վերահսկողության դեպարտամենտի պետ։ Այն, որ —ի եւ —ի անվամբ ձեւակերպված վարկի գումարները ստացել է անձամբ Ա. Դավթյանը՝ դատախազությունում տված իր ցուցմունքում հաստատել է բանկի նախկին գանձապահ Սոնա Շահբազյանը։ Ես գիտակցում եմ իմ կողմից կատարված սխալը եւ սույն հայտարարությամբ ցանկանում եմ օգնել քննչական մարմիններին բազմակողմանի օբյեկտիվ քննություն կատարելու համար։ Սույն հայտարարությունը գրված է իմ ձեռքով, ճիշտ է, գրում եմ առանց հարկադրանքի, սթափ մտքով, որի համար ստորագրում եմ»։ Ստորագրված է հայտարարության երկու էջին էլ։ Ի դեպ, բնօրինակն է խմբագրությանը հանձնված։ Մեկնաբանություններից զերծ ենք մնում։ Միայն նշենք, որ հայտարարությունը շարադրված է այնպես, որ հնարավորինս քիչ հարցեր առաջանան։ Հարկ ենք համարում նշել, որ 150 հազար դոլար կաշառքի դիմաց Ա. Դավթյանին Տ. Սարգսյանի կողմից ԿԲ վերահսկողական դեպարտամենտի պետի պաշտոնում նշանակելու վերաբերյալ «Առավոտին» լուրեր էին հասել ավելի վաղ, որոնք ասեկոսե ենք համարել, անուշադրության ենք մատնել եւ չենք հրապարակել որեւէ հիմնավորում չունենալու պատճառով։ Իսկ հիշյալ հայտարարությունը խմբագրությանն են տրամադրել բանկային համակարգի հետ սերտագույն առնչություններ ունեցող մեր աղբյուրները՝ խնդրելով հրապարակել այն կամ որեւէ նյութ պատրաստել։ Ի տարբերություն նմանատիպ շատ այլ դեպքերի, այս անգամ մեր աղբյուրները պատրաստ են բացահայտվել, ինչն այս պահին «Առավոտը» հարմար չի գտնում եւ ինչը կանենք անհրաժեշտության դեպքում՝ դատարանում։ Հայտարարության արժանահավատությունն ընդգծելու համար մեր աղբյուրները տրամադրել են նաեւ մի շարք փաստաթղթեր, որոնց մի մասը՝ բնօրինակներով։ Սույն փաստի առիթով ուսումնասիրության համար կհրավիրեինք ՀՀ գլխավոր դատախազության ուշադրությունը, սակայն անիմաստ է. մեր տեղեկություններով, այս հայտարարությունում նշված փաստերի վերաբերյալ մանրամասն ցուցմունքներ կան ՀՀ գլխավոր դատախազության վարույթում գտնվող քրեական գործում։ Ըստ մեր աղբյուրի՝ հիմնավորված այլ ցուցմունքներով։ Երեկ մեզ չհաջողվեց դատախազությունից ճշտել այս տեղեկության իսկությունը։ Եթե չկան, պատրաստ ենք տրամադրել մեր ունեցած փաստաթղթերի մի մասը։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ Հ. Գ. Մեր տեղեկություններով, հայտարարության հեղինակը՝ Բ. Առաքելյանը, ողջ եւ առողջ է, եւ հուսով ենք, որ երկու ամսից նա չի մահանա թոքերի քաղցկեղից կամ պատահական ավտովթարից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել