Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Գժությո՞ւն», թե՞…

Հունվար 21,2003 00:00

«Գժությո՞ւն», թե՞… Մեր թերթի հունվարի 17-ի համարում մենք հիշեցրինք, որ Տիգրան Նաղդալյանի սպանությունից ամիսներ առաջ Երեւանում տարածվում էին թռուցիկներ, որտեղ ակնհայտ սպառնալիքներ կային երկրի ղեկավարների, քաղաքական գործիչների, այդ թվում՝ Տիգրան Նաղդալյանի հասցեին: Հնարավոր է, դրանք պարզապես աննորմալ մարդկանց հոխորտանքներ էին: Բայց… Աննորմա՞լ է արդյոք Նաիրի Հունանյանը: Այո՝ այն չափով, որով աննորմալ է ցանկացած մարդասպան: Մարդկային կյանք խլելը, կարծում եմ, նորմայից դուրս երեւույթ է: Նաիրին դաստիարակվել է ավանդական, ազգային-ազատագրական, դաշնակցական /ինչպես ուզում եք՝ անվանեք/ արժեքային համակարգի հիման վրա, ըստ որի՝ հանուն ինչ-որ գաղափարի մարդ սպանելը ոչ միայն հնարավոր է, այլեւ հերոսություն է, հայրենասիրություն: Նա համոզված էր, որ ինքը հենց այն «ազգի նվիրյալներից» է, ում թույլատրվում, արտոնվում է մարդկային կյանք խլել: /Ի դեպ, սեփական առաքելության մասին նման բարձր կարծիք ունեն, որպես կանոն, գորշ միջակությունները/: Ահա այդպիսի «մարդկային նյութն» են օգտագործել «27»-ի կազմակերպիչներն ու ուղղորդողները: Բայց այդ ուղղորդումը, հավանաբար, չէր կարող լինել պարզունակ՝ «գնա, խփիր նրանց»: Շատ ավելի հավանական է, որ դա երկարատեւ, նպատակասլաց եւ պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունք է: Այսինքն՝ տարբեր ժամանակներում, տարբեր տեղերում, տարբեր մարդիկ «հասունացրել» են այդ հանցագործությունը: Ահա այդ ամենին պետք է հակադրվեր մեր համապատասխան ծառայությունների պրոֆեսիոնալիզմը: Գիտեի՞ն այդ ծառայությունները հիշյալ հանդիպումների եւ խոսակցությունների մասին: Այո, գիտեին՝ քրեական գործի նյութերում կան ԱԱ աշխատակիցների՝ այդ բովանդակության զեկույցներ, որոնք արհամարհվել են ՆԳ եւ ԱԱ նախարարության ղեկավարության կողմից: Արդյոք այդ արհամարհանքը պարզապես հանցավոր անգործությո՞ւն էր, թե՞ ավելին՝ այդ հարցի պատասխանը հասարակությունն առայժմ չի ստացել: Այդ պատմությունը հիշեցնում եմ սոսկ այն պատճառով, որ կարծում եմ՝ եթե ճիշտ է Տիգրանի սպանության քաղաքական վարկածը, ապա այդ հանցագործությունը կարելի էր կանխել: Ճիշտ նույն ձեւով՝ քաղաքական գործիչների եւ երկրի ղեկավարների հասցեին սպառնալիքները կարող են պարզապես «գժերի զառանցանքներ» լինել, բայց կարող են եւ չլինել: Այդ ղեկավարների համար ուշքս չի գնում, բայց ահաբեկել նրանց՝ նշանակում է ահաբեկել պետությունը: Իսկ դրանով պետք է զբաղվեն անվտանգության մարմինները, եթե իսկապես ուզում են բացառել ահաբեկչությունը: Բայց հիշյալ մարմինները ինչ հիմարություններով ասես չեն զբաղվում՝ սկսած օբյեկտներից «նալոգ» հավաքելուց, վերջացրած ուրիշի անկողինը քթները խոթելով: Իհարկե, դա ավելի հեշտ է, քան պետական հանցագործություն կանխելը: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել