Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մանրուք՝ հետագայի համար

Հունվար 21,2003 00:00

Մանրուք՝ հետագայի համար ՀՀ նախագահի պաշտոնական /սկզբից ասում էին՝ պետական/ այցը Ռուսաստան որեւէ անհրաժեշտություն չէր ներկայացնում երկու պետությունների եւ նրանց ժողովուրդների համար: Պարզ է, որ այն պետք էր անձամբ Քոչարյանին եւ կազմում էր նրա նախընտրական արշավի ամենակարեւոր կետը: Ցույց տալ մեր ռուսասեր ժողովրդին, որ նա ռուս թագավորի փոքր եղբայրն է՝ Հայաստանի ցանկացած ղեկավարի համար նշանակում է ամրապնդել սեփական դիրքերը հայրենիքում: Մանավանդ, որ հայաստանցիները հատուկ սեր ունեն Վլադիմիր Պուտինի հանդեպ՝ չգիտես ինչու գտնելով, որ նախկին չեկիստը փայլում է առանձնակի պետական իմաստնությամբ: Հիմա թող նախագահի ընդդիմադիր /եւ նույնքան ռուսասեր/ թեկնածուները նախանձից պայթեն, այցի այս կամ այն մանրուքից կպչեն եւ պնդեն, որ Քոչարյանը Պուտինի եղբայրը չէ, այլ հորեղբոր տղան է կամ բաջանաղը, այնինչ իսկական եղբայրները իրենք են /ասենք՝ Գեղամյանը, Արամ Կարապետյանը կամ Արամ Գասպարիչը/, ժողովուրդը նրանց չի հավատա: Ժողովուրդը կհարցնի. «Իսկ դու, Գասպարիչ, Պուտինի հետ նստել-վերկացե՞լ ես, նրա հետ հաց կերե՞լ ես, սաունա-մաունա գնացե՞լ ես: Ո՞չ: Դե, ուրեմն, մի՛ խաբիր՝ Պուտինի եղբայրը Քոչարյանն է, որ կա»: Պետք է ասել, որ ռուսական կողմն իր հերթին սրտանց նպաստեց մեր նախագահի նախընտրական PR-ին: Պուտինը, հավանաբար, առաջնորդվում էր մոտավորապես նույն տրամաբանությամբ, որով ժամանակին ղեկավարվում էր ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը Նիկարագուայի բռնակալ Սամոսայի հետ հարաբերություններում: Քոչարյանն էլ իր դերը խաղաց լավ՝ ամուր «4»-ի: Թեեւ նրա մտքերը հայ-ռուսական դարավոր բարեկամության մասին մեծ օրիգինալությամբ եւ առանձնակի խորությամբ չէին փայլում, բայց ՀՀ նախագահն ասաց այն ամենը, ինչը այդ հանգամանքներում պետք է ասվեր: Հետագայի համար ուզում եմ ուշադրություն հրավիրել մի մանրուքի վրա: Այցի հովանավորն էր Արա Աբրահամյանը Մալիշկա գյուղից: Հիմա նա ռուսաստանյան սուպերբիզնեսմեն է եւ հայ ժողովրդի մեծ բարերար: Չեմ բացառում, որ նույնիսկ քաղաքագիտության դոկտոր է: Տվյալ դեպքում նա կազմակերպեց այցի մշակութային ծրագիրը եւ լուսաբանումը ռուսաստանյան առաջատար հեռուստաալիքներով: Ընդհանուր առմամբ, իհարկե, նորմալ է, երբ հայ բիզնեսմենը գումարներ է ծախսում նման նպատակների համար: Բայց մի տեղ պրն Աբրահամյանը ակնհայտորեն վրիպեց. ժամանակ գնելով OPT հեռուստաալիքում, նա անձամբ դարձավ OPT172ի հյուրը եւ բառիս բուն իմաստով բռնաբարեց ռուսաց լեզվի բոլոր կանոնները: Իսկ նրա դատողությունները միանգամայն համապատասխանում էին հայրենի գյուղի կոլխոզի նախագահի մակարդակին: Մեկը պետք է նրան հուշեր՝ վճարիր, բայց քո փոխարեն ուղարկիր պատկառելի մեկին՝ ասենք, Արթուր Չիլինգարովին կամ Անդրանիկ Միհրանյանին: Դա մեր գրեթե բոլոր մեծահարուստների ցավն է: Նրանք կարծում են. եթե հարուստ են, ապա անպայման խելացի են եւ գրագետ: Եթե այդ պատրանքից էլ ազատվեն, ամեն ինչ տեղը կընկնի: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել