Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՏԻՏԱՆԻԿՆԵՐՆ ԷԼ ԵՆ ԵՐԲԵՄՆ ՍՈՒԶՎՈՒՄ»

Հունվար 21,2003 00:00

«ՏԻՏԱՆԻԿՆԵՐՆ ԷԼ ԵՆ ԵՐԲԵՄՆ ՍՈՒԶՎՈՒՄ» Վստահ է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, ՀՀ նախագահի թեկնածու Արամ Սարգսյանը ֊ Ինչո՞ւ եք ցանկանում դառնալ ՀՀ նախագահ։ – Որովհետեւ սիրում եմ իմ երկիրը: Որովհետեւ տեսնում եմ, որ կան եղբորիցս եւ «Միասնություն» դաշինքից կիսատ մնացած ծրագրեր, եւ տեսնում եմ, որ որեւէ մեկը չի շարունակում այդ ծրագրերը, այլ ընդհակառակը՝ երկիրը տանում են սխալ ուղղությամբ։ Որովհետեւ ունեմ սեփական մոտեցում երկրի ապագայի հանդեպ, որովհետեւ իմ մեջ տեսնում եմ այդքան ուժ այդ ծրագրերն իրականացնելու համար։ – Եթե դառնաք ՀՀ նախագահ, մտադի՞ր եք փոխել ՀՀ օրհներգը։ – Այո, որովհետեւ ոչ երաժշտությունը, ոչ բառերը օրհներգ չեն հիշեցնում։ – Ո՞րն է Ձեր սիրած քաղաքը։ – Հայաստանում սիրածս քաղաքը Երեւանն է։ Շատ կցանկանայի, որ մյուս քաղաքներն էլ իրենց քաղաքային կերպով մոտենային Երեւանին։ Որպես գողտրիկ քաղաքներ՝ շատ հավանում եմ եւ Գորիսը, եւ Դիլիջանը։ Արտասահմանյան քաղաքներից ամենաշատը սիրում եմ Լոնդոնը։ – «16»-ի միավորումում շարունակ հայտարարում են, թե անպայման լինելու է միասնական թեկնածու, սակայն այդպես էլ որեւէ անուն չի որոշակիանում։ – Ընդդիմությունը հանդես է գալու միասնական թեկնածուով. երբ, ինչպես եւ ով՝ այդ հարցը թեկնածուներն իրենք արդեն որոշել են եւ համապատասխան պահին, համապատասխան իրավիճակում այդ մասին կհայտարարեն։ – Որոշումն արդեն կայացվե՞լ է։ – Այո: Որոշում կայացվել է որոշում կայացնելու մասին: – Ուրեմն ասեք՝ ո՞վ է միասնական թեկնածուն։ – Չեմ գտնում, որ ժամանակն է այդ մասին խոսելու, թեկնածուի անունը կասվի ճիշտ պահին։ – Ձեր գնահատմամբ՝ նախագահական ընտրությունները կավարտվեն առաջի՞ն փուլում, թե՞ կլինի երկրորդ փուլ։ – Ես հակված եմ մեկ փուլով նախագահական ընտրությունների տարբերակին։ Համոզված եմ, որ ընդդիմության ճիշտ աշխատանքի դեպքում ընտրությունները կավարտվեն մեկ փուլով։ – Թեպետ մեր թերթում Դուք անդրադարձել եք ընտրությունների շեմին Ձեր իսկ ակնարկած անակնկալներին, այնուամենայնիվ, ճշտեք, թե ինչ անակնկալներ նկատի ունեիք։ – Այո, ես խոսել եմ անակնկալների մասին։ Կարծում եմ, իշխանությունները եւս անակնկալներ կմատուցեն, իրենք էլ են այդ ուղղությամբ մտածում։ Իհարկե, մենք էլ ենք մտածում։ Նախընտրական շրջանում անակնկալներ լինելու են՝ կապված թեկնածուների, նախընտրական տեխնոլոգիաների հետ։ – Տիգրան Նաղդալյանի սպանությունից հետո մեղադրանքներ հնչեցին ընդդիմության, մասնավորապես՝ նախագահի թեկնածուների հասցեին։ – Դա նախընտրական տեխնոլոգիա էր, որ իշխանությունները փորձեցին օգտագործել։ Չեմ կարծում, որ դա խոսում է իրենց բարոյականության մասին։ – Այդ սպանության մի քանի վարկած է շրջանառվում, այդ թվում՝ նաեւ «Հոկտեմբերի 27»-ի վարկածը, ըստ որի Նաղդալյանի սպանությամբ ընդմիշտ լռել է «Հոկտեմբերի 27»-ի գործով կարեւորագույն վկաներից մեկը։ – Բոլոր վարկածները ստուգման ենթակա են։ Եվ ոչ միայն այս սպանության, այլ մնացած բոլոր դեպքերի համար։ Սկսած Արծրուն Մարգարյանից։ Խորհուրդ կտայի, որ պատկան մարմինները ստուգեին բոլոր վարկածները։ «27»-ի վարկածը համարում եմ հնարավոր վարկած։ Իմ պարագայում՝ որպես նաեւ տուժողի իրավահաջորդի եւ ոչ թե քաղաքական գործչի, որը քիչ ջանք ու միջոցներ չէր տրամադրել կոնկրետ տեսաերիզի փորձաքննության համար, սպասվում էր, որ Տիգրան Նաղդալյանը կպատասխանի այդ հարցերին։ Ցանկացած պատասխան որոշակի ուղղվածություն ու լուսաբանում էր մտցնելու այդ գործում։ Ո՞ւմ էր ձեռնտու, որ Տիգրան Նաղդալյանը չպատասխաներ։ Նույնը վերաբերում է նաեւ Տիգրան Նազարյանին. ո՞ւմ է ձեռնտու, որ նա չգա Հայաստան եւ ցուցմունքներ տա։ «27»-ի մյուս վկաները, որ հիմա ԱՄՆ-ում են, իրենց ասելով՝ վախենում են Հայաստան գալ ու ցուցմունք տալ, որովհետեւ իրենց վախեցրել են։ Որպես տուժողների իրավահաջորդներ՝ ինձ եւ Ստեփան Դեմիրճյանին լրիվ ձեռնտու է, որ նրանք գան, մտնեն դատարան եւ ցուցմունքներ տան։ Թե ովքեր են նրանց վախեցրել, պետք է պարզել։ – Սակայն առայժմ կարծես «16»-ի միավորումը հայտարարություններից այն կողմ չի անցնում։ Թեպետ այդ հայտարարություններն էլ վկայում են առկա կեղծիքների մասին։ – Իմ խնդիրը ոչ թե իրավական դաշտում կեղծիքների դեմն առնելն է, դրա համար «16»-ում իրավական ավելի մեծ փորձ ունեցող կուսակցություններ կան եւ իրենք ստանձնել են այդ պատասխանատվությունը։ Իմ խնդիրը ընտրությունների օրը կեղծիքներ թույլ չտալն է։ ժողովուրդն ինքը պիտի որոշի, թե ո՞վ է իր նախագահը։ Իմ շտաբները ժողովրդի ազատ կամարտահայտությունն ապահովելու համար են։ – Հինգ հեռուստաընկերություններ փաստորեն գրաքննություն են սահմանել եւ որեւէ թեկնածու մեկ ուրիշի օգտին չի կարող խոսել վճարովի եթերաժամին։ Փաստորեն, եթե միավորումն ունենա էլ միասնական թեկնածու, մյուսները չեն կարող գովազդել նրան։ – Դա հուշում է, որ իշխանությունները վախեցած են եւ վախեցած են խիստ։ Ես ուղղակիորեն ուզում եմ ասել, որ այսօրվա իշխանություններն արդեն սպառված են։ Իրենց երգը երգված է։ Մենք խնդիր չունենք իրենց դեմ պայքարելու։ Իրենց շրջապատող մարդկանց մի մասը խաբված է, իսկ մյուս մասը ստիպված է ծառայել։ Ես թշնամություն չունեմ նաեւ այդ մարդկանց հանդեպ։ – Արդյո՞ք թերագնահատելով հակառակորդին՝ Դուք չեք թուլանում եւ չեք կորցնում զգոնությունը։ – Ես հակառակորդին չեմ թերագնահատում: Հակառակորդն օբյեկտիվորեն թույլ է, ուղղակի իշխանական լրատվամիջոցներով հաստատվում է նրա անպարտելիության առասպելը։ Իբր՝ Քոչարյանի դեմ խաղ չկա։ Եթե խաղ չկար, ինչո՞ւ Աժ-ում կանոնակարգ փոխեց, ինչո՞ւ կասեցրեց իմփիչմենթի գործընթացը, ինչո՞ւ փակեց «Ա1+»172ը եւ «Նոյյան Տապանը», ինչո՞ւ չի ընդունում տեսաժապավենի մոնտաժման փաստը, ինչո՞ւ արդեն վեց ամիս ձգձգում է տեսաժապավենի ստուգումը… Այս շարքը եթե շարունակեմ, կապացուցվի, որ սա ոչ թե դեմը խաղ չունեցող մարդու կեցվածք է, այլ վախեցած մարդու կեցվածք։ Եվ իմ գնահատականը բացարձակ քաղաքական է։ Ես Քոչարյանին համարում եմ խփված խաղաքարտ։ ժամանակի մեջ նա խփված է՝ անկախ ընտրությունների ելքից։ – Իսկ Սերժ Սարգսյա՞նը։ – Սերժ Սարգսյանը քաղաքական երկարակյաց է, բայց տիտանիկներն էլ են երբեմն սուզվում։ Նա չափից ավելի շատ իրեն կապեց Ռոբերտ Քոչարյանի հետ։ Դա իր կյանքի ամենաանզգույշ քայլն էր։ – Դուք Քոչարյանին համարում եք խփված խաղաքարտ, բայց նույնիսկ Ձեր կողմից արված սոցհարցումներում նա առաջին տեղում է։ – Մեր վերջին սոցհարցումներում ունեինք նաեւ հետեւյալ հարցը. «Ո՞ր թեկնածուին որեւէ պայմանում ձայն չէիք տա»։ Հանրապետության բնակչության 78 տոկոսը կտրականապես որեւէ պայմանով Ռոբերտ Քոչարյան թեկնածուին ձայն չէր տվել։ Իրական սոցհարցումների տվյալներին, կարծում եմ, տեղյակ են թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Սերժ Սարգսյանը եւ այդ պատճառով են լրատվական դաշտում նման սահմանափակումներ մտցվում, ԿԸՀ-ում թեկնածուների գրանցումն այս կարգով է ընթանում եւ Րաֆֆի Հովհաննիսյանի խնդիրը երկակի ստանդարտներով է լուծվում։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵԱԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել