Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍՏԱԼԻՆԳՐԱԴՆ ԱՆԿՈՒՄ ԿԱՊՐԻ

Հունվար 21,2003 00:00

ՍՏԱԼԻՆԳՐԱԴՆ ԱՆԿՈՒՄ ԿԱՊՐԻ Եթե փետրվարի 19-ին Արտաշես Գեղամյանը չընտրվի ԱԺ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը կրկին ընդդիմության, այն՝ էլ արմատական ընդդիմության, շարքերում է: Իհարկե, շատերն են հիշում պրն Հովհաննիսյանի կեցվածքը «Հոկտեմբերի 27»-ից հետո, ՀԺԿ-ից նրա դուրս գալու շարժառիթները, Ռ.Քոչարյանին ուղղված նրա հաճոյախոսություններն ու ընդդիմության դատափետումները, ԱԺ-ում նոր խումբ ստեղծելու նախաձեռնությունն ու, ի վերջո, իշխանություններից նրա հիասթափությունը: Ահավասիկ գիտակցելով, թե որեւէ մեկն իր քաղաքական դիրքորոշումների այս վայրիվերումներին վերաբերող հարցադրում կանի, պրն Հովհաննիսյանն ինքը դրան անդրադարձավ: «Եթե հիշում եք, ես հոկտեմբերին հայտարարում էի, որ լինելու եմ չեզոք՝ ընտրությունների ժամանակ, եւ արբիտրի դեր եմ ստանձնելու՝ փորձելով ապահովել խաղի ճշմարիտ կանոնների պահպանումը: Հիմա ի՞նչ փոխվեց, կհարցնեք»,- սեփական անձին խաղի կանոններ կարգավորողի նշանակություն տալով՝ հայտարարեց պրն Հովհաննիսյանը: Ըստ նրա, այսօր հայաստանյան իրականության մեջ «քաղաքական հիմարացում է տեղի ունենում, իսկ այդ դեպքում քաղաքականությունը վեր է ածվում խեղկատակության, եւ հրապարակային քաղաքական գործունեությունը դառնում է անհնարին»: «Եվ ես տեսա, որ իմ այդ (չեզոք- Ն.Մ.) կեցվածքում շահագրգիռ են այն մարդիկ, ովքեր ուզում են շարունակել եւ խորացնել քաղաքական դաշտն ապականելու գործընթացը»,- հայտարարեց Հ.Հովհաննիսյանն ու հավաստիացրեց, թե այդ ամենի գիտակցումն ու երկիրը փրկելու ձգտումն էր, որ իրեն ստիպեցին ավելի ակտիվ դերում հանդես գալ՝ «որքան էլ դա ծանր էր» իր համար: Այդ ինքնազոհությունը, պարզվեց, աննպատակ չէ՝ «Ես իմ փորձով ուզում եմ հասարակությանը նաեւ ցույց տալ, որ յուրաքանչյուր ոք ընտրությունների ընթացքում պարտավոր է ակտիվ քաղաքական դիրքորոշում ցուցաբերել մի շարք պատճառներով»: Դրանցից մեկը նա համարեց արտաքին քաղաքականությունը: «Մտածեք բոլո՛րդ,-հորդորեց նա՝ մեկնելով այն մտավախությունը, որ ուներ:- Անցած 70 տարվա պատմության մեջ երկրորդ անգամ Թուրքիան ձգտում է իր զինուժը մտցնել Անդրկովկաս»: Նա հիշեցրեց, որ առաջին նման փորձը եղել է այն ժամանակ, «երբ Հիտլերը կանգնած էր Ստալինգրադի պատերի տակ, երբ 300 հազար հայորդիներ գնացին պաշտպանելու Ստալինգրադը»: «Իսկ ո՞վ ասաց, որ այս ընտրությունները մեր Ստալինգրադը չեն: Եթե այսօր ընդդիմությունը, ոչ թե ընդդիմությունը, կոնկրետ ասեմ՝ Արտաշես Գեղամյանը, չհավաքի պատկառելի թվով ձայներ, այս անգամ թուրքերին դա կհաջողվի»,- վրդովվեց Հ.Հովհաննիսյանը: Նա նաեւ խորհուրդ տվեց հայ հասարակայնությանը՝ քաղաքական գործիչներին նայել որպես որոշակի գաղափարների, ծրագրերի կենսագործման միջոցի: Հ.Հովհաննիսյանի խոստովանությամբ՝ ինքը հատկապես այդպես է վերաբերվել իր «մեծ ուսուցիչ», արժանահիշատակ Կարեն Դեմիրճյանին: «Նա ինձ համար միջոց էր, որովհետեւ տվյալ իրավիճակում ես տեսնում էի, որ նա միակ մարդն է, որի միջոցով հնարավոր է հաղթահարել իշխանությունների եւ ժողովրդի միջեւ վերջին 10-ամյակում ստեղծված անջրպետը: Այսօր գտնում եմ, որ այդ մարդը Ա.Գեղամյանն է: Ես համոզված եմ, որ նա է այն անհատականությունը, որը կարող է երկրորդ փորձն անել հաղթահարելու այդ վիհը, որ կա իշխանության եւ ժողովրդի միջեւ: Նա միակ խարիզմատիկ առաջնորդն է, այն գործիքը, միջոցը, որը կարող է դա անել»,- հազիվ բուն նյութին հասավ ԱԺ պատգամավորը: Մոտ 2 ամիս Ա. Գեղամյանի հետ մոտիկից շփվելով, գաղափարական, ծրագրային, նաեւ, մասնավորապես, ընտրություններում հաջողության հասնելուց հետո՝ կադրային քաղաքականության, ետխորհրդային շրջանում ինտեգրման գործընթացների հեռանկարի եւ այլ հարցեր քննարկելով՝ Հ.Հովհաննիսյանը եկել է այն եզրակացության, որ լավագույն ընտրությունը հենց Ա. Գեղամյանն է: Տարակարծությունը վերջիններիս միջեւ կայանում է միայն նրանում, որ Հ. Հովհաննիսյանի գնահատմամբ՝ Ռ. Քոչարյանն իր շրջապատի ձեռքն է կրակն ընկել, իսկ Ա.Գեղամյանի կարծիքով՝ այդ Ռ. Քոչարյանի շրջապատն է նրա ձեռքին կրակն ընկել: Իսկ ինչո՞ւ Ա. Գեղամյանին եւ ոչ ՀԺԿ նախագահ, ՀՀ նախագահի մեկ այլ թեկնածու Ստեփան Դեմիրճյանին: Հ. Հովհաննիսյանը Ստ. Դեմիրճյանին այնքան խարիզմատիկ դեմք չի համարում, որքան Ա.Գեղամյանին. «Ստ. Դեմիրճյանը կաշկանդված է լինելու Կարեն Դեմիրճյանի իմիջով»: Ըստ Հ.Հովհաննիսյանի, «Ստ. Դեմիրճյանը քաղաքականություն է եկել Կ.Դեմիրճյանի իմիջի շնորհիվ եւ դեռ չի հասցրել այնպիսի արդյունքի հասնել, որ կարողանա դուրս գալ հոր ստվերից»: Մինչդեռ Ա. Գեղամյանն այդպիսի «կոմպլեքսներ» չունի, վճռական է եւ տեր կկանգնի իր ձայներին: «Կոչ եմ անում քվեարկել նրա օգտին, որովհետեւ նրան տրված յուրաքանչյուր ձայն երկրի բարգավաճման հեռանկարի համար է»: Հ.Հովհաննիսյանը կարծիք հայտնեց, թե Ստ.Դեմիրճյանը ճիշտ կանի, եթե համաձայնի նրա «մշակած բանաձեւի հետ» եւ այս փուլում զիջի Ա.Գեղամյանին եւ պաշտպանի վերջինիս՝ որպես «ԱՄ» եւ ՀԺԿ կուսակցությունների կողմից առաջադրված միասնական թեկնածուի՝ հեռանկարում ունենալով ԱԺ նախագահ դառնալու պայմանավորվածությունը, որի դեպքում Ստ.Դեմիրճյանը «կտեղավորվի հոր իմիջի շրջանակներում»: Որ այդ պայմանավորվածությունը կնշանակի իշխանության հերթական ուզուրպացում՝ Հ.Հովհաննիսյանը համեստաբար լռեց: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել