Չեմ կարող հանդուրժել նման անարդարությունը Ով չի ճանաչում Րաֆֆի Հովհաննիսյանին. նա ծնունդով ԱՄՆ-ից է, ավելի ստույգ՝ հայաշատ Կալիֆոռնիա նահանգից։ Կրթություն ստանալուց հետո տեղափոխվել է Հայաստան։ Սկզբնական շրջանում հայրենիքում աշխատել է որպես արտաքին գործերի նախարար, որը թողնելուց հետո ստեղծել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների կենտրոն եւ զբաղվել տնտեսական եւ քաղաքական կնճռոտ խնդիրների լուծմամբ։ Ամուսնացել է հայուհու հետ եւ ունեցել 5 զավակ՝ Կարին, Տարոն, Վան, Շուշի, Արմեն հայաշունչ անուններով… Րաֆֆին իր արտաքին կեցվածքով եւ համեստ ու կիրթ բնավորությամբ օրինակ է ծառայել եւ ծառայում է շրջապատի համար։ Մասնագիտությամբ իրավաբան է, ավարտել է ամերիկյան միջնակարգ եւ բարձրագույն կրթության նշանավոր հաստատությունները։ Հիմնովին տիրապետում է հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն լեզուներին։ Հայրը՝ Ռիչարդ Հովհաննիսյանը, մեր ժամանակների ամենավաստակաշատ եւ անվանի պատմաբաններից է, մայրը՝ Վարդիթեր Կոնճոլուզյան172Հովհաննիսյանը, անվանի բժիշկ է, զբաղվում է նաեւ բժշկական գիտական գրականության թարգմանությամբ։ Կինը՝ Արմենուհի Հովհաննիսյանը, Երեւանում գործող «Պատանեկան նվաճումներ» կազմակերպության նախագահն է, քաղաքացիական կրթության հայաստանյան առաջին դասագրքի հեղինակը եւ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիրը։ 1988թ. ավերիչ երկրաշարժից հետո Րաֆֆի Հովհաննիսյանի ընտանիքը բնակություն է հաստատում Հայաստանում։ Նա նշանակվում է անկախացած ՀՀ արտաքին գործերի առաջին նախարար։ Այդ պաշտոնում նրա աշխատելու ընթացքում ՀՀ-ն դարձել է ՄԱԿ-ի եւ մի շարք այլ միջազգային կազմակերպությունների անդամ, դիվանագիտական կապեր է հաստատել ավելի քան 100 երկրի հետ, հիմք է դրվել ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացին։ Վերը նշված տվյալներով հայ երիտասարդն իր թեկնածությունը առաջադրում է նախագահական ընտրություններին։ Եվ դա միանգամայն բնական քայլ է։ Բայց ահա դատարանը մերժում է նրա դիմումը՝ պատճառաբանելով, որ, իբր, Հայաստանում նրա բնակության 10 տարին չի լրացել։ Մենք պիտի հասկանանք եւ ընդունենք, որ Հայաստանը համայն հայության հայրենիքն է եւ մենք միասնաբար պիտի կառուցենք եւ զարգացնենք այն։ Եթե մինչեւ հիմա հայերիս ցրվածությունը աշխարհում եղել է մեր դժբախտությունը, ապա այժմ այն կարող է դառնալ մեր ուժի, հզորության աղբյուրը։ Ուրեմն պիտի հենց այդ ուղղությամբ էլ աշխատենք եւ ոչ թե արգելափակումներ դնենք ինքներս մեր ճանապարհին։ Այժմ հայերիս թիվը ԱՄՆ-ում հասնում է շուրջ 2 միլիոնի, որի կեսից ավելին բնակվում է Կալիֆոռնիայում։ Ինչո՞ւ, օրինակ, այդտեղից մեկն ու մեկը իր թեկնածությունը չպիտի առաջադրի նախագահական ընտրությանը։ Վերջին տարիներին Մերձբալթյան երկրներում նախագահներ են ընտրվել իրենց սփյուռքից։ Ինչո՞ւ մենք մեզ պիտի սահմանափակենք եւ մինչեւ ե՞րբ։ Նման անարդարությունը հանդուրժել չի կարելի։ Կոչ եմ անում խելքի գալ եւ ճիշտ հաշվարկել ու օգտագործել մեր հնարավորությունները եւ, եթե անհրաժեշտ է, փոփոխություններ մտցնել Սահմանադրության մեջ։ ԳՐԻԳՈՐ ԱՎԱԳՅԱՆ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս