Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղավոր է Փհենյանը, բայց պատժելու են Բաղդադին

Հունվար 18,2003 00:00

Մեղավոր է Փհենյանը, բայց պատժելու են Բաղդադին Հունվարի 10-ին Հյուսիսային Կորեան հայտարարեց միջուկային զենքի չտարածման պայմանագրից դուրս գալու մասին, ինչը լուրջ տագնապ առաջացրեց ողջ աշխարհում։ Ճիշտ է, Փհենյանի պնդմամբ, իր միջուկային ծրագիրը զուտ խաղաղ ուղղվածություն ունի, սակայն վերջին օրերին թվում է, խոսքը ծրագրի նաեւ ռազմական մասի իրագործման մասին է։ Նման ճգնաժամային իրավիճակ արդեն ստեղծվել էր մի քանի տարի առաջ, երբ, ի պատասխան Փհենյանի միջուկային ծրագրի դադարեցման, ԱՄՆ-ը խոստացել էր երկրում երկու ատոմակայան կառուցել եւ պարբերաբար մազութ մատակարարել Հյուսիսային Կորեայի ջերմաէլեկտրակայանների համար։ Իրականում կայանների կառուցումը մի քանի տարով հետ է մնում նախատեսված գրաֆիկից, իսկ մազութի մատակարարումը դադարեցվել է անցյալ տարի։ Ստեղծված իրավիճակում, երբ երկրի տնտեսությունը գտնվում է ծայրահեղ կացության մեջ, թվում է, որ Հյուսիային Կորեայի ղեկավարությունը հարկադրված դիմում է քաղաքական շանտաժի։ Եվ պետք է փաստել, որ շանտաժը հիմնականում «աշխատում» է՝ Փհենյան են գալիս բազմաթիվ երկրների պատվիրակություններ՝ համոզելու կորեացիներին հրաժարվել միջուկային ծրագրից։ Սակայն ոչ ոք չի խոսում Փհենյանի պատերազմ հայտարարելու մասին։ Իսկ ինչո՞ւ։ Ինչո՞ւ Իրաքին նույն միջուկային ծրագրի համար (որի առկայությունը, ի դեպ, բոլորովին ապացուցված չէ) նախատեսվում է ռազմական հարված հասցնել, իսկ Հյուսիսային Կորեայի հետ պետք է բանակցել եւ համոզել ենթարկվել չտարածման պայմանագրի պայմաններին։ Մինչդեռ Փհենյանի միջուկային ծրագիրը (թեկուզեւ՝ մասնագետների կարծիքով թույլ է ու երկարատեւ) բացահայտ իրականություն է։ Ինչքան էլ չես մտածում՝ ընդամենը երկու տարբերություն կա։ Առաջինը՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդը Սադամի պես բեղեր չունի, երկրորդը՝ այդ երկիրը նավթ չունի։ Վերջինը, ինչպես բազմիցս նշվել է, հույժ կարեւոր է աշխարհի ամենահզոր տերության համար։ Ի դեպ, աշխարհում գնալով աճում է ընդդիմությունը Իրաքի դեմ պատերազմին։ Գերմանիան շատ ավելի հստակ է դեմ արտահայտվում, Թոնի Բլեերը հայտարարում է, որ միջազգային դիտորդներին պետք է թույլ տալ ավարտել սկսված աշխատանքը։ Իր հերթին, դիտորդների ղեկավար Հանս Բլիքսը ասում է, որ խմբին դեռեւս մի քանի ամիս է պահանջվում ստուգումներն ավարտին հասցնելու համար, նույն կարծիքին է նաեւ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը։ Մինչդեռ Բուշը չտրամաբանված ձեւով շարունակում է պնդել, որ Իրաքն ունի զանգվածային ոչնչացման սպառազինություններ, բայց նրանք շատ լավ են թաքցված։ Հարց է ծագում՝ ի՞նչ արժեն բոլոր «զարգացած» երկրների հատուկ ծառայությունները, եթե ի զորու չեն Սադամ Հուսեյնի թաքցրածը գտնել։ Ի դեպ, Բուշի հայտնի ենթադրությունը, որ Իրաքը ալյումինե խողովակներ է գնել միջուկային զենք արտադրելու համար, միջազգային դիտորդները արդեն հերքել են։ Միաժամանակ այս ամենը չի խանգարում ԱՄՆ-ին օրեցօր շատացնել ամերիկյան բանակի զինվորների թվակազմը Իրաքի սահմանամերձ երկրներում։ Իրավիճակը հետաքրքիր է դառնում. եթե Իրաքում այդպես էլ ոչ մի կասկածելի բան չհայտնաբերվի՝ բոլորովին անհայտ կդառնան ԱՄՆ-ի զուտ շահադիտական նպատակները եւ, որ պատերազմը Իրաքի դեմ ուղղակի ագրեսիա է։ Կկարողանա՞ արդյոք աշխարհը համախմբվել եւ «ոչ» ասել ԱՄՆ-ին։ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՂԱՄԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել