Լրահոս
Օրվա լրահոսը

ՖԻՆԱՆՍՆԵՐ ԵՎ ՌՈՄԱՆՍՆԵՐ

Հունվար 18,2003 00:00

ՖԻՆԱՆՍՆԵՐ ԵՎ ՌՈՄԱՆՍՆԵՐ Առաջիկա նախագահական ընտրություններում Հունվարի 21-ից մեկնարկում է պաշտոնական քարոզարշավը, եւ թե ում ամենից հաճախ կտեսնենք եթերում, ուղղակիորեն կախված է այն հանգամանքից, թե նախագահության որ թեկնածուն որքան վճարովի հեռուստաեթեր կկարողանա գնել: Հիշյալ «գնողունակությունն» էլ իր հերթին պայմանավորված է նախընտրական հիմնադրամում ակնկալվող գումարային ներհոսքով. «Ընտրական օրենսգրքով» հաստատված առավելագույն սահմանը՝ 60 մլն դրամ /մոտ 100 հազ. դոլար/: Անշուշտ, մեծ գումար չէ, այդ գումարով կարելի է գնել, ասենք, ոչ ամենաթանկ ժամացույցներից մեկը երեւանյան նորաբաց «Ֆրենկ Մյուլլեր» սրահում: Կամ դա նույն գումարաչափն է, որ այսօր հայաստանյան նույնիսկ կոնֆետ կամ գարեջուր արտադրող ընկերությունները երեւի թե ամեն ամիս ծախսում են հեռուստագովազդի վրա: Սակայն Հայաստանը սոցիալական բեւեռացման, ուղղակի՝ ծայրահեղությունների երկիր է: Ինչպես պարզվեց, 100 հազ. դոլարը, որ երբեք տպավորիչ գումար չէ հազարավոր գործարարների համար եւ գրեթե Կոմս Մոնտե-Քրիստոյի գանձ է հարյուր-հազարավոր ծառայողների համար, նախագահության թեկնածուների մեծամասնությանը չի թվում մատչելի: Նույնիսկ թեկնածուներից մեկի շտաբում «Նվիրատվությունները 100 հազ. դոլարի կհասնե՞ն» հարցին պատասխանեցին բացականչությամբ. «Դու էլ հո չասացի՜ր»: ՀՀ նախագահության բոլոր տասնմեկ թեկնածուների նախընտրական շտաբներից խնդրեցինք հետեւյալ տեղեկությունները՝ 1. որքա՞ն վճարովի եթերաժամ են մտադիր գնել եւ ո՞ր հեռուստաալիքներով, 2. ի՞նչ գումարաչափի մոտավոր ներհոսք են ակնկալում նախընտրական հիմնադրամում, 3. ո՞րն է ֆինանսավորման գերակշռող աղբյուրը. պետական դոտացիա՞ն խորհրդարանական կուսակցություններին, անդամավճարնե՞րը, թե՞ համակիրների նվիրատվությունները: Հարցման արդյունքների վերաբերյալ հետեւությունները կներկայացնենք առաջիկայում, իսկ առայժմ՝ տեղեկատվություն եւ ընդհանրացումներ: «Ժուժկալ» հնգյակը. Արամ Հարությունյան, Ռուբեն Ավագյան, Գառնիկ Մարգարյան, Արամ Սարգսյան /Դեմկուս/ եւ որքան էլ անհավատալի է, Արտաշես Գեղամյան: Արամ Հարությունյանի շտաբից հայտնեցին, որ օգտվելու են անվճար եթերաժամից, իրենց թեկնածուն ազգային համաձայնության գաղափարի կրող է եւ նվիրատվություններ ակնկալում են գաղափարի կողմնակիցներից, չգիտեն որքան կհավաքվի, բայց թեկուզ 10 րոպե եթերի դիմաց պահանջվող 1200 դոլարն ավելի կգերադասեն բարեգործության ուղղել, քան եթեր գնել: Ռուբեն Ավագյանի շտաբում ծրագրում են օգտվել անվճար եթերից, հիմնադրամի գումարները գոյանալու են կուսակցական անդամավճարներից, իրենք նվիրատվություններ չեն ակնկալում, որովհետեւ բիզնեսով չեն զբաղվում, որքան գումար կհավաքվի՝ չգիտեն: Գառնիկ Մարգարյանի շտաբում զգուշավոր են. Սադոյանին էլ խոստանում էին 1 մլն դոլար, բայց չտվեցին, այնպես որ, հիմնադրամի վերաբերյալ դատողություններ անել չեն կարող, ֆինանսավորման աղբյուրների թվում հնարավոր է գերակշռեն անդամավճարները, հնարավոր է՝ նվիրատվությունները, անվճար եթերից անպատճառ օգտվելու են, վճարովի եթերաժամ գնելը, ոչ անպայման «Հ1»-ով, կախված է հնարավորություններից: Դեմկուսում ֆինանսավորման հույսը նվիրատվություններն են, գումարաչափ որոշակիացնել չեն կարող, օգտվելու են անվճար եթերից եւ տարբեր ալիքներով հարցազրույցների, բանավեճերի հրավերներից: Արտաշես Գեղամյանի շտաբը, որ դեռ դեկտեմբերին, ԱԼՄ-ով եթերաժամ էր գնել քարոզաֆիլմ ցուցադրելու համար, այժմ հաստատված թալանչիական գնացուցակով գուցե ընդհանրապես եթերաժամ չգնի: «Այդպես են արել, որ Քոչարյանը միայն ինքն իրեն տեսնի եթերում, թող տեսնի, միեւնույն է՝ մենք են կրելու»: «ԱՄ»-ն խորհրդարանական կուսակցություն է, բայց ստացվող պետական դոտացիան չնչին գումար է, անդամավճարներ կուսակցությունը չի հավաքում՝ քանի որ «ժողովրդին որտեղի՞ց փող»: Ինքնաբերաբար մնացին նվիրատվությունները, ժողովրդի հետ անմիջական հանդիպումները եւ անվճար հեռուստաեթերը: «Չափավորների» եռյակը. Վլադիմիր Դարբինյան, Վազգեն Մանուկյան, Արամ Սարգսյան /Հանրապետություն/: Կոմկուսի գումարային ակնկալությունները նվիրատվություններն են, կարծում են՝ կգտնվեն հայրենասեր հայեր, ովքեր կօգնեն Կոմկուսի թեկնածուին, անվճար եթերից բացի կգնեն նաեւ «Հ1»-ով վճարովի հեռուստաեթերը, մնացյալի մասին մտածելը կախված է գումարներից: ԱԺՄ-ում նույնպես ֆինանսական ակնկալությունները նվիրատվություններն են /պետական դոտացիան եւ անդամավճարները փոքր գումար են/, հաստատ կգնեն «Հ1»-ով վճարովի եթերաժամը, այլ հեռուստաալիքներով կջանան նույնպես ինչ-որ տեւողությամբ եթեր գնել: «Հանրապետության» ֆինանսական մուտքերը անդամավճարների հաշվին են. կուսակցությունում կան գործարարներ եւ այլն, գնելու են «Հ1»-ի վճարովի հեռուստաեթերը, «Պրոմեթեւս», ԱԼՄ, «Արմենիա», «Կենտրոն», «Շանթ» հեռուստաալիքներով նույնպես գնելու են եթերաժամ, սակայն ոչ ամբողջությամբ սահմանված 80 րոպեները: «Ամեն ինչ հաղթանակի համար» սկզբունքով գործողները. Ռոբերտ Քոչարյան, Ստեփան Դեմիրճյան, Արամ Կարապետյան: Բոլոր այս անձինք վստահ են, որ իրենց համակիրների նվիրատվությունները 100 հազ. դոլար գումար կգոյացնեն: Համարյա բոլորն էլ այդ գումարի շուրջ 1/2-ից ավելին տրամադրելու են հեռուստաեթեր գնելու: Քոչարյանը գնելու է «Հ1»-ի եւ Հանրային ռադիոյի ողջ վճարովի եթերը, «Պրոմեթեւս» եւ մյուսներ» հնգյակի առնչությամբ մտորում են, թե որը ինչ լսարան ունի, դրանից ելնելով էլ որքան եթերաժամ գնեն: Դեմիրճյանի շտաբում հայտնեցին, որ սահմանված գները համարում են անթույլատրելի, այդուհանդերձ իրենց թեկնածուին այնքան քիչ առիթ է ընձեռվել մինչ այժմ եթերում երեւալու, որ նպատակահարմար է գնել սահմանված վճարովի հեռուստաեթերի ամբողջ լիմիտը ե՛ւ «Հ1»-ով, ե՛ւ անկախ հեռուստաալիքներով: Արամ Կարապետյանի շտաբից նույնպես հայտնեցին, որ գնվելու է վճարովի եթերի ողջ լիմիտը, այն է՝ «Հ1», «Պրոմեթեւս» եւ մյուսներ», նաեւ մարզային հեռուստաալիքներ, թերեւս բացառությամբ «Արմենիայի»: Արդյունքում հեռուստաեթերային ընտրարշավը ըստ էության մղվելու է վերջին եռյակի միջեւ: Վերլուծությունը եւ հետեւությունները՝ առաջիկայում: ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել