ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՀՐԴԵՀԻ ԶՈՀ Հայկանուշ Դանիելյանի անունը սերտորեն կապված է Օպերային թատրոնի պատմության հետ։ Երգչուհուն հիշում են Անուշի, Օլիմպիայի, Մարգարիտայի, Ռոզինայի, Դեզդեմոնայի, Անտոնիդայի դերերգերի անզուգական կատարումներով, որոնց համար նա արժանացել էր ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման եւ առաջին կարգի պետական մրցանակի։ Այսօր, սակայն, զրկված ենք նրա ձայնը լսելու հնարավորությունից, քանի որ ոմանց անփութության կամ անտարբերության պատճառով չեն պահպանվել երգչուհու ձայնասկավառակները։ Ըստ անհիմն պատճառաբանությունների, դրանք ոչնչացել են հրդեհի ժամանակ։ Բարեբախտաբար, Մարիաննա Հարությունյանի մոտ պահպանվել են որոշ ձայնագրություններ, սակայն դա ամենեւին չի փրկում իրավիճակը։ Հայկանուշ Դանիելյանը, Մարիաննա Հարությունյանը եւ Ջուլիետ Գալստյանը սերտորեն առնչվում են միմյանց հետ այնքանով, որքանով ոչ միայն մեծ ընտանիքի անդամներ են, այլեւ նույն գործի շարունակողներ։ Ու քանի որ շուտով լրանում է Օպերային թատրոնի 70-ամյակը, ապա կարծում ենք, տեղին է հիշել նաեւ Հայկանուշ Դանիելյանին։ Ավարտելով Սանկտ-Պետերբուրգի կոնսերվատորիան, ունենալով հնարավորություն աշխատել Ռուսաստանում, Հայկանուշ Դանիելյանը նախընտրել է վերադառնալ հայրենիք, ուր այն ժամանակ դեռեւս համապատասխան պայմաններ չկային ստեղծագործական լիարժեք կյանքով ապրելու համար։ 1933թ., երբ ստեղծվեց Օպերային թատրոնը, Հայկանուշ Դանիելյանը ամեն ինչ արեց թատրոնի կայացման համար։ Ժամանակակիցների հավաստմամբ, նա կարողացել է ստեղծագործական աշխատանքը համատեղել հասարակական-քաղաքական գործունեության հետ։ Երկար տարիներ եղել է Հայաստանի եւ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր։ Մարիաննա Հարությունյանը Հայկանուշ Դանիելյանի գործի շարունակողն է, վաստակավոր դաշնակահարուհի, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի երգեցողության ամբիոնի դասախոս, պրոֆեսոր։ Ճիշտ է, նա օպերային երգչուհի չդարձավ. մեկ անգամ Անուշ դերերգելով համանուն ներկայացման մեջ՝ դուրս եկավ թատրոնից, քանի որ համոզված էր, որ այդ ասպարեզում միջակ կարողություններով հանդես գալը, այն էլ Հայկանուշ Դանիելյանից հետո, անիմաստ է։ Մ. Հարությունյանը սկզբում նախընտրել է նվագակցողի, այնուհետեւ կամերային երգեցողության, ձայնամշակման դասախոսի մասնագիտությունները։ «Սրանք, բացի իրար լրացնելուց, օգնեցին, որ ժամանակը եւ հնարավորությունները ավելի արդյունավետ օգտագործեմ,- ասում է Մարիաննա Հարությունյանը,- իմ համագործակցությունը Լ. Զաքարյանի, Ռ. Ահարոնյանի, Մ. Աբրահամյանի հետ, լցրեց կյանքս, ապրեցի բեղուն եւ հետաքրքիր տպավորություններով տարիներ։ Արդեն 30 տարի է երգեցողություն եմ դասավանդում եւ եթե մի դասատու տալիս է 3-4 նման անուններ, ուրեմն նրա աշխատանքը հաստատ զուր չի անցել»։ Մ. Հարությունյանի կարծիքով, այսօր տաղանդավոր երիտասարդներ քիչ կան, չնայած ինքն ունեցել է հրաշալի ուսանողներ, որոնք ներկայումս հանրաճանաչ երգիչներ են՝ Սուրեն Շահիջանյան, Լիլյա Օվչյան, Հասմիկ Հացագործյան, նաեւ իր թոռնուհին՝ Ջուլիետ Գալստյան։ Ջուլիետն ի տարբերություն տատիկի, վոկալիստի եւ դաշնակահարի մասնագիտություններից նախընտրել է վոկալ արվեստը։ Այսօր արդեն նա երկու հանրապետական եւ երեք միջազգային մրցույթների դափնեկիր է։ Հաջողությունների համար սկիզբ է հանդիսացել 1996 թվականը, երբ Պուչինիի «Բոհեմ» ներկայացման 100-ամյա հոբելյանն էր եւ ինքը Միմիի դերակատար ընտրվեց։ Ջ. Գալստյանը հանդես է եկել Վենետիկում, Փարիզում, Ցյուրիխում եւ այլուր՝ դերերգելով մոտ 132 ներկայացումներում, որոնցից հատկապես առանձնացնում է Միմիի, Սյուզաննայի, Ատլանտայի դերերգերը։ Հետաքրքիր է, սակայն, որ Ջուլիետ Գալստյանը իր մի շարք ձեռքբերումներով հանդերձ, երբեւէ հանդես չի եկել Երեւանի օպերային թատրոնում (անհիմն պատճառաբանություններով), մինչդեռ, տատիկի վկայությամբ, Ջուլիետն այսօր Փարիզում է եւ սպասում է հերթական օպերային ներկայացման բեմադրությանը։ ԱՆԱՀԻՏ ՄԱՆՈՒԿՅԱՆ