Փաստաբանությունը մոնոպոլիզացված է Բազմիցս ե՛ւ պաշտոնապես, ե՛ւ տարաբնույթ միջոցառումների ժամանակ պաշտոնատար անձանց կողմից հայտարարվել է, որ ՀՀ օրենսդիր մարմնի՝ ԱԺ-ի կողմից ընդունված օրենքների մի հսկայական հատված (եթե չասենք՝ մեծ մասը) հակասում է գործող Սահմանադրությանը։ Անտարակույս, նմանատիպ օրենքներից է նաեւ «Փաստաբանական գործունեության մասին» ՀՀ օրենքը, որի դրույթների զգալի մասը հակասում է ե՛ւ գործող Սահմանադրությանը, ե՛ւ ՀՀ քրդատավարության օրենսգրքին, առկա են նաեւ ներքին հակասություններ, իսկ որ ամենատարօրինակն է՝ իր մեջ կրում է պետությանը պարտադրելու նորմ։ Բնական է, որ նման հակասությունների պայմաններում ե՛ւ այս, ե՛ւ ցանկացած այլ օրենք ի վիճակի չէ կյանքի կոչելու այն խնդիրներն ու նպատակները, հանուն որի ստեղծվել է։ Այս օրենքը սահմանում է՝ փաստաբաններն իրենց գործունեությունը կազմակերպելու համար կարող են ընտրել օրենսդրությամբ նախատեսված աշխատանքի կազմակերպա-իրավական ցանկացած ձեւ (հ. 9), սակայն հետագա դրույթները բացառում են փաստաբանի, որպես անհատի, ձեռներեցի, մասնագետի աշխատանքի այլընտրանքային հնարավորությունը՝ որեւէ միության կողմից մասնագետին այդ գործունեության համար արտոնագիր տալու եւ արտոնագրի գործողությունը միայն միության անդամ մնալու պայմանի պարտադրանքով։ Ստացվում է, որ անձը ստանալով մասնագիտական բարձրագույն կրթություն, հանձնելով որակավորման քննություն եւ ստանալով վկայագիր, չի կարող փաստաբան աշխատել առանց փաստաբանական որեւէ միության անդամ դառնալու։ Այլ կերպ ասած՝ փաստաբանական ծառայությունը մեզ մոտ մոնոպոլիզացվել է, դարձել ինչ-որ միության (միությունների) մենաշնորհ, որն, ինչ խոսք, անհարիր է տնտեսության բազմակացութաձեւությանը, ազատ մրցակցությանը եւ շուկայական հարաբերություններին։ Այս ամենը շատ նման է ոչ հեռու անցյալում Կոմկուսի տոմսի, որպես աշխատատեղի եւ մասնագետի անխոս ենթակայությունն ապահովելու հզոր միջոցի՝ ուզո՞ւմ ես փաստաբան աշխատել՝ անցիր փաստաբանների որեւէ միության «վոժդերի» սրի տակով։ Փաստաբանն, ըստ այս օրենքի, կամա թե ակամա, ստիպված է միության ղեկավարության ձեռքին, վերջինիս համար ցանկացած պահի, դառնալ անհրաժեշտ «ֆիգուրա» եւ ընդունել կրավորական կեցվածք, քանի որ արտոնագրի գործողությունը (փաստաբանի աշխատանքը) դադարեցնում է փաստաբանների միության մշտապես գործող ղեկավար մարմինը՝ այն անվավեր ճանաչելով։ (Այս ամենը յուրահատուկ է փաստաբանական աշխատանքի բիրժային եւ ոչ երբեք՝ մասնագիտական միությանը)։ Եթե հաշվի առնենք, որ ցանկացած միություն, առավել եւս՝ մասնագիտական միությունները, պետք է կազմավորվեն եւ գործեն անդամագրության միայն եւ միմիայն կամավորության սկզբունքով, ապա անհասկանալի է այս միությունների բովանդակությունը, հետապնդած խնդիրների, նպատակների անկեղծությունը, առավել եւս, երբ միության անդամ դառնալը փաթաթվում է մասնագետի վզին եւ գործընթացը դարձնում որպես անողորմ գործատուի եւ իրավազուրկ աշխատակցի հարաբերություն։ Այս նորմերը հակասում են ՀՀ սահմանադրության 29-րդ հոդվածին՝ յուրաքանչյուր քաղաքացի ունի աշխատանքի ազատ ընտրության իրավունք։ Այս հոդվածին հակասում է նաեւ հիշյալ օրենքում դատապարտված իրավաբաններին, եթե դատվածությունը մարված կամ հանված չէ, փաստաբան աշխատելու աներկբա արգելանքը։ Այս դրույթով օրենսդիրն անհարկի ներխուժել է դատական իշխանության տիրույթը, քանի որ, ըստ գործող օրենքների, միայն դատարանն իրավունք ունի անձին զրկել այս կամ այն գործունեությամբ զբաղվելու կամ պաշտոն զբաղեցնելու իրավունքից՝ պարտադիր հաշվի առնելով կատարված հանցագործության բնույթը եւ դրա կապը զբաղեցրած պաշտոնի կամ գործունեության հետ։ Այս պատժատեսակի կիրառման նույն հիմքը պահպանվել է նաեւ ԱԺ-ում երկրորդ ընթերցանություն անցած Քրեական նոր օրենսգրքի նախագծում։ «Փաստաբանական գործունեության մասին» ՀՀ օրենքն իրականում սահմանել է Քրօրենսգրքով նախատեսված պատժատեսակ՝ առանց որեւէ հանգամանք (անձ, հանցագործության բնույթ, ծանրության աստիճան, մասնագիտական կապ եւ այլն) հաշվի առնելու եւ առանց դույզն-ինչ հիմնավորման, որն անընդունելի է իրավունքի տեսակետից եւ անհեթեթ՝ հասարակական առումով։ Ի դեպ, նմանատիպ նորմերի հայտնվելը տարբեր օրենքներում, չնայած մարդու հիմնարար իրավունքներին եւ ազատություններին հակասելուն, դարձել է պատիվ չբերող օրինաչափություն։ Հիշյալ օրենքը տարօրինակ է նրանով, որ տարբերություն է դնում նաեւ փաստաբանների միություններին անդամագրման ձեւերի միջեւ՝ եթե ՀՀ փաստաբանների միության անդամ դառնալու համար բավարար է որակավորման հանձնաժողովի տված վկայագրի կրկնօրինակը եւ հավակնորդի դիմումը՝ միությանն անդամակցելու խնդրանքով, ապա մնացած միություններում հավակնորդի դիմումը կարող է մերժվել, իսկ մերժման որոշումը՝ բողոքարկվել դատական կարգով։ Սա մտացածին խտրականություն է, որի արդյունքում չի պահպանվել օրենքի առջեւ բոլորի հավասարության հանրահայտ սկզբունքը։ Այս օրենքն, ի հեճուկս ՀՀ քրդատավարության օրենսգրքի, ըստ որի պաշտպանն իրավունք չունի ինքնակամ դադարեցնել իր լիազորությունները, որպես այդպիսին (հ.73 կ.3), իրավունք է վերապահում փաստաբանին, ժամանակին տեղյակ պահելով վստահորդին, հրաժարվել նրա շահերը պաշտպանելուց։ Վերջապես այս օրենքը եզակի է նրանով, որ խախտում է պետության սուվերենությունը՝ վերջինիս պարտադրում է ապահովել անվճար իրավաբանական օգնություն։ Նմանատիպ օրենքներն ընդունելիս, ըստ երեւույթին, փորձ է արվել դրանք լիովին համապատասխանեցնել ինչ-ինչ անձանց (խմբի) շահերին, հանուն որի կապանքվել է նույնիսկ փաստաբանի մասնագիտական ազատությունը, անթաքույց կիրառվել են երկակի չափանիշներ, որոնց շնորհիվ օրենսդիրը դարձել է աչքաչափով հագուստ կարող դերձակ, սակայն այս դեպքում տուժողը արդարադատությունն է, անձն է, պետությունը։ Վերջապես պետք է ընդունել, որ մարդու իրավունքների, ազատությունների հարցերում երկակի ստանդարտներն անհարիր են մեր ժամանակներին, բռնած ճանապարհին եւ հակացուցված են պետականությանը։ ՍԵՐԳԵՅ ՊՈՂՈՍՅԱՆ