Լրահոս
Օրվա լրահոսը

ԺՈՂՈՎՐԴԻ ԶԱՎԱԿԸ

Հունվար 18,2003 00:00

ԺՈՂՈՎՐԴԻ ԶԱՎԱԿԸ Անցած շաբաթ խմբագրության հանձնարարությամբ եղա Վանաձորում եւ ակամա ականատեսը դարձա մի իրադարձության, որը խաթարեց իմ մեջ պրոֆեսիոնալիզմի մակարդակի հասցրած անվրդովությունը։ Ցավոք, վերջին տարիներին մենք «պերճ թաղումների» պակասը չէինք զգում։ Եվ ահա Վանաձորում մեր մեքենայի ճանապարհը փակեց բավականին պերճ սգո թափորը՝ մեքենաների երկար շարասյուն, բազում ծաղկեպսակներ եւ մարդիկ, մարդիկ, մարդիկ… Դուրս եկանք, հետաքրքվեցինք, թե ում թաղումն է։ «Մեր Կորյունն է մեռել»,- եղավ մարդկային տեսակետից սպառիչ, սակայն լրագրողական ինֆորմացիայից բացարձակ զուրկ պատասխանը։ Շարասյան մեջ տեսա ծանոթ դեմքեր, մոտեցա՝ պարզաբանումների համար։ Եվ առաջին իսկ խոսքերից հիշեցի, թե ով էր ժողովրդից այդ պատվավոր «մեր» կոչումը վաստակած մարդը։ Ժամանակին, 1991 թ., երբ նա՝ ներքին գործերի մայոր Կորյուն Մարգարյանը, իր 60 գործընկերների հետ գերի էր ընկել ազերիների մոտ, իրեն ազատելու համար միջոցներ (այդ թվում՝ դրամահավաք) ձեռնարկում էր ողջ Կիրովականը։ Գերության ժամանակ ցուցաբերած նրա տոկունության մասին առասպելներ էին պատմում՝ անգամ հնարամիտ խոշտանգումներով Կորյունի դահիճներին չհաջողվեց ստանալ նրա «վկայությունը» հայաստանյան այն ժամանակվա իշխանավորների դեմ։ Հիշեցի, որ ավելի ուշ նրա անունը արծարծվում էր հայտնի «գնդապետների գործի» առնչությամբ, ասել է թե՝ նրա՝ զինվորի երդման եւ Հայրենիքի դրոշին անվերադարձ հավատարմությունը նենգաբար «փոխհատուցվեց»։ Վերջին տարիներին պատիվը ամենից բարձր դասող արդեն պահեստի փոխգնդապետ Կ. Մարգարյանը խիստ ընդդիմադիր էր դարձել գործող իշխանությունների նկատմամբ։ Հանգիստը չհանդուրժող Կորյունը գլխավորեց «Սոցիալիստական Հայաստան» միավորման Լոռու մարզային կառույցը՝ կազմավորման առաջին օրվանից ի վեր։ Եվ ահա այդ ընդդիմադիր գործչին էին եկել ոչ թե հարգանքի, այլ անկեղծ եւ անսահման մարդկային սիրո տուրք մատուցելու ողջ Վանաձորը եւ Վանաձորից դուրս էլ շատ շատերը։ Նրանք՝ իր հարազատները, համախոհները, գործընկերները, զինակիցները, նախկինում աշակերտները՝ այժմ գործող սպաները հրաժեշտ տվեցին Կորյունին՝ մի անգամ եւս համբուրելով նրա ճակատը։ Չէին հնչում հերթապահ ճառեր՝ բոլորը գիտակցում էին, որ Կորյունի հիշատակին միայն սրտի խոսքն ասելն է հարիր։ Իսկ ասելու բան շատ ունեին։ Հիշվեց բառիս ամենաճիշտ իմաստով ազնվական հայ օջախը, որի ծնունդ էր Կորյունը՝ իր հիրավի առյուծի կեցվածքով։ Նրա աննկարագրելի ջերմությունը եւ աշխարհին ջերմություն պարգեւելու այդ դյուցազն մարդու պատրաստակամությունը։ Կորյունի պես մարդիկ են այսօր հայ ազգի մեջ մարմնավորում Անդրանիկի եւ Նժդեհի հերոսական կերպարը եւ իր օրինակով դեռ շատ սերունդներ են դաստիարակվելու։ Նայելով հավաքվածների տխուր, բայց լուսավոր դեմքերին, ես հասկացա, որ մենք դեռեւս ի զորու ենք հաղթահարել հասարակության պառակտվածությունը, միասնականանալ՝ կողմ դնելով երկրորդական տարաձայնությունները, մանր շահերը եւ անձնական ամբիցիաները։ Դրա համար հարկավոր է չնչին եւ… անչափ մեծ մի բան. պետք է, որ հայ ժողովրդի առջեւ հայտնվի մեկը, որը նրան ասի «իմ ժողովուրդ»՝ դիմացը ստանալով «մեր» պատվավոր եւ պատասխանատու դերանվան իրավունքը։ Իսկ ներկաները միակամ էին մի հարցում, դաժան կորուստը եւ ծանր վիշտը համախմբելու է Կորյունի զինակիցներին, ամրացնելու է նրանց ոգին եւ պայքարելու ու կերտելու վճռականությունը։ ՍՈՒՍԱՆ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել