Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՔՎԱԾ, ԱՆՏԵՐ ԹԱՂԱՄԱՍ

Հունվար 18,2003 00:00

ԼՔՎԱԾ, ԱՆՏԵՐ ԹԱՂԱՄԱՍ Թաղապետի պաշտոնում ընտրվելու եւ վերընտրվելու համար Էրեբունու թաղապետ Մհեր Սեդրակյանը, հավանաբար, մեծ-մեծ խոստումներ է տվել նաեւ համայնքի թիվ 22 տեղամասի շուրջ 4600 բնակիչներին։ Նրանց ուզածը մեծ բան չէ՝ փողոցների բարեկարգում, զանազան խողովակագծերի նորացում, կանոնավոր աղբահանում։ Այսինքն այն, ինչ պարտավոր է անել յուրաքանչյուր համայնքապետ իր համայնքի համար։ Մինչդեռ տեղամասի 35, 37, 39, 41 եւ 45-րդ փողոցների բնակիչներն իրենց համարում են իշխանությունների կողմից անտեսված ու լքված։ «Վիրավորականն այն է, որ մենք ապրում ենք Էրեբունի ամրոցի հարեւանությամբ, այնտեղ, որտեղից ծնունդ է առել Երեւան քաղաքն ու հիմա ամեն տեղ սարքում-նորոգում են, իսկ մեր թաղամասն անուշադրության են մատնել, նույնիսկ ափսոսացին մի տոնածառ դնել թանգարանի հրապարակում»,- բողոքեցին բնակիչները։ Հիշյալ փողոցներում վերջին անգամ «կոսմետիկ» ասֆալտապատում արվել է 20 տարի առաջ, իսկ 41-րդ փողոցը «Էրեբունի» հիվանդանոցի ջրամատակարարման համար հիմնովին քանդվել է 13 տարի առաջ եւ այդպես էլ չի վերակառուցվել։ Մնացածներում էլ 25-30 սանտիմետրանոց փոսեր են, ցեխ ու փոշի՝ կախված եղանակից։ Դրանք հատկապես պատիժ են դառնում մութն ընկնելուց հետո, որովհետեւ ոչ մի փողոց, գոնե տեղ-տեղ, չի լուսավորվում։ Թաղամասի հիմնադրումից հետո (արդեն 60 տարի) փայտե հենասյուները չեն փոխվել, իսկ այժմ դրանք արդեն վտանգավոր են դարձել իրենց փտածության պատճառով՝ մի փոքր ուժեղ քամին կարող է դրանք շուռ տալ անցորդների գլխին։ Բնակիչներն ասացին, որ աղբի մեքենան գալիս է ամիսը մեկ անգամ, անսպասելի ժամերի եւ շատ քչերի բախտն է բերում «օրինավոր» ձեւով «աղբազրկել» իրենց բակը զարդարած տոպրակներից։ Իսկ հիմնականում ձեւն այսպիսին է՝ ով գնում է կենտրոն (քաղաքի), իր հետ վերցնում է «օրապահիկ» փաթեթն ու տանում՝ ինչ-որ անվտանգ տեղում դրանից ազատվելու հույսով։ Շատ անգամ էլ հնարավոր է արթնանան ու «բարի լույսի» հետ մի տոպրակ աղբ հայտնաբերեն դարպասի մոտ։ Դրանից նեղված բնակիչների մեծ մասն այլեւս չի վճարում աղբահանության վճարը։ Նույնպիսի մի հիասթափություն էլ գազիֆիկացիայի խնդրում է։ 2001 թվականին գազամատակարարման հանգույց դրվեց 45-րդ փողոցում, բայց բնական բարիքը բաժին հասավ միայն մի քանի ազդեցիկ մարդկանց։ Հետո «գազի մարդիկ» տարբեր գումարաչափերի առաջարկներով այցելեցին նաեւ մյուսների տները։ Այդպես, մոտ 50 տնտեսություն դեռեւս 5-6 ամիս առաջ մուծել է կանխավճարը, բայց՝ ոչ մի տեղաշարժ։ Մյուսներն էլ, արդեն իրենց գումարը հենց այնպես «տակովն անելու» ահը սրտներում, էլ այդ մասին չեն խոսում։ Մի խոսքով, իշխանություններից կախված խնդիրները գնալով մեծանում ու խորանում են, իսկ անհանգստացող չկա։ «Մեր թաղամասն անտեր ու լքված թաղամաս է, վերջն ի՞նչ է լինելու»,- տրտնջացին բնակիչները։ Փորձեցինք «վերջից» մի «խաբրիկ» բերել ու հանդիպեցինք Էրեբունու թաղապետի առաջին տեղակալ Սամվել Մարգարյանի հետ։ Պարզվեց՝ վերջը սկզբից չի տարբերվում ու չի տարբերվելու անորոշ ժամանակով։ Նախ պարոն Մարգարյանը զգուշացրեց բնակիչներին, որ զուր են թաղապետարանի վրա հույս դնում, որ դա կոմունիստական հին «խասիաթ է», որ թաղապետարաններն այսօր կոմունալ խնդիրներից պատասխանատու են միայն փողոցների ասֆալտապատման, լուսավորման ու սանմաքրման համար, ինչը եւ անում են համայնքի բյուջեի թույլ տված հնարավորություններով։ Իսկ այդ հնարավորություններն առայժմ բավարարում են միայն կենտրոնական կամ ընդհանուր օգտագործման փողոցների «կոսմետիկ» բարեկարգման համար։ «Ձեր նշած կամ այդ տիպի փողոցների միայն ասֆալտապատման համար համայնքի տարեկան բյուջեն ամբողջությամբ ներդնելով անգամ խնդիրը չի լուծվի, էլ ուր մնաց լուսավորելը, երբ ամեն ինչ թալանված է ու հիմքից պետք է սկսել»,- ասաց Ս. Մարգարյանը։ Վերջին տարիներին ներդրումներն այս դաշտում կազմել են բյուջեի 30%-ը։ Ինչ վերաբերում է աղբահանության, գազամատակարարման եւ կոմունալ այլ հարցերին, ապա թաղապետարանն այդ ծառայությունների հետ գործ չունի։ «Երբեմն կարող ենք միջնորդել միայն, որ այս կամ այն թաղամասում որեւէ խնդրի վրա ուշադրություն դարձնեն ու վերջ»,- ավելացրեց թաղապետի տեղակալը։ Աղբահանության հետ կապված տեղեկություններն ավելի որոշակի էին. «Ձեր նշած թաղամասում հարյուր անգամ աղբարկղ ենք ուզել տեղադրել, եւ ոչ մեկը թույլ չի տվել»։ Բնականաբար, ո՞վ կհամաձայնի վայելել օրեր շարունակ չդատարկվող աղբից կուտակված ճանճերի, շների ու կատուների «գրավիչ» տեսարանն իր բոլոր ոչ գրավիչ հետեւանքներով։ Այսպիսով, ստացվում է, որ բոլորն էլ իրենց պարտականություններն անում են, բայց վիճակը մնում է անմխիթար։ «Պետք է բնակիչներն իրենք լուծեն իրենց խնդիրները, մենք ավելին անել չենք կարող»։ Ավելորդ է ասելը, որ այդ ուղեցույց- խորհրդից պետք է օգտվեն ոչ միայն վերոհիշյալ համայնքի, այլեւ մյուս համայնքների նույն վիճակում գտնվող երկրորդական կարգի փողոցների բնակիչները։ Իսկ մեր զրուցակցի կանխատեսում-հաշվարկով «դա տասնյակ միլիոնների գործ է»։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել