Օդանավակայանից ներդրում օդանավակայանին «Զվարթնոց» կամ «Արմենիա» միջազգային օդանավակայանի մասնավորեցումից եւ կոնցեսիոն պայմանագրով պրն Է. Էրնեկյանին օդանավակայանը հանձնելուց հետո, ինչ խոսք, անմիջապես մեծ փոփոխություններ չէինք ակնկալում, սակայն արդեն բավական ժամանակ է անցել՝ որոշակի արդյունքներ արձանագրելու համար: Դեռ դեկտեմբերի սկզբին «Արմենիա» միջազգային օդանավակայանի ղեկավարությունը հայտարարեց, որ ընդամենը 100 օրվա ընթացքում 900 մետր երկարությամբ թռիչքուղին է վերանորոգվել, վերակառուցվել է կառամատույցի 3.000 քմ բետոնե ծածկույթը, 17000 տոննա ասֆալտբետոն է արվել, տեղադրվել է թռիչքուղու 290 խորացված եւ 300 բարձր լարվածության լուսարձակ, 40000 մետր բարձր լարման մալուխ եւ ստորգետնյա ցանցեր: Եվ, հայտարարվեց նաեւ, որ օդանավակայանի առաջին փուլի վերանորոգման աշխատանքներից հետո «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը հասել է շահագործման բարձր մակարդակի, որը թույլ է տալիս ունենալ ICAO III կարգ՝ ապահովելով առավել անվտանգություն: «Սա դեռ սկիզբն է, ապագան դեռ առջեւում է».- ասվեց: ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի խոսքերով՝ «Օդանավակայանային բիզնեսը այն առանձնահատկությունն ունի, որ ներդրումների հիմնական մասը սպառողը չի տեսնելու, բայց աճելու է իր անվտանգությունը: Եթե ինքնաթիռը թռչում է Երեւանից Մոսկվա եւ վթար տեղի չի ունենում, սպառողը չի կարող գնահատել՝ իրականում թռիչքը ռիսկայի՞ն էր, թե՞ ոչ: Ներդրումների առկայությունը կզգացվի, երբ տերմինալը կկառուցվի կամ կվերակառուցվի: Բայց սա ներդրումների ամենաչնչին մասն է»: Համաձայնենք, ուղեւորը չի կարող առերես տեսնել ներդրումների չափը, սակայն մինչ վերանորոգումն էլ օդանավերը անվտանգ թռել են: Այլ խնդիր է, որ թռիչքադաշտը մինչ վերանորոգվելը՝ ասֆալտապատվելը, բետոնածածկ էր, որի քայքայման պատճառով օդանավերը թռիչք-վայրէջքի պահին վիբրացիաներ էին ունենում: Վտանգավորությունը, օրինակ, այն էր, որ քայքայված բետոնից թռչող քարերը կարող էին մտնել շարժիչի մեջ… Սակայն փորձենք փոքր-ինչ թվաբանությամբ հասկանալ «Արմենիա» միջազգային օդանավակայանի ղեկավարության կատարած ներդրումների բովանդակությունը: Կես տարուց ավելի կնքված է կոնցեսիոն պայմանագիրը: Հանձնումից գրեթե անմիջապես հետո օդանավակայանի նոր ղեկավարությունը օդանավակայանի բոլոր ծառայությունների գները մի քանի անգամ թանկացրեց, սկսած ավտոկանգառների գներից՝ 500 դրամ, թռչող եւ չթռչող ինքնաթիռների կանգառների ժամավճարներից, օդանավակայանի տարածքի ավիացիոն եւ այլ ընկերությունների վարձավճարներից, օդանավի թռիչք-վայրէջքի բարձր սակագներից: Եթե միայն հաշվենք, որ օդանավակայանի տարածք օրական մուտք է գործում մոտ 1000 ավտոմեքենա, ապա միայն ավտոկանգառների վճարներից ստացված ամսական եկամուտը կկազմի մոտ 15 մլն դրամ /մոտ $ 26 հազար/: Սա դեռ միայն ավտոկանգառներից ստացվող ամսական գումարն է, իսկ որքա՜ն են կազմում վերոհիշյալ ծառայություններից ստացվող եկամուտները… Եվ հիշենք օդանավակայանի նոր ղեկավարության հայտարարած ներդրումների չափը՝ ԱՄՆ $ 5 մլն 500 հազար: Իհարկե, հայտնի չէ, թե, օրինակ, վազքուղու լուսատեխնիկական ժամանակակից համակարգը, որն ամենազգալի ներդրումն է, որքան գումար է պահանջել: Կամ արդյո՞ք 3850 մետր ընդհանուր երկարության վազքուղուց 900 մետրի վերանորոգումը եւ իրենց հայտարարած, վերոթվարկյալ նորոգումները $ 5 մլն 500 հազարի չափի ներդրում է: Այն դեպքում, երբ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ-ի բարեգործական տելետոնից խոստումներով հավաքված $ 5 մլն 100 հազարով նախատեսված է կառուցել 30 կմ ճանապարհ Ղարաբաղում… Ի վերջո, արդյոք չի՞ ստացվում, որ հենց օդանավակայանից այս մոտ կես տարվա արդյունքում ստացված գումարներն էլ օդանավակայանի նոր տերերը գնահատել են որպես ներդրումներ: ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ