ԱՆՀԵՏԱՑՄԱՆ ԵԶՐԻ՞Ն Նվազել են Սեւանա լճում ժամանակին առատ ձկան ռեսուրսները Սեւանա լճի ափերին գոյատեւման օրենքը բախվում է երկրում գործող օրենքի հետ. ձկնորսական կանոնակարգը մեծապես անտեսվում է գյուղերի ձկնորսների կողմից, որոնց կենսական պահանջները սեզոն չեն ճանաչում: Բնապահպաններն անհանգստանում են, որ շուրջտարյա ձկնորսությունը Հայաստանի ձկան հիմնական աղբյուր հանդիսացող Սեւանա լճում շուտով կսպառի մեծ լճի ռեսուրսները: Անցած տարիների ընթացքում Սեւանում բազմանում էին մի քանի ձկնատեսակներ, այդ թվում՝ մի քանի էնդեմիկ տեսակներ: Տարեց ձկնորսներն ու վաճառողները հիշում են, երբ իշխանն առատ էր եւ տեղական համադամ էր հանդիսանում: Ներկայումս իշխանը հիմնականում վերացել է, եւ նրա տեղը գրավել եւ բազմանում է նվազ արժեքավոր ձկնատեսակ՝ սիգը: Սակայն բնապահպաններն ու գիտակից ձկնորսները մտահոգված են, որ ձկնորսության թույլատրելի ծավալների գերազանցումը վտանգում է անգամ դիմացկուն սիգի գոյությունը: Համաձայն Հայաստանի բնապահպանության նախարարի թիվ 148 հրամանի, նոյեմբերի 26-ից մինչեւ դեկտեմբերի 20-ը, Սեւանում ձկնորսությունն արգելված է, քանի որ դա սիգի ձվադրման շրջանն է: Սակայն քչերն են ուշադրություն դարձնում օրենքին՝ փոխարենն անսալով առօրյա կարիքներին… «Եթե արգելվում է ձկնորսությամբ զբաղվել, նշանակում է, իմ երեխաները սոված պիտի մնան,- ասում է ձկնորս Արմեն Գրիգորյանը Նորատուս գյուղից,- մարդիկ մեր գյուղում աշխատանքի այլընտրանք չունեն, ուրիշ ի՞նչ կարող են անել իրենց ընտանիքները պահելու համար»: Ցուրտ նոյեմբերյան օր էր՝ Սեւանում ձկնորսության վերջին «օրինական» օրը: 25-ամյա Արմեն Գրիգորյանն ու 21-ամյա Իգիթ Ասատրյանը դիմակայում էին գորշ ամպերի մռայլ լուսաբացին, ցրտաշունչ քամուն եւ մեծ լճի կատաղի ալիքներին: Հագնելով աշխատանքային վերնազգեստը՝ երիտասարդները հետեւում են, թե ինչպես է մոտեցող փոթորկից ալեկոծվում լիճը: Մոտորանավակով շտապում են լճի խորքը, որպեսզի մինչ եղանակի փչանալն ավարտին հասցնեն իրենց գործը: Այնտեղ՝ լճում, 200 մետր երկարությամբ 11 ցանցերն են, որոնք մեկ օր առաջ են իջեցվել լիճ եւ որոնցում, Արմենն ու Իգիթը հուսով են, տասնյակ սիգեր են սպասում իրենց: Երեք ժամ անց ձկնորսները վերադառնում են՝ ամբողջությամբ թրջված ու ցրտից կարմրած: Հսկա շներն անհամբեր սպասում են իրենց բաժնին եւ առաջինն են համտեսում օրվա որսը: Այդ օրը 270 սիգ է ընկել ցանցերը, եւ հիմա ձկնորսները հանձնում են ձուկը չարենցավանցի վաճառական մի կնոջ, որը 100 դրամ է (մոտ 17 սենթ) վճարում յուրաքանչյուր ձկան համար. երկու ցուրտ օրվա աշխատանք, որը վերածվում է 45 դոլարի (ծախսերը չհաշված): Շրջանում ձեւավորված շուկայում Արմենի եւ Իգիթի նման շատ ձկնորսներ իրենց որսը վաճառում են Հայաստանի տարբեր վայրերից ժամանած առեւտրականներին: Մոտ 17 սենթով գնված ձուկը քաղաքում վաճառվում է մոտ 23 սենթով: Այնպես որ, Արմենի եւ Իգիթի որսած 270 ձկները վաճառողին 16 դոլար շահույթ կբերեն: «Հարյուր դրամը շատ լավ գին է ամռանը,- ասում է Իգիթը:- Եղել են օրեր, երբ ձուկը վաճառել ենք ընդամենը 5 դրամով, քանի որ շոգի պատճառով այն ջրից հանելուն պես սկսում է հոտել: Անգամ օր է եղել, երբ ստիպված հոտած ձուկը ճայերի կեր ենք դարձրել»: Սա մի աշխատանք է, որ կողոպտում է բնությունը, եւ, միաժամանակ, կախված է բնությունից: Նաեւ բախտից, ասում է Արմենը: «Մի օր լավ է, մի օր՝ վատ: Այսօր ցանցերը չարդարացրին իրենց, որսը լավը չէր: Պատահել է, որ որսացել ենք մինչեւ 2000 ձուկ, նավակում նույնիսկ կանգնելու տեղ չէր մնացել»: Եվ այս պարզ թվաբանական հաշվարկը ներկայացնում է այն մարդկանց մտահոգությունը, ովքեր Սեւանա լիճը համարում են հանրապետության գլխավոր բնական ռեսուրսն ու հանրապետության տնտեսության խթանիչը: Բնապահպանության նախարարությունը 2002 թ. թույլատրել է որսալ 600 տ ձուկ: Սակայն ոչ ոք չի կարող հստակ ասել, թե քանի տոննա են որսացել: Այդ մասին որոշ պատկերացում կարելի է կազմել Նորատուսի ձկան մշակման արտադրամասերից մեկում: Այստեղ բանվորները յուրաքանչյուր մաքրած ձկան համար ստանում են մոտ 1 սենթ: Արտադրամասի հինգ բանվորներն օրական մաքրում կամ ծխեցնում են մոտ 4000 ձուկ (երբեմն՝ երկու անգամ ավելի): Միջին հաշվով, 4000 սիգը կշռում է 1600 կգ: Տասն ամսվա ընթացքում ձկնորսները միայն այս մեկ ձկնամշակման արտադրամաս են հանձնում մոտ 480 տ ձուկ: Իսկ Սեւանի լճի շրջակայքում կան տասնյակ նման վերամշակման արտադրամասեր: Սիգը Սեւանա լիճ է բերվել 1920-ականներին՝ Ռուսաստանից, երբ հետազոտությունները պարզեցին, որ լճում առավել տարածված իշխանը սնվում է միայն հատակային կենդանիներով: Սիգը, որը սնվում է ջրի վերին շերտերի օրգանիզմներով, բերվեց Սեւան՝ որպես լրացում լճում արդեն գոյություն ունեցող տեսակների: Հետագա մոտ 40 տարիների ընթացքում սիգի քանակը զգալի աճ չունեցավ: 1960-ականներին սիգը սկսեց աճի նշաններ ցուցաբերել, որն, ըստ գիտնականների, բացատրվում էր հիմնականում ճահճացմամբ, որը վատ էր խորքային մասերում սնվող ձկների համար, սակայն լավ էր սիգի համար: «Բոլոր լճերն ունեն էֆտրոպացման (նախաճահճացման) միտում, եւ սովորաբար այդ գործընթացը տեւում է շուրջ 1000 տարի,- ասում է Հայաստանի Ազգային ակադեմիայի հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի փոխտնօրեն Բորիս Գաբրիելյանը:- Սակայն այս դեպքում, անտրոպոգեն գործոնների պատճառով այդ գործընթացն արագացել է: Փաստորեն, վերջին 50 տարվա ընթացքում՝ լիճն աղտոտելով, ջրի մակարդակը կտրուկ իջեցնելով եւ նրա ջերմաստիճանը բարձրացնելով, մենք արագացրել ենք այդ գործընթացը մոտ 500 տարով»: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 1970-ից մինչեւ 1990 թվականները սիգի պաշարները Սեւանում աճել են մոտ 10000-ից մինչեւ 25000 տ: Սակայն 2000 թ. այդ ցուցանիշն իջել է մինչեւ 5000 տ: Քանակի նվազման հետ աճել են ձկան չափսերը, քանի որ այժմ ավելի փոքրաթիվ ձկներն ավելի շատ կեր ունեն: «Հիմա շատ ձկնորսներ զբաղվում են ձկնագողությամբ: Շատերը գերադասում են ներքին կարգով լուծել իրենց խնդիրները, այլ ոչ թե իրենց համար ավելորդ գլխացավանք ստեղծել՝ պետության հետ հարաբերությունների մեջ մտնելով»: Ըստ «Սեւան» ազգային պարկի տվյալների՝ դեկտեմբերի 16-ի դրությամբ, արգելված շրջանում ձկնորսությամբ զբաղվողներից հայտնաբերվել եւ առգրավվել է 1600 սիգ, 72 ձկնորսական ցանց, 152 խեցգետնորս եւ 4 լողամիջոց: «Եթե սիգի որսը շարունակվի այս տեմպերով, ապա հնարավոր է, որ նրա պաշարները նվազեն,- ասում է Գաբրիելյանը:- Հաշվի առնելով, որ սիգն այսօր Հայաստանի արդյունահանվող հիմնական ձկնատեսակն է, հնարավոր է, որ մոտ ապագայում Սեւանում ընդհանրապես չունենանք որեւէ նորմալ ձուկ»: ՍՈՒՐԵՆ ԴԵՀԵՐՅԱՆ Լուսանկ.՝ Ռ. ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆԻ