Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱ ՀԵՐԹԱԿԱՆ ՍԵՐԻԱՆ Է

Հունվար 18,2003 00:00

ՍԱ ՀԵՐԹԱԿԱՆ ՍԵՐԻԱՆ Է Գայանե Կարապետյանը ՀՀ նախագահի թեկնածուների տիկնանցից միակն է, որի հետ մեր զրույցն անցավ ամուսնու՝ Արամ Կարապետյանի ներկայությամբ: Եվ ի տարբերություն իմ մյուս զրուցակիցների՝ տիկին Գայանեի անունը անծանոթ է հասարակությանը։ Մենք մի ամբողջություն ենք Գայանե Հայրապետյան-Կարապետյանը ծնվել է բարեկեցիկ ընտանիքում։ Հայրը առեւտրի համակարգի աշխատող է, մայրը՝ երաժիշտ: Իր արմատների մասին խոսելիս, տիկին Գայանեն նկատում է, որ մի մասը գալիս է Զանգեզուրից, տատը միջինասիական ծագում ունի, «բայց բոլորն էլ հայ են՝ սա շատ կարեւոր է»: Գայանեն ընտանիքում երկար սպասված երեխա է եղել, նրա ծնողները առաջին զավակի լույս աշխարհ գալուն սպասել են հինգ տարի։ «Եվ երբ ես լույս աշխարհ եկա՝ դա ավելին էր, քան երջանկությունը, ուստի ինձ միշտ գուրգուրել են, ձեռքերի վրա պահել: Ես ընտանիքի սիրելի երեխան էի եւ մնում եմ այդպիսին մինչ օրս։ Ես հրաշալի փոխհարաբերություններ ունեմ ծնողներիս հետ, մենք շատ ամուր ընտանիք ունենք»: Թեպետ տիկին Գայանեն ասաց, որ մանկությունից բազմաթիվ լավ հիշողություններ է փայփայում, բայց չցանկանալով մանրամասնել հիշողության որեւէ կոնկրետ դրվագ, իրեն դասակարգեց «երջանիկ երեխա» սահմանման մեջ: Դպրոցը գերազանցությամբ ավարտելով, Գայանեն բուհում ստացել է իրավաբան-միջազգայնագետի մասնագիտություն: Ապագա ամուսնուն Գայանեն հանդիպել է աշխատավայրում, որի տնօրենը եղել է Արամ Կարապետյանը։ «Ես չգիտեմ ինչպես անվանել դա, կարելի է նույնիսկ ծառայողական սիրավեպ անվանել, որը վերաճեց շատ ամուր միության»: Այդ միությունից էլ ծնվել են երկու աղջիկները «եւ ես, կարծում եմ, Աստված մեզ էլի երեխաներ կպարգեւի, եւ թող տղաներ լինեն»: Երեխաների դաստիարակության խնդրում Կարապետյան ամուսինները շատ խիստ են: «Մենք նրանց երես չենք տալիս, նրանք, իմ կարծիքով, շատ լավ դաստիարակված են: Կարծում եմ, նրանցից արդյունք կստացվի, քանի որ խստագույնս են դաստիարակվում: Իմ կարծիքով, այդպիսի դաստիարակությունը ավելի շատ պտուղներ է տալիս, քան երես տալը»։ Արամը չի հասցնում զբաղվել երեխաների դաստիարակությամբ։ Գայանեի կարծիքով, հենց այդ գործում է դրսեւորվում իր օգնությունը ամուսնուն։ «Նա չի խառնվում ընտանիքի պրոբլեմներին, երեխաների դաստիարակությանը։ Տանը ես եմ օջախի պահապանը: Այն, ինչ կապված է երեխաների կամ նրանց դաստիարակության հետ՝ իմ վրա է: Իմ կարծիքով, դա դժվար չէ, քանի որ ես չեմ աշխատում։ Ինձ թվում է, մեր երեխաների դաստիարակությունից ամուսինս ապագայում գոհ կմնա»: Տիկին Գայանեն այն համոզումունքն ունի, որ նախագահի թեկնածու առաջադրվելու մասին որոշում կայացնելուց առաջ՝ ամուսինը իր հետ խորհրդակցելու հատուկ անհրաժեշտություն չի ունեցել, քանի որ այդ որոշմանը հասել են երկար տարիների ընթացքում: «Ես այնպիսի տպավորություն ունեմ, որ այն ինչ, մեզ հետ կատարվում է, գեղարվեստական բազմասերիանոց ֆիլմ է եւ սա հերթական սերիան է։ Ես այդ ողջ ընթացքում նրա կողքին եմ եղել, ես անընդհատ հետեւել եմ, թե նա ինչի է ձգտում։ Հետեւաբար, չի կարելի ասել՝ նա ինձ հետ խորհրդակցե՞լ է, թե՞ ոչ: Մենք մի ամբողջություն ենք: Միասին ենք գնում իր նպատակի իրականացմանը։ Ես օգնում եմ նրանով, որ ոչնչով չեմ խանգարում։ Ես զբաղվում եմ իմ գործով, միաժամանակ քաջալերում եմ նրան, մտովի միշտ նրա հետ եմ: Ասում են, մարդիկ իրար հասկանում են ոչ միայն կես բառից, այլ նույնիսկ կես հայացքից։ Ահա դա մեզ համար է ասված: Մենք ցանկացած իրավիճակում իրար շատ լավ ենք հասկանում: Անկախ նրանից, թե ինչի է գնում իմ ամուսինը, ինչի է ձգտում նա՝ ես միշտ նրա կողքին կլինեմ, ես միշտ կանհանգստանամ եւ կուրախանամ նրա համար»։ Ես կուզենայի լինել անոթի եւ կրակի համակցություն – Հարցերիս այս մասը գուցե հաճելիներից չէ, այդուհանդերձ, համաձայնեք, որ Արամ Կարապետյանը մեր հասարակությանը առանձնապես հայտնի անուն չէ, ինչպե՞ս եկաք այն որոշմանը, որ Ձեր ամուսինը իր թեկնածությունն առաջադրի նախագահական ընտրություններին: Մտավախություն չունե՞ք, որ հասարակությունը չի ընդունի նրան: – Ես այնպիսի տպավորություն ունեմ, որ Դուք իմ ամուսնու մասին չեք խոսում: Ինձ համար նա մարդ է՝ մեծատառով, նա քաղաքական գործիչ է՝ մեծատառով, ինձ համար նա առաջնորդ է, ինձ համար նա անհատականություն է: Հետեւաբար այդ հարցին ես կպատասխանեմ այսպես՝ ավելի լավ է երեք անգամ մտածիր եւ մի անգամ լռիր: Թող իմ կարծիքը մնա իմ մեջ: – Ինչպե՞ս եք վերաբերում ասեկոսեներին եւ բամբասանքներին՝ ընդհանրապես։ Եվ, մասնավորապես, որոշակի շրջանակներում պտտվող այն լուրերին, թե Արամ Կարապետյանը կարող է ձեռք բերել ցանկացած փաստաթուղթ, ասենք, տարբեր ակադեմիաների անդամ լինելու, տարբեր բանկերում խորհրդական լինելու եւ ցանկացած մակարդակի հեղինակավոր ընկերության անդամակցելու վերաբերյալ: – Մեծն Կոկո Շանելը ասում էր. «Մարդիկ լեգենդին ավելի են հավատում, քան իրականությանը»: Թող այդպես լինի: Երբ մարդը ձգտում է ինչ172որ վեհ, բարձր գաղափարների, նա ոչնչի ուշադրություն չի դարձնում, նա դառնում է, թող որ կոպիտ է, բայց… նա հաստակաշի է դառնում: Հանուն նպատակի նա ոչ մի ասեկոսեի եւ նման խոչընդոտների ուշադրություն չի դարձնում: – Եթե պատկերացնենք, որ Ձեր ամուսինն ընտրվել է նախագահ, ապա Ձեզ սպասվում է Առաջին տիկինը լինելու պատիվը՝ ինչպե՞ս էք վերաբերում Առաջին տիկնոջ ինստիտուտին: Եթե շարունակենք ասեկոսեների թեման, ապա պետք է փաստենք, որ այդ ինստիտուտը դեռեւս ընդունված չէ հասարակության կողմից եւ երեւի ասեկոսեների հիմնական թիրախը հենց Առաջին տիկիններն են դառնում: – Ես էլ եմ այդպես կարծում, որ հայ հասարակությունը պատրաստ չէ նախագահի կնոջն ընդունել որպես ազգի Առաջին տիկին: Այսպիսի տողեր կան՝ «Ինչ է գեղեցկությունը եւ ինչու են մարդիկ այն աստվածացնում՝ անոթում հուրհրացող կրա՞կն է դա, թե՞ անոթին տիրող դատարկությունը»: Այ, եթե հասարակությունը ինձ ընդունի որպես ազգի Առաջին տիկին, ես կուզենայի լինել անոթի եւ կրակի համակցությունը: Ես կուզենայի ժողովրդին արժանի Առաջին տիկին լինել: – Իսկ կա՞ն կոնկրետ մեխանիզմներ այդպիսին լինելու համար: 172 Ոչ, չկան: Մի մեխանիզմ կա. եթե իմ ամուսինը նախագահ դառնա՝ ես նախագահի համար լավ կին կլինեմ։ – Իսկ հասարակությա՞ն համար: – Ես այդ մասին չեմ մտածում: Հիմա չէի ուզենա ստանդարտ պատասխաններ կամ խոստումներ շռայլել։ 172 Դուք մոսկովյան իրականության կրողն եք, իսկ այնտեղ հիմա շատ ընդունված է իմիջմեյքերների ինստիտուտը։ Ինչպե՞ս եք ընդունում այդ ինստիտուտը։ – Եթե ես դառնամ ազգի Առաջին տիկին՝ ես մի մեծ պլյուս ունեմ՝ երիտասարդ եմ: Սա երեւի միակն է, որ Առաջին տիկնոջ դեպքում ոչ թե մինուս է, այլ պլյուս: Ես կարծում եմ, որ առանց իմիջմեյքերների յոլա կգնամ: Ես բավականին շատ բան եմ տեսել։ Ես կաշխատեմ չդժվարացնել իմիջմեյքերների կյանքը: Ես կփորձեմ շեշտը դնել այնտեղ, ուր ավելի շատ կարող եմ ներդրում ունենալ: Օրինակ, ես չէի ուզենա, որ Հայաստանում ծերանոցներ ու ինտերնատներ լինեն: Ես այնպես կանեի, որ դրանք քիչ լինեին, իսկ եթե կան, ապա դրանք պետք է իդեալական վիճակում գտնվեն: Որովհետեւ ինձ թվում է, որ եթե ծերանոցները տխուր վիճակում են՝ դա երկրի դեմքն է: Եթե Առաջին տիկինը կարող է ինչ172որ դեր ունենալ, ներդրում կատարել, ապա ես կցանկանայի սկսել հենց ծերանոցներից ու մանկատներից, որովհետեւ ես միշտ շատ ջերմ եմ վերաբերվել երեխաներին եւ տարեցներին։ – Ի դեպ, որպես նախագահի թեկածուի կին, Դուք որչա՞փ եք մասնակցում նախընտրական քարոզարշավին: – Ես այդ հարցին նայում եմ իմ ամուսնու պրիզմայի միջով: Ինչ վերաբերում է քաղաքականությանը, նախընտրական արշավին, բոլոր այդ հարցերին ես նայում եմ իմ ամուսնու տեսանկյունով: Ես չեմ ասում, թե ես ապաքաղաքականացված եմ, բայց չեմ խորանում այդ հարցերի մեջ: Ես հետեւում եմ նրա կարծիքին, ես ընդունում եմ նրա տեսակետները, այնպես որ, այդ հարցերը՝ պարոն Կարապետյանին: Ես ապրում եմ գեղեցիկ կյանքով Տիկին Գայանեն համարում է, որ կյանքի դժվարություններին դիմակայելուն օգնում է հորոսկոպի՝ Կարիճի համաստեղության տակ ծնվելու հանգամանքը: Իր կարծիքով, դժվար պահերին իրեն օգնում են զսպվածությունը եւ դժոխային համբերությունը: «Ես երախտապարտ եմ Աստծուն, որ ինձ այդքան ուժ է տվել, քանի որ ինձ բաժին է հասել ոչ քիչ դժվարությունների պաշար»: Բոլորովին վերջերս նա հարազատ հորը կորցնելու վտանգն է ունեցել եւ, կարծում է, որ այդ դեպքում եւս իրեն օգնել են ուժեղ մարդ լինելու հանգամանքն ու զսպվածությունը։ Ինչ վերաբերում է երջանիկ պահերին, տիկին Գայանեն խոստովանում է, որ այդպիսիք շատ-շատ են։ «Ես հրաշալի ամուսին ունեմ, հրաշալի երեխաներ: Ես ապրում եմ գեղեցիկ կյանքով: Դա չի նշանակում պարզապես ապրել եւ որեւէ իմաստ չդնել այդ բառի մեջ: Ես լիարժեք կյանքով եմ ապրում, որովհետեւ ես ապրում եմ մարդու հետ, որը ինձ համար անհատականություն է՝ մեծատառով։ Երջանկություն է, որ Աստված մեզ միավորել է»: Խոսելով կենցաղային խնդիրների մասին՝ տիկին Գայանեն պատմում է, որ երբ իրենք ծանոթացել են, Արամ Կարապետյանը ինչ172որ կենցաղային, խոհարարական գործեր արել է, բայց «այն պահից, երբ ես մտա իր տուն՝ ինքը ձեւ է անում, թե ոչինչ չի կարողանում անել»: Արամ Կարապետյանը իր կյանքը չի պատկերացնում առանց պանրի եւ պոմիդորի, նա բավարարվում է ամենապարզ կերակուրներով, թեպետ միաժամանակ գնահատում է ընտիր ճաշատեսակների արժեքը։ Իսկ որպես հայ տղամարդ, սիրում է դոլման: Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել