Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ես եմ այդ համեստ գինը»

Հունվար 18,2003 00:00

«Եթե ես եմ այդ համեստ գինը» Ինչպես եւ սպասվում էր, վերաքննիչ դատարանը եւս երեկ մերժեց Րաֆֆի Հովհաննիսյանի հայցը՝ իր քաղաքացիությունը 1991-ից ընդունելու մասին։ Դատարանի դահլիճում մթնոլորտը գերլարված էր, եւ նույնիսկ բոլոր նրանք, ովքեր փորձում էին իրավական հարթությունից դուրս հարցը չդիտել, չէին կարող չնկատել, որ ինչ-որ բան այնպես չէ ու պարզապես ամոթ է ամենքի աչքի առաջ ապրած նման մարդու հանդեպ նման վերաբերմունք դրսեւորել։ Շատերին է հայտնի, որ մեր հայրենակից Քըրք Քըրքորյանը լավ հարաբերություններ ունի Րաֆֆի Հովհաննիսյանի հետ։ Հետաքրքիր է, ինչպիսի՞ վճիռ կկայացներ «աշխարհի ամենաարդար դատարանը», եթե Քըրք Քըրքորյանը հանկարծ որոշեր պայման դնել գործող նախագահի առաջ՝ «Լինսի» հիմնադրամ, ասֆալտ եւ այլն կհավաքեմ, եթե Րաֆֆիին քաղաքացիություն չտաս։ Սա պարզապես։ Իսկ դատավոր Տիգրան Սահակյանի դատավճռից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը միայն հետեւյալն ասաց. «Եթե ես եմ այդ համեստ գինը, որ պետք է վճարվի Հայաստանի Հանրապետությունը, մեր Սահմանադրությունը, մեր օրենքները՝ նախագահի օրինականությունն ապահովելու համար, ապա արժե վճարել՝ թեկուզ յոթն անգամ։ Ես բոլոր թեկնածուներին հաջողություն եմ մաղթում, իսկ ինչ վերաբերում է մեր ճանապարհին, ապա մենք շարունակելու ենք պայքարը բոլոր ատյաններում, բոլոր հարթություններում եւ բոլոր ասպարեզներում»։ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, որը միշտ հետեւել է դատավարական պրոցեսին, դատարանի վճռից հետո ասաց. «Րաֆֆի Հովհաննիսյանի իրավաբանների մոտեցումներն ինձ համար ավելի համոզիչ էին, քան մյուս կողմինը։ Ինչ վերաբերում է բարոյական հարթությանը, ապա տեսակետս արդեն հայտնել եմ։ Րաֆֆի Հովհաննիսյանին ճանաչում եմ 12 տարի։ ՀՀ նախագահ դառնալու համար երեք պայման է նշված՝ 35 տարին լրացած պիտի լինի, 10 տարվա քաղաքացիություն պետք է ունենա եւ 10 տարվա բնակություն։ Կուզեի զուգահեռներ անցկացնել գործող նախագահի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի միջեւ։ Գործող նախագահը միայն մի կետով է համապատասխանում՝ 35 տարին լրացած է, իսկ դա էլ՝ իրենից անկախ։ Տարիներ առաջ, երբ ընթերցվում էր Հայաստանի անկախության հռչակագիրը, բոլորս կարծում էինք, թե այս երկիրը ստեղծվում է 10 միլիոն հայերի համար, եւ դա էր պատճառը, որ 98-ին, երբ գրանցվեց Ռոբերտ Քոչարյանը, ոչ ոք ոչինչ չասաց։ Ինքն է սկսել այս խաղի կանոնները, ինքն է մեղադրում, իր մեղադրանքների համար էլ կստանա։ Ես հակված եմ գնալ մինչեւ վերջ»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել