«ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆԸ» ՀԱՂԹԵՑ Երեկ վճռաբեկ դատարանում «ՆՏ»-ի կրած հաղթանակը նշանակում է, որ կապուղիների մրցույթը թերեւս կայանա փետրվարի 1-ին: Սակայն սա բնավ չի պակասեցնում այն խնդիրները, որ խոսքի ազատության առումով կան Հայաստանում: «Գերմանական ալիք» ռ/կ-ին տված հարցազրույցում ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր. «Իմ նախագահության վերջին հինգ տարիների ընթացքում Հայաստանում ոչ մի ընդդիմադիր լրագրող խնդիրներ չի ունեցել: Ոչ մեկը ծեծի չի ենթարկվել, ոչ մեկին բանտ չեն նստեցրել, նույնիսկ մեկ օրով»: Այս խոսքերի «իրավացիությունը» ապացուցելու համար բավական կլիներ միայն «Հայկական ժամանակ»՝ նախկինում «Օրագիր», թերթի հետ կատարվածի թվարկումը՝ ե՛ւ գլխավոր խմբագրի ու առանձին թղթակիցների նկատմամբ իրականացված բռնություններ, ե՛ւ համակարգիչների առգրավում, ե՛ւ սնանկացման փորձեր, ե՛ւ ազատազրկում (ճիշտ է՝ պայմանական): Պակասը կարող ենք լրացնել մեր թերթի՝ «Առավոտի» գործունեությանն առնչվող խնդիրներով՝ է՛լ ամբողջ տպաքանակի բռնագրավում, է՛լ բարոյական ահաբեկչություն խմբագրի նկատմամբ, է՛լ օրումեջ հարցաքննություններ դատախազությունում: Սակայն այս ամենը թերեւս ոչինչ է նրա համեմատ, ինչին Քոչարյանի նախագահության օրոք բախվեցին «Ա1+»-ը եւ «ՆՏ»-ն, որոնք ընդհանրապես զրկվեցին գործունեություն իրականացնելու հնարավորությունից: Ճիշտ է, նրանց եթերազրկման առաջին իսկ օրից ասվել է, որ հակազդման այս միջոցը կիրառվում է նախագահական ընտրությունների համար, իսկ դրանից հետո նրանց գուցե հնարավորություն տրվի վերադառնալ եթեր: Վճռաբեկ դատարանի Քաղաքացիական եւ տնտեսական գործերի պալատի երեկվա որոշումը տեղավորվում է այս կանխատեսման տրամաբանության մեջ: Երեկ այս դատարանը քննեց Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի վճռաբեկ բողոքը: Հիշեցնենք, որ ավելի վաղ Տնտեսական դատարանն Ազգային հանձնաժողովին պարտավորեցրել էր ընդունել «ՆՏ»-ի դիմումը կապուղիների մրցույթին մասնակցելու համար: Սակայն, ինչպես նշված է վճռաբեկ բողոքում, «ՆՏ»-ի ներկայացրած փաստաթղթերը ոչ միայն չեն համապատասխանում նմուշին, այլեւ խախտվել է դրանց ներկայացման ժամկետը: Բողոքում նաեւ նշված է, որ «ՆՏ»-ի ներկայացուցիչները «բանավոր նախազգուշացվել էին փաստաթղթերի անհամապատասխանության մասին, եւ այդպիսով, փաստորեն, նրանց 10-օրյա ժամկետ էր տրամադրվել այդ թերությունները շտկելու համար»: Ինչպես եզրակացնում են փաստաթղթի հեղինակները, «ՆՏ»-ն զրկված չի եղել մրցութային փաթեթի թերությունները շտկելու հնարավորությունից, այլ ընդհակառակը, գիտակցաբար չի օգտվել այդ հնարավորությունից: Հակասական այս պատճառաբանությունները, թե կարելի է դիմումը չընդունել, բայց 10-օրյա ժամկետ տրամադրել թերությունները շտկելու համար՝ չէին համոզել նաեւ Վճռաբեկ դատարանին: Ուստի երեկ որոշում կայացվեց՝ չբավարարել Ազգային հանձնաժողովի բողոքը եւ անփոփոխ թողնել Տնտեսական դատարանի վճիռը: Ազգային հանձնաժողովի իրավաբանի հետ զրույցից պարզեցինք, որ այժմ «ՆՏ»-ն եռօրյա ժամկետում պիտի ներկայացնի իր դիմումը: Ըստ ամենայնի, դրանից 10 օր հետո կկայանա եւ մրցույթը: «Նոյյան Տապանի» տնօրեն Տիգրան Հարությունյանը մեր հարցին, թե չի՞ կարծում արդյոք, որ Ազգային հանձնաժողովի կողմից միայն վերջնաժամկետին վճռաբեկ բողոք ներկայացնելու, այլեւայլ ձգձգումների նպատակը մեկն էր՝ թույլ չտալ, որ անկախ հեռուստաընկերությունները մինչեւ նախագահական ընտրությունների ավարտը հնարավորություն ունենան դուրս գալ եթեր, պատասխանեց. «Այդ միտումը կար ի սկզբանե: Ըստ մեզ, վճռաբեկ բողոքը չուներ որեւէ լուրջ հիմնավորում՝ բավարարվելու համար: Եվ, իմ կարծիքով, սա զուտ տնտեսական վեճ չէ: Այլ հարց է, որ, ցավոք, ելնելով մի շարք հանգամանքներից՝ մենք Տնտեսական դատարանում չներկայացրինք «պրետենզիաների» այն ամբողջ ծավալը, որ կներկայացնեինք, եթե այս ամբողջը կատարվեր ոչ թե ընտրությունների նախաշեմին, այլ ուրիշ ժամանակահատվածում: Եվ, կարծում եմ, այդ ժամանակ կունենայինք ոչ միայն ընդամենը մասնակցելու վճիռ, այլ որոշակի արդյունքների կհասնեինք շատ այլ հարցերում եւս, որոնք, ըստ իս, լուծվել են անարդարացի մեր եւ «Ա1+»-ի հանդեպ»: Պարզաբանեց, թե խոսքը, մասնավորապես, արտոնագրի համար դիմում ներկայացնելու ձեւի մասին հարցին է վերաբերում. «Եթե մենք շարունակեինք պնդել, թե պիտի ներկայացնենք դիմումն այն ձեւով, ինչպես եւ գրել ենք՝ դա կբերեր նրան, որ դատավճռով կհաստատվեր, թե այն կարգը, որով հանձնաժողովն անցկացնում է մրցույթ՝ հակասում է օրենքին: Մենք նման մասերը հայցից հանեցինք, որպեսզի եւս 10 օր չտրամադրվեր դատաքննության համար»: «Ա1+»-ի թղթակցի հարցին, թե գտնում է, որ Հայաստանում հնարավո՞ր է հասնել նման վճիռների, «ՆՏ»-ի տնօրենն այսպես արձագանքեց. «Դատական համակարգի վիճակը, իհարկե, հայտնի է բոլորին: Բայց մյուս կողմից՝ կա ավելացած նոր ատյան՝ Եվրոպական դատարանը, որը, հուսով եմ, հետադարձ ազդեցություն կունենա մեր դատական համակարգի վրա: Բացի այդ՝ վերջիվերջո, ճշգրիտ, հստակ եւ խելամիտ ձեւակերպելով հիմքերը՝ ինձ թվում է, կարելի է հասնել ավելիին, քան մենք հասնում ենք»: «Առավոտի» հարցին, թե այժմ դիմումում որոշակի նշելո՞ւ են կապուղին, պրն Հարությունյանը պատասխանեց. «Ըստ երեւույթին՝ այո, հետագա ձգձգումներից խուսափելու համար»: Ինչպես եւ ազդարարվել էր Տնտեսական դատարանում՝ «ՆՏ»-ն հայտ է ներկայացնելու այն կապուղու համար, որով այժմ վերահեռարձակվում է CNN-ը: Հիշեցնենք՝ սա միակ կապուղին է, որի համար «Ա1+»-ը չի ներկայացրել հայտ: «Մրցույթին ներկայացված մեր ծրագրում նախատեսել էինք, որ ստեղծելու ենք լրատվական ալիք: Մեր առաջարկում կար միջազգային որեւէ լրատվական ալիքի մասնակի վերահեռարձակման դրույթը, եւ չի բացառվում, որ դա լինի հենց CNN-ը: Չեմ ցանկանում փակագծերը բացել, քանի որ բանակցում ենք տարբեր ընկերությունների հետ՝ ոմանց հետ արդեն ունենք վերահեռարձակման պայմանագրեր, իսկ ոմանց հետ էլ բանակցությունները դեռ ընթացքում են»: Երեկ իր վերջնական լուծումը ստացած այս հայցի հետեւանքով, հայտնի է, որ մի շրջան բախվեցին «ՆՏ»-ի եւ «Ա1+»-ի շահերը: «Հայկական ժամանակի» հարցին, թե այս վճիռը որքանո՞վ կնպաստի այս հեռուստաընկերությունների հաշտությանը, Տիգրան Հարությունյանը պատասխանեց. «Ես չեմ համարում, որ մենք կռված ենք: Ուղղակի կշարունակվի այն գործընթացը, որ ընդհատվել էր ինչ-որ տեղ մեր պատճառով»: Իսկ «Ա1+» հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսեսյանը՝ մեր հարցին ի պատասխան, թե ինչպես է գնահատում «ՆՏ»-ի հաղթանակը եւ այն, որ մրցույթը վերջապես կայանալու է, ասաց. «Բոլորը զանգահարում եւ շնորհավորում են մեզ: Ես ողջունում եմ «Նոյյան Տապանի» հաղթանակը. նա վերջապես պաշտպանեց իր իրավունքները: Եվ վերջապես հնարավորություն կունենանք հավասար պայմաններով դուրս գալ մրցույթի»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ