ԱՅՆ Ո՞Վ Է «ՍԱՏԱՆԻ ՄԱՅԼՈՒՄ ՔՅԱՆԴՐԲԱԶՈՒԹՅՈՒՆ ԱՆՈՒՄ» Այս շաբաթ «Հոկտեմբերի 27»-ի գործով տուժողի իրավահաջորդի շահերի պաշտպան, փաստաբան Օլեգ Յունոշեւը ստիպված եղավ երկրորդ անգամ ասուլիս հրավիրել այն բանից հետո, երբ իր վերջին աղմկահարույց հայտարարությունների «հետքերով» հրավիրվել էր Զինդատախազություն՝ «27»-ի անջատված մասով հարցաքննության: Ի սկզբանե ասենք, որ Զինդատախազության այդ պահանջը Քրեադատավարական օրենսգրքի հոդված 86-ի 2-րդ կետի միանգամից երկու ենթակետերի խախտում է, ըստ որոնց՝ «որպես վկա չեն կարող կանչվել եւ հարցաքննվել» «փաստաբանները՝ պարզելու համար տեղեկություններ, որոնք նրանց կարող են հայտնի լինել կապված իրավաբանական օգության դիմելու կամ նման օգնություն ցույց տալու հետ», նաեւ անձինք, որոնց տվյալ քրեական գործին վերաբերող տեղեկությունները հայտնի են դարձել «քրեական գործով որպես պաշտպան, տուժողի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի ներկայացուցիչ մասնակցելու կապակցությամբ»: Նկատի ունենալով օրենքի հենց այս դրույթները՝ Զինդատախազության այդ նախաձեռնությունը, բնականաբար, գնահատվեց որպես «անօրինական»: Ասել, թե Զինդատախազությունն օրենսդրության այդ պահանջին տեղյակ չէ՝ միամտություն է: Զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը, հավանաբար, ստիպված է եղել դիմել այդ քայլին, գուցե ինչ-որ մեկին ապացուցելու համար, որ ինքը Օ.Յունոշեւի բացահայտումների սկզբնաղբյուրը չէ: Բանն այն է, որ երեկ որոշ տեղեկություններ եղան, թե իբր նախագահ Քոչարյանը մտահոգված է Օ. Յունոշեւի գործունեությամբ եւ Գ. Ջհանգիրյանին ասել է, որ վերջինիս աշխատանքից, մեղմ ասած, գոհ չէ՝ կասկածի տակ առնելով զինդատախազի հավատարմությունը ՀՀ նախագահին: «Իշխանությունները, այս դեպքում՝ ի դեմս Զինդատախազության, խոչընդոտում են «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործության բացահայտմանը եւ ամեն ինչ անում Օ. Յունոշեւի գործունեությունը դատավարության ընթացքում սահմանափակելու համար»,- երեկ հայտարարեց ասուլիսը վարող «Հանրապետություն» կուսակցության մամուլի պատասխանատու Սուրեն Սուրենյանցը: Օ. Յունոշեւն իր հերթին տեղեկացրեց, որ բացի «27»-ի գործով Զինդատախազություն հրավիրվելուց՝ իրեն որպես վկա հարցաքննվելու է հրավիրել են նաեւ ՀՀ Գլխավոր դատախազությունը՝ այս անգամ Տիգրան Նաղդալյանի սպանության քրգործով: Օ. Յունոշեւն անտեղյակներին հիշեցրեց, որ ինքը «27»-ի գործով տուժողի իրավահաջորդի փաստաբան է, եւ Քրդատօր.-ի վերը մեջբերված հոդվածը վկայակոչելուց զատ շեշտեց, որ փաստաբանի հարցաքննությունն ուղղակիորեն արգելվում է նաեւ միջազգային կոնվենցիաներով, որոնք ստորագրել է նաեւ Հայաստանի Հանրապետությունը: «Կա՛մ Զինդատախազության ղեկավարությունը չի տիրապետում սեփական երկրի Քրեադատավարական օրենսգրքին, կա՛մ նման վարքագծի այլ պատճառներ ունի. այն է՝ ես տուժողի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ եմ ե՛ւ Զինդատախազությունում ընթացող նախաքննության, ե՛ւ «27»-ի գործով դատավարության ընթացքում, մինչդեռ քրգործով վկայի կարգավիճակում հանդես գալով՝ փաստորեն ամբողջովին դադարեցվելու են իմ լիազորությունները, եւ ես զրկվելու եմ կարեւորագույն դատավարական գործողությունների իրավունքից՝ միջնորդություններ անել, վկաներ ներկայացնել, բացարկներ հայտնել եւ այլն: Որպես վկա հանդես գալու դեպքում՝ ինձանից ստորագրություն կպահանջեն նաեւ նախաքննական գաղտնիքներ չհրապարակելու մասին: Դա նշանակում է, որ իմ բոլոր գործողությունները, որոնք ուղղված կլինեն դատարանին լրացուցիչ տեղեկություններ ներկայացնելուն, միանշանակորեն կգնահատվեն իբրեւ նախաքննական գաղտնիքի հրապարակում, որի համար քրեական պատասխանատվություն է նախատեսված: Այսպիսով, Զինդատախազության ղեկավարության այս քայլերը վտանգավոր բնույթ են ստանում եւ ուղղված են ինձ դատաքննության պրոցեսի մասնակցությունից մեկուսացնելուն, որի նպատակն է խոչընդոտել ինձ քրգործով կարեւորագույն տեղեկություններ տալ, որոնք վերաբերում են «27»-ի ահաբեկչությանը մասնակցած այլ անձանց: Եթե Զինդատախազությունը շարունակի իր ապօրինի քայլերը, ինձ այլ բան չի մնա, քան՝ բացարկ հայտնել Զինդատախազության ղեկավարությանը, կասկածի տակ առնել նրա անաչառությունն ու դատաքննությանը մասնակցելու օրինականությունը, դիմել այն մարդկանց, ովքեր անձամբ են պատասխանատու Հայաստանում օրինականությունը պաշտպանելու, ապօրինությունները կանխելու համար, նաեւ գործող օրենսդրության սահմաններում այլ միջոցներ ձեռնարկել: Քանի որ ինձ ներկայացված՝ հարցաքննվելու մասին Զինդատախազության պահանջը ոչ այլ ինչ է, քան՝ անօրինական գործողությունների հանցակցություն, ես անընդունելի եմ համարում Զինդատախազություն իմ ներկայանալը»,- հայտարարեց Օ. Յունոշեւը: Նա նաեւ հավելեց, որ ամենեւին էլ պարտադիր չէ, որ իրեն հատկապես որպես վկա կանչեն իր ունեցած տեղեկությունները Զինդատախազության հետ կիսելու համար. «Դրա համար բավարար է պարզապես հրավիրել՝ որպես տուժողի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ: Իմ վստահորդի կամքին անսալով, որպես տուժողի իրավահաջորդի շահերի պաշտպան՝ միշտ պատրաստ եմ համագործակցել Զինդատախազության հետ, ակտիվորեն օգնել քննչական խմբին՝ «27»-ի կազմակերպիչներին բացահայտելու եւ նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու, կատարված հանցագործության ամբողջական պատկերը ի հայտ բերելու հարցում»: Պատասխանելով լրագրողների բազմաբնույթ հարցերին, նա նաեւ շեշտեց, որ ինքը պատասխանատու է մինչ այդ արած բոլոր հայտարարությունների համար: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ