Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մեր երկարակեցությունը «ցեղական» է

Հունվար 17,2003 00:00

Մեր երկարակեցությունը «ցեղական» է Ուղիղ մեկ դար ապրած Վարսենիկ Գալստյան-Սուքիասովան է այդպես մտածում եւ հիմք ունի՝ մինչեւ 100-ը «պլյուս-մինուսով» ձգել են հայրը, մայրը եւ այլ ազգականներ։ Հոր երկարակեցության գաղտնիքը հստակ է՝ մինչեւ վերջին օրը, ամեն առավոտ խմել է կես լիտր մաքուր հոնի օղի։ Ինքը՝ Վարսենիկ մայրիկը, նույնպես դեմ չէ ոգելից խմիչքին, միայն թե՝ գինու տարբերակով։ Ասացին՝ առողջության հետ կապված ոչ մի գանգատ չունի մինչ օրս։ Բժիշկներին անգործ թողնելու մի գաղտնիք էլ կա՝ ինքն իրեն միշտ լավ է հետեւել, խնամել ու գուրգուրել։ Իրենից ծնված երեխա չունի, որովհետեւ դեռ նոր ամուսնացած տարիներին ամուսնուն «բռնել է» դավաճանության մեջ ու տեղում բաժանվել՝ այլեւս չամուսնանալու ճակատագրով։ Հետո որդեգրել է քրոջ աղջկան, ունեցել թոռներ, ծոռներ ու կոռներ։ Երեկ՝ իր ծննդյան 100-ամյակի տոնակատարությանը, նա ժիր էր ու աշխույժ, կենաց ասաց, «ինտերվյու» տվեց ու նաեւ մի լավ պար եկավ։ Ի դեպ, տիկին Վարսենիկը Կենտրոն համայնքի երեք 100 տարեկաններից մեկն է։ Թեպետ նրա ծնունդն ընտանիքում միշտ է նշվել, բայց այս մեկի ծախսերն իր վրա էր վերցրել թաղապետ Գագիկ Բեգլարյանը։ «Ի՞նչ նվեր է ուզում տիկին Վարսենիկը» թաղապետարանի հարցին՝ հոբելյարն ընտանիքի օգնությամբ հասկացրել է՝ «մագնիտոֆոն, որ պարեմ»։ Հոբելյարի կամքը կատարվել էր, պլյուս՝ ծննդյան մեծ տորթն ու անձամբ թաղապետի «սեղանակցությունը»։ Ի դեպ, Գագիկ Բեգլարյանն իր հետ բերել էր նաեւ իր տղային։ «Թող տեսնի, թե պապան ինչպես է հարգում մեծերին»,- ասաց նա։ Իր համար «անխռով» ծերություն ապահովելու նպատակով թաղապետն, ամենայն հավանականությամբ, իր բալիկի հետ կլինի նաեւ համայնքի մյուս երկու՝ հարյուրամյա ծերերի տներում՝ կրկին ծննդյան տոներին։ Նրանց մասին պարոն Բեգլարյանն առայժմ միայն տեղեկություն ունի, որ «վատ են ապրում ու մենակ են», թաղապետարանն այժմ օգնում է նրանց գոյատեւելու։ Կենտրոն թաղապետարանից մի ներկայացուցիչ էլ ասաց, որ իրենք ծրագիր ունեն նշելու համայնքի 90 տարեկանից բարձր բոլոր անդամների ծննդյան օրերը, հասկանալի է՝ սեղանով ու նվերով։ Տեղյա՞կ է արդյոք պարոն Բեգլարյանը, թե որքան են նրանք եւ այդ «նշումների» համար համայնքի բյուջեի հնարավորությունները կբավարարե՞ն։ «Այդպիսի ծախսերը բյուջեից չենք անում,- պատասխանեց Կենտրոնի թաղապետը։ Հետո «ապսպրեց»,- լավ բաներ գրեք մեր մասին, լավ բաներ շատ ենք անում»։ Դե, եթե գրելու համար եք անում՝ գրեցինք։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել