Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՆԿԱԽՆԵՐՆ ՈՒ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ

Հունվար 17,2003 00:00

ԱՆԿԱԽՆԵՐՆ ՈՒ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ Հայաստանի 5 «անկախ» հեռուստաընկերությունները ընդունեցին որոշում, որը հակասում է գովազդի էությանը մասնավորապես եւ շուկայական տրամաբանությանը ընդհանրապես: Նախագահի թեկնածուների քաղաքական գովազդը տրամադրելիս նրանք պայման դրեցին, որ տվյալ թեկնածուի կողմից գնված ժամանակը նա չօգտագործի այլ թեկնածուին գովազդելու համար: Այսինքն՝ լրատվամիջոցը, որը բոլոր գրված կամ չգրված օրենքներով պատասխանատվություն չի կրում գովազդի բովանդակության համար, տվյալ դեպքում որոշում է սահմանափակել այդ բովանդակությունը եւ թելադրել այն: Դա նույնն է, որ, ասենք, «Կոկա-կոլան» թերթային տարածք գնի «Առավոտից», բայց ես նրանից պահանջեմ, որ նա գովազդի միայն «Կոկա-կոլան», բայց ոչ՝ «Բոն ակվան»: Պարզ է, թե ինչու են «ազատ, բայց պատասխանատու» հեռուստաընկերությունները դիմում այդ հակաշուկայական քայլի՝ ընդդիմության միասնական թեկնածուի գովազդը բացառելու համար: Ենթադրենք, ընտրարշավի ժամանակ Արամ Զավենի Սարգսյանը հանում է իր թեկնածությունը եւ իր գնած գովազդային ժամանակը ցանկանում է օգտագործել մեկ այլ թեկնածուի քարոզի համար: «Ազատ պատասխանատուներն» ասում են՝ ոչ, դա չի կարելի: Որովհետեւ այդպես է կարգադրել նախագահի ապարատում իրենց փաստացի ղեկավարները: Իհարկե, ինչպես բոլոր նորմալ հիմնարկները, այդ հեռուստաընկերություններն էլ են ուզում փող աշխատել, բայց այդ ցանկությունը նահանջում է երկրորդ պլան, երբ խոսք է գնում նախագահի աշխատակազմին հաճոյանալու անհրաժեշտության մասին: Ի՞նչ են անելու փողը, եթե վաղը Քոչարյանը բռնի ու փակի նրանց: Ո՞վ կցանկանա «Ա1+»-ի օրն ընկնել: Ինչպես հիշյալ 5 հեռուստաընկերություններն են անկախ, այնպես էլ Հայաստանի Կոմկուսն է ընդդիմադիր: Չորեքշաբթի այդ կուսակցության ներկայացուցիչը ԿԸՀ-ում՝ Վիլեն Սուքիասյանը մեծագույն հաճույքով զրկեց Րաֆֆի Հովհաննիսյանին նախագահի թեկնածուի մանդատից, բայց փրփուրը բերանին ապացուցում էր, որ Ռոբերտ Քոչարյանը 10 տարի է, ինչ ՀՀ քաղաքացի է: Պարզապես ցավալի է, որ մի քանի հարյուր թոշակառուներ ընտրություններում իրենց ձայնը իներցիայով կտան Կոմկուսի թեկնածու Վլադիմիր Դարբինյանին՝ թյուրիմացաբար կարծելով, որ նա ընդդիմադիր գործիչ է: Հավանաբար, ավելի ազնիվ կլիներ Կոմկուսի համար հենց սկզբից միանալ ՀՀԿ-ին, ՀՅԴ-ին, ՕԵ-ին, ինչպես նաեւ իրենց իսկ նորացված ընկերներին եւ երգել «Ալելույա» Քոչարյանի հասցեին: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել