Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ընդդիմախոս տնօրեն – 2

Հունվար 17,2003 00:00

Ընդդիմախոս տնօրեն – 2 Դեռեւս 2002-ի սեպտեմբերին Երեւանի «Էվրիկա» միջնակարգ դպրոցի մանկավարժական խորհուրդը որոշում էր կայացրել վարժարանը վերանվանել Վազգեն Սարգսյանի անունով: Դպրոցի տնօրեն Լյովա Եղիազարյանը՝ համապատասխան բոլոր որոշումներն ու փաստաթղթերը ձեռքին, դիմել էր քաղաքապետարանի Կրթության վարչությանն ու գիտության եւ կրթության նախարարությանը՝ Անվանակոչության հանձնաժողովում այդ հարցը քննարկելու միջնորդությամբ: «Սակայն Երեւանի քաղաքապետարանի Կրթության վարչության Անվանակոչության հանձնաժողովը մեր խնդրանքը մերժեց այն պատճառաբանությամբ, թե նույն անվամբ երկուսից ավելի անվանակոչություն չի կարելի անել: Բայց բանն այն է, որ Վ.Սարգսյանի անվամբ կոչված ո՛չ Ռազմական ակադեմիայի, ո՛չ էլ, առավել եւս, Հանրապետական մարզադաշտի անվանակոչության համար քաղաքապետարանը որոշում չի կայացրել, որովհետեւ դրանք քաղաքապետարանի ենթակայության տակ չեն»,- պարզաբանեց դպրոցի արդեն նախկին տնօրեն Լյովա Եղիազարյանը, որը «Հանրապետություն» կուսակցության Ավանի կառույցի, նաեւ այդ համայնքի նախընտրական շտաբի ղեկավարն է: Իսկ 14.05.02թ. ընդդիմության կազմակերպած հանրահավաք-երթերին մասնակցելու համար նա արդեն հասցրել էր շատերի հետ միասին ապօրինաբար «դատվել» ու վարչական տուգանքի ենթարկվել: Երեւանի «Էվրիկա» վարժարանում, ինչպես շատ այլ միջնակարգ դպրոցներում, ընտրական տեղամաս է գործում: Ըստ, դպրոցի նախկին տնօրեն Լյովա Եղիազարյանի, 2002-ի հոկտեմբերին, ՏԻՄ ընտրությունների ժամանակ նա բացահայտ հայտարարել էր, որ չի պաշտպանելու, չի աշխատելու իշխանությունների կողմից առաջադրված ավագանու թեկնածուների համար: «Ընտրություններից հետո, հոկտեմբերի 31-ին մոտ 8 հոգով, քաղաքապետարանի Կրթության վարչության պետ Վաթյանի, նրա տեղակալ Ալեքսան Կուբանյանի գլխավորությամբ՝ տեսուչները մտան դպրոց: Մեկօրյա այցելության ընթացքում կատարված ուսումնասիրությունների վերաբերյալ ավելի ուշ, «Երկիր» թերթի նոյեմբերի 8-14-ի համարում հրապարակում եղավ, որով ազդարարվում էր, որ մեր դպրոցում գործերը բարվոք են: ՏԻՄ ընտրություններին հաջորդեցին Նոր Նորքի թաղապետի ընտրությունները: Ես այդ ժամանակ էլ հայտարարել եմ, որ չեմ պաշտպանելու Մ.Մինասյանին: Նա, իհարկե, չընտրվեց: Ընտրություններից 10 օր անց՝ դեկտեմբերի 17-ին, քաղաքապետարանի Կրթության վարչության պետի տեղակալ Ալ.Կուբանյանի վերահսկողությամբ հանձնաժողով է ստեղծվում, ընդ որում՝ ապօրինաբար, դպրոցում մոտ մեկուկես ամսվա ընթացքում երկրորդ անգամ ստուգումներ անցկացնելու մասին: Ապօրինաբար՝ նաեւ այն պատճառով, որ գործող օրենսդրությամբ 3 օր առաջ ինձ պետք է տեղեկացնեին ստուգումների մասին, մինչդեռ հենց հաջորդ օրը մտան դպրոց, ընդ որում՝ անանուն մի նամակի, իբր, ծնողների բազմաթիվ բողոքների «հետքերով»: Ստուգումները կատարվեցին: Օրենքով սահմանված կարգով դեկտեմբերի 25-ին պետք է զեկուցագիր պատրաստվեր կատարված ստուգումների վերաբերյալ եւ ներկայացվեր նաեւ դպրոցի տնօրենին: «Բայց Նոր տարին անցավ եւ միայն հունվարի 9-ին ինձ կանչեցին զեկուցագրի հետ ծանոթանալու: Կարդացի, բնականաբար, գրեցի, որ համաձայն չեմ բերված «փաստերի» հետ, բացատրագիր ներկայացրի»,- պարզաբանեց Լ.Եղիազարյանը: Մասնավորապես՝ արհկոմի նախագահ Վ.Ղարիբյանի ու, իբր, «կոլեկտիվի մյուս անդամների կարծիքով»՝ դպրոցում տեղ գտած թերացումների «պատճառը ալկոհոլին տրված, մանկավարժին անհարիր կեցվածքով, հայհոյանքներով ու անվայելուչ արտահայտություններով ուսուցիչներին ստորացնող Լ.Եղիազարյանն է»: Առաջ անցնելով նկատենք, որ հունվարի 15-ին, դպրոցի թվով 32 աշխատողներ հայտարարել են՝ «Մենք՝ ներքոստորագրյալներս, «Էվրիկա» միջնակարգ դպրոցի աշխատողներս հայտարարում ենք, որ վեց տարի աշխատելով տնօրեն պարոն Եղիազարյանի հետ, նրա կողմից ոչ մի ավելորդ ու մանկավարժին անհարիր գործելակերպ չենք տեսել: Ընդհակառակը, կոլեկտիվում բարոյահոգեբանական վիճակը լավ է, որեւէ խմբավորում չկա, ու նա ամեն ինչ արել է դպրոցի զարգացման համար»: Հունվարի 13-ին, տնօրենը բացատրագիր է ներկայացրել նաեւ քաղաքապետին, խնդրելով ընդունելություն՝ բացատրություններ տալու: «Հաջորդ օրն ինձ զանգում են, թե՝ եկեք ձեր ազատման դիմումը տարեք: Պարզվեց, որ ինձ ազատել են հունվարի 13-ին, առանց ընդունել-լսելու: Պարզ երեւում է, որ դա հետապնդում է: Ես դատարան եմ դիմելու եւ պաշտպանելու եմ իմ իրավունքները, նաեւ պահանջելու եմ պատասխանատվության ենթարկել ինձ զրպարտողներին՝ անկախ այն բանից, թե դպրոցում հետագայում կաշխատե՞մ, թե՞ ոչ»,- ասաց տնօրենը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել