Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔԱՄԻ ԵՔ ՑԱՆԵԼ՝ ՇՈՒՏՈՎ ՓՈԹՈՐԻԿ ԵՔ ՀՆՁԵԼՈՒ»

Հունվար 17,2003 00:00

«ՔԱՄԻ ԵՔ ՑԱՆԵԼ՝ ՇՈՒՏՈՎ ՓՈԹՈՐԻԿ ԵՔ ՀՆՁԵԼՈՒ» Այս սպառնալիքը կա մի էլեկտրոնային նամակում, որը գրավել է Տիգրան Նաղդալյանի սպանությունը հետաքննողների ուշադրությունը: Զինդատախազությունը Վազգեն Սարգսյանի իրավահաջորդի ներկայացուցչին էլ անմիջապես հրավիրեց հարցաքննության. այդպես նախկինում պարզաբանումներ էին պահանջում բոլոր նրանցից, ովքեր հանրությանը ներկայացնում էին իրենց վերլուծությունները եւ եզրակացությունները, թե «27»-ն ունի կազմակերպիչներ, ծրագրված է եւ այլն: Նույն տրամաբանությամբ, ենթադրում էինք, որ Գլխավոր դատախազությունը հարցաքննության կհրավիրի բոլոր նրանց, ովքեր դեկտեմբերի 28-ից հետո շտապեցին հեռուստաեթերից հրամցնել վարկածը, թե դա քաղաքական սպանություն էր՝ ընտրությունների շեմին արմատականները դիմեցին ուժային լուծումների, եւ այլն: «Սա հատուկ արված էր այս նախընտրական կամպանիայում ցույց տալու համար, որ մենք դեռ կանք»,- ասում էր Ռուբեն Հախվերդյանը: Ռազմիկ Դավոյանը հայտարարում էր, որ եթե իշխանության ձգտող քաղաքական ուժերը «մարդու վրա ձեռք բարձրացնելով են ուզում այդ իշխանությունը՝ այլեւս ի՞նչ ասելիք կա այստեղ»: Աղվան Վարդանյանը պնդում էր. «Կատարվածը հրեշային տրամաբանությամբ ծրագրված քաղաքական սպանություն է»: Արդյոք հա՞րկ չէ, որ այս հայտարարությունները նույնպես հիմնավորվեն: Մանավանդ, որ Հանրային հեռուստաընկերության եթերից նաեւ ազդարարվում էր, թե ի տարբերություն ընդդիմությանը՝ իրենք չեն ներկայացնում անապացույց մեղադրանքներ: Ուրեմն, թող այժմ քննչական մարմինների առջեւ ապացուցեն ընդդիմությանն ուղղված այդ մեղադրանքների հիմնավորվածությունը: Ի վերջո, մի՞թե քննիչներին չի հետաքրքրում, թե ում նկատի ուներ Ռոբերտ Սահակյանցը, երբ հայտարարում էր, թե որոշեցին վերացնել Տիգրան Նաղդալյանին, քանի որ նա շատ վտանգավոր էր «իշխանության հավակնող շինծու եւ կեղծ թեկնածուների» համար. «Թե կոնկրետ ով է՝ չեմ կարող այդ անունները տալ միայն անմեղության կանխավարկածից ելնելով: Իսկ ինքս տարակույսներ բնավ չունեմ»: Եվ նույնիսկ վերջնագիր էր ներկայացնում, թե չի գնա ընտրությունների՝ «եթե անհապա՛ղ չձերբակալվեն տասնյակ կասկածյալներ, որոնք լկտիություն ունեցան հայտարարել տեռոր սկսելու մասին, փաստորեն՝ պատերազմ հայտարարեցին իշխանություններին»: Այս բոլոր հայտարարությունների մեջ մեկն անկասկած օգտակար կլինի դատախազությանը: Վահան Հովհաննիսյանը հիշեցրեց «Հոկտեմբերի 27»-ի վրիժառուներ» ստորագրությամբ թռուցիկի մասին, որտեղ, ըստ նրա, հաշվեհարդարի սպառնալիք կար Տիգրան Նաղդալյանի նկատմամբ: Սակայն վերընթերցելով այդ թռուցիկը, համոզվեցինք, որ «վրիժառուների» «ընկերական դատարանը» նրան չէր ներառել այն անձանց շարքում, որոնց խոստացվել էր «արժանի դատաստան»: Իրոք, «Կգա հատուցման օրը» թռուցիկում կա սպառնալիք. «Ով ով, բայց մենք՝ Վազգենի իսկական ընկերներս չենք հանդուրժելու ու մեկ առ մեկ շանսատակ ենք անելու բոլոր նրանց, ովքեր ինչ-որ կերպ կապված են նրա սպանության հետ»: Բայց այս «խոստումը» վերաբերում է, ըստ թռուցիկի՝ «սպանության պատվիրատուներ» Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին եւ Հրանտ Մարգարյանին, հանցագործության անմիջական կատարողներին եւ այս գործով նախկին մեղադրյալներին: Իսկ Նաղդալյանն մի քանի (այժմ ընդդիմադիր) գործիչների հետ այն ցանկում է, որոնց «վրիժառուները» միայն կասկածում են, թե առնչվել են սպանությանը. «Նկատի ունենք նախ՝ նրանց անձնական մտերմությունն ու հաճախակի կապերը Նաիրի Հունանյանի հետ, երկրորդ՝ անասնական ատելությունն ու թշնամանքը Վազգեն Սարգսյանի նկատմամբ, որ բազմիցս արտահայտվել է նրանց միտինգային ելույթներում, հոդվածներում ու հարցազրույցներում, եւ երրորդ՝ նրանց պահվածքը (ասես ներքուստ հրճված) ու հակասական հայտարարություններն ահաբեկչությունից հետո»: Քննության առարկա դարձե՞լ է այս անստորագիր թռուցիկը դեկտեմբերի 28-ից հետո, թե՞ ոչ՝ տեղյակ չենք: Սակայն գիտենք, որ լրջորեն ստուգվում է մեկ այլ վարկած, որն առնչվում է «Արամայիս Կարնեցի» ստորագրության ներքո հանդես եկող հեղինակին: Վերջինս երբեմն իր դիտարկումներն է հրապարակում մեր մամուլում, իսկ ավելի հաճախ՝ այլոց հոդվածները թարգմանում է անգլերեն եւ ուղարկում էլեկտրոնային տարբեր հասցեներով: Տեղյակ չենք՝ արդյոք միայն կասկածնե՞րը, թե Կարնեցին «ԱՍԱԼԱ»-ից է, եւ նման մի թարգմանության մեջ Նաղդալյանի հասցեին վիրավորանքնե՞րն են պատճառը, որ քննիչներն այժմ հետաքրքրված են նրանով, թե՞ կան ավելի լուրջ հիմքեր: Սակայն քննենք այս «Սպանդ» խորագրված էլեկտրոնային նամակը նաեւ մենք: Այն Ռոբերտ Քոչարյանին առաջին սկաուտի կոչմանն արժանացնելու առիթով՝ «27»-ի գործից սկաուտներին վերաբերող ցուցմունքներից Վահագն Ղուկասյանի ընտրաքաղի անգլերեն թարգմանությունն է, որը լույս է տեսել նաեւ հայկական մամուլում: Սակայն թարգմանությունը համեմված է Կարնեցու սեփական դիտարկումներով եւ ծանոթագրություններով: Այսպես, Քոչարյանի անվան կողքին նա հիշեցնում է նրա արտահայտությունները «կլիզմայի» եւ «վատ պարողին խանգարող հանգամանքների» մասին, նրան անվանում «անօրինական նախագահ» եւ «27»-ի գաղտնի կազմակերպիչ»: ՀՄԸՄ-ի մասին հիշատակությանը հավելում է, որ այն Հայաստանում հիմնադրողներից մեկն էլ «գլխավոր դաշնակ, տականք Նաիրի Հունանյանն է»: «Metal Prince» ընկերության ղեկավար Սերոբ Տեր-Պողոսյանի անվան կողքին նշում է, թե նա մասոնական կազմակերպության անդամ է, Վահան Հովհաննիսյանի մասին՝ որ նա դավաճան է: Իսկ Տիգրան Նաղդալյանի անվան կողքին բացառապես նույն ուղղվածության հայհոյանքներ են: Արամայիս Կարնեցին 16.08.02-ի «[email protected]» հասցեից «Սկաուտ տղանե՞ր, թե պոտենցիալ ահաբեկիչներ» անվանվող այս նամակն ուղարկել է «Հայ ՖՄ», «Ռադիո Վան», «Տոսպա», «Ինտերնյուս», «Արմենպրես», «Ինտերկապ», «Շողակաթ», «Իրավունք», «Արձագանք», «Արմենիա», Հանրային ռադիո եւ այլ լրատվամիջոցների: Ենթադրել, թե այսքան հասցեներով իր վիրավորանքները տիրաժավորելուց հետո կարելի է սպանել այն անձին, ում վերաբերում են դրանք՝ նույնքան լուրջ է, որքան եթե Աշոտ Մանուչարյանին (սատանի ականջը՝ խուլ) մի բան պատահի՝ հիշենք, որ «Օրակարգի» մուլտիկներից մեկում պարսատիկով խփում էին ծտի կերպարով Մանուչարյանին, եւ դա հետին թվով գնահատենք իբրեւ նախազգուշացում: Հասկանում ենք՝ քննությամբ պիտի ստուգվեն բոլոր վարկածները: Սակայն ցավալի է, որ հատորներ լցնելով նման փուչ նյութերի ուսումնասիրություններով՝ քննչական խումբը կորցնում է մի բան, որ անգնահատելի է նման հանցագործությունների բացահայտման պարագայում՝ ժամանակը: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել