Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱԴՈՅԱՆԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ Է ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻՆ

Հունվար 17,2003 00:00

ՍԱԴՈՅԱՆԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ Է ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻՆ Թերեւս չէր սխալվում ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը, երբ ասում էր, թե որքան «16»-ը ուշացնի միասնական թեկնածուի ընտրության հարցը, հասարակական պահանջն ինքնուրույն կձեւավորի միասնական թեկնածուին։ «16»-ի միավորման ներսում ԺՀՈՒ-ն սատարելու է «ԱՄ» նախագահ Արտաշես Գեղամյանին, ակներեւաբար, միավորման մյուս թեւի մեջ մտնող կուսակցությունների մեծ մասն իր հերթին կսկսի հայտարարություններ անել ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանին սատարելու մասին։ ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանը Գրողների տանը հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ իր կուսակից ընկերների հետ հայտարարեց, որ իրենց նախընտրելի թեկնածուն Ստեփան Դեմիրճյանն է, եւ իրենք ենթադրում են ու հույս ունեն, որ Ստեփան Դեմիրճյանը լինի նաեւ միասնական թեկնածուն։ Արշակ Սադոյանը հայտարարեց, որ իր կուսակցությունը հստակ պայմաններ էր ներկայացրել եւ դրանք ընդունող քաղաքական ուժն էլ վայելելու էր Արշակ Սադոյանի պաշտպանությունը. «Մեր պայմանները բոլոր թեկնածուներին հասել են, բոլորը գիտեին դրա մասին, արձագանքել է մեր պահանջներին միայն ՀԺԿ կուսակցությունը։ Մեզ է ուղարկվել իրենց նախընտրական ծրագիրը, որտեղ հստակ ընդգծված են եղել այն կետերը, որ համընկնում են մեր մոտեցումներին։ Եվ բնական է, ելնելով այդ մոտեցումներից եւ անհրաժեշտությունից՝ օր առաջ հստակ հայտնելու մեր դիրքորոշումը, մեր կուսակցության վարչությունը երկար, լուրջ քննարկումներից հետո որոշեց. նախագահական ընտրություններում պաշտպանելու է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի թեկնածությունը։ Մենք դնում ենք հիմնական գերխնդիր, որ պետք է հասնենք այն բանին, որ Հայաստան երկրում ոչ թե իշխանությունները վերարտադրվեն իշխանության կողմից, այլ՝ գոնե 2003 թվականին լինի իսկապես ընտրություն»։ Ստեփան Դեմիրճյանին պաշտպանելու որոշմանը Արշակ Սադոյանի կուսակցությունը հանգել է նաեւ սեփական հարցումների արդյունքում, երբ դեռեւս նախագահի թեկնածու Արշակ Սադոյանի օգտին ստորագրահավաքի ընթացքում, ձեռքի հետ էլ հետաքրքրվել են, թե ժողովուրդը ո՞ր թեկնածուին է ավելի համակրում։ Ըստ այդմ Ստեփան Դեմիրճյանը եղել է առաջին տեղում, Արտաշես Գեղամյանը՝ երկրորդ, Արշակ Սադոյանը՝ երրորդ, մնացածն արդեն՝ իրար ետեւից։ Հետաքրքիր է, որ ըստ այդ հարցումների, Վազգեն Մանուկյանն ինչ-որ վեցերորդական տեղ է գրավել, իսկ Ռոբերտ Քոչարյանի մասին ժողովուրդը չի էլ հիշել, միայն հիշեցումից հետո է ինչ-որ ձայներ տվել, որը կազմել է մինչեւ 18 տոկոս, այսինքն, այնտեղ՝ պոչում, ինչ-որ տեղ։ Արշակ Սադոյանը վստահ է, որ Ստեփան Դեմիրճյանին պաշտպանելը ճիշտ որոշում է, սակայն միաժամանակ ասաց նաեւ. «եթե «16»-ը կգան այլ համաձայնության միասնական թեկնածուի հարցում, ելնելով մեր նշած գերխնդրից, մենք, բնական է, պաշտպանելու ենք «16»-ի կողմից ընտրված միասնական թեկնածուին։ Հույս ունենք, որ միասնական թեկնածուն կդառնա մեր կողմից պաշտպանված թեկնածուն՝ Ստեփան Դեմիրճյանը»։ Ա. Սադոյանը ցանկություն ունի որպես վստահված անձ մասնակցել քարոզարշավին եւ կարծում է՝ իրենք հաղթելու են։ Նույնիսկ այն դեպքում, երբ, ըստ Արշակ Սադոյանի՝ «բոլոր տեսակի գործակալներին հրահանգ է տրված, նույնիսկ, եթե բացահայտվեն էլ, ոչինչ, միայն զբաղվեն քարոզարշավով»։ Արշակ Սադոյանը վստահ է. «վախից է, որ Սերժ Սարգսյանը նշանակվել է շտաբի պետ, որ Հովիկ Աբրահամյանի մակարդակով իշխանական ռեսուրսների ներդրման զանգվածային մոտեցումը միայն մի բան է ասում՝ իսկապես, դողն է ընկել ջանները»։ Եթե միասնական թեկնածուն դառնա Արտաշես Գեղամյանը, արդյո՞ք Արշակ Սադոյանը կպաշտպանի նրան. «Եթե միասնական թեկնածուն լինի Ա. Գեղամյանը, որեւէ խնդիր չունենք, սակայն, ցավոք սրտի, մեր սկզբունքային դիրքորոշումների մեջ կան խնդիրներ, որոնք տարբեր են, բայց հանուն միասնական թեկնածուի, մենք պատրաստ ենք գնալ զիջումների» (լուրջ տարաձայնությունների շարքում պրն Սադոյանը նշեց «Գույք՝ պարտքի դիմաց» բանաձեւի եւ «Ռուսաստան-Բելառուսի» շուրջ տարաձայնությունները.- Մ. Ե.)։ Սակայն ելնելով գերխնդրից, մենք կպաշտպանենք միասնական թեկնածուին»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ Հ. Գ. Մամլո ասուլիսի հենց սկզբում Արշակ Սադոյանը հարկ համարեց ասել, որ իր նախորդ մամլո ասուլիսում հնչեցրած մտքերը մի շարք ԶԼՄ-ներ աղավաղված են ներկայացրել, որ իր ասածներից երբեք էլ չի բխել, թե ինքը կպաշտպանի Ռոբերտ Քոչարյանին»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել