Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ջազով «վարակվածը»

Հունվար 16,2003 00:00

Ջազով «վարակվածը» Առասպելական «Strangers in tne Night» («Պանդուխտները գիշերում) երգը, որն անմահացրեց Ֆրենկ Սինատրան, կապված է XX դարի աշխարհի մի քանի սերունդների հետ: Երգն այն աստիճան է անբաժան երգչի անունից, որ բոլորն ակամա ընդունում են որպես նրա անձնական ստեղծագործություն: Եվ հազվադեպ է, որ ունկնդիրը մտածի այս հիանալի երգի հեղինակության մասին: «Պանդուխտների» իրական հեղինակ Ավո Ուվեզյանը մասնագիտական շրջանակներում ավելի հայտնի է որպես ծխախոտային մագնատ: Սակայն ջազն այս մարդու կյանքում զբաղեցնում է ոչ պակաս կարեւոր տեղ: Ջազը որպես երաժշտական լեզու, որպես աշխարհազգացում ունակություն ունի տարածվելու`մեկից մյուսը, ասես մի անտեսանելի հպում: Ջազը կարծես վարակ լինի: Ավո Ուվեզյանը ջազով վարակվեց 40-ականներին, երբ ապրում էր բոլորովին այլ երաժշտական մտածելակերպով եւ կյանքի ռիթմերով պետությունում՝ Լիբանանում: Ինչ-որ մեկը նրան Ամերիկայից Ֆեթս Ուոլլերի ձայնապնակն էր ուղարկել: Նյույորքյան երաժիշտը, որի ձեռքը մեկ ու կես օկտավա էր բռնում, իսկական աֆիսիոնադո (ծխախոտի սիրահար եւ մասնագետ) էր: Ցանկացած ծաղրանկարում, գրեթե բոլոր լուսանկարներում (չհաշված մանկականները) Ուոլլերը պատկերված էր ծխախոտը ձեռքին: Ավո Ուվեզյանի հետագա կյանքը փոխեց ձայնապնակի հետ հանդիպումը: Երիտասարդ երաժիշտը Լիբանանում՝ Ուոլլերով հիացած, չգիտեր, որ մի քանի տասնամյակ այց նա ինքը կստեղծի ծխախոտի տեսակ («Avo»), որը հայտնի եւ էլիտար կդառնա: Ուվեզյանի կենսագրությունը արկածային վեպի է նման՝ սկզբից Բաղդադում ջազ-բենդի ղեկավար, հետո՝ Թեհրանում շահի պալատական նվագախմբի ղեկավար, այնուհետեւ՝ նյույորքյան ջազմեն, դոմինիկյան ծխախոտային մագնատ: Եվ, ինչպես միշտ՝ դաշնակահար: 75-ամյա Ավո Ուվեզյանը անցած տարի նվագում էր Մոսկվայի «Le Club» ակումբում՝ ռուսաստանյան ջազի «գայլերի» հետ միասին: Մոսկվայի, Սանկ-Պետերբուրգի, Նյու Յորքի եւ Սան-Խուանի ջազմենների հանդիպումը մեկ բեմում խոսում է ջազի միաբանության յուրահատուկ հնարավորության մասին. ոչ միշտ է, որ մարդիկ կարողանում են առանց թարգմանչի շփվել, սակայն տաղանդավոր իմպրովիզացիա կատարել միմյանց հետ նրանք միշտ կարող են: Մ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել