Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՉԿԱ ՆԱԽԿԻՆ ԷՆՏՈՒԶԻԱԶՄԸ

Հունվար 16,2003 00:00

ՉԿԱ ՆԱԽԿԻՆ ԷՆՏՈՒԶԻԱԶՄԸ Ինֆորմատիկայի այս դարում, թվում է, խնդիր չպետք է առաջանա որեւէ ոլորտի մասին գոնե պաշտոնական տեղեկատվություն ստանալու հարցում: Այս անգամ անդրադառնալով կրթական ոլորտին, նախ նշենք, որ վերջինս միակ ոլորտն է, որը տարվա կտրվածքով ունենում է մեռած եւ կենդանի շրջաններ: Կենդանության նշաններ ոլորտը սկսում է ցույց տալ ուսումնական տարվա վերջից սկսած, հարաբերական աշխուժություն նկատվում է ընդունելության քննությունների ժամանակ, առավել հետաքրքիր մասն սկսվում է հետքննական շրջանում, երբ շատ են բողոքներն ու դժգոհությունները, եւ ուսումնական տարվա սկզբին, երբ առաջ են գալիս մի կողմից բուհերի վարձավճարների, մյուս կողմից դպրոցների դասագրքային կամ դրամահավաքության խնդիրները: Իհարկե, սա ամբողջը չէ, սակայն անգամ այս եռուն շրջաններում ԿԳՆ սայթը կամ «Կրթություն» պաշտոնաթերթինը մնում են հավերժական մեռած շրջանում: Ի դեպ, վերջինի գոյությունը խիստ կասկածի տակ է. այս սայթը երբեք չես կարող բացել, իսկ «Կրթությունն» էլ լույս է տեսնում ամսվա այն միակ օրը, երբ կհայթայթվեն այդ անիծյալ ֆինանսական միջոցները: Այնպես որ, տեղեկատվություն ստանալու համար հույսդ քեզ վրա պետք է դնես: Իսկ եթե լրագրող չե՞ս: Ավելի վատ քեզ համար: Դու անգամ չես կարող մեր բուհերի կամ դպրոցների մասին մինիմում պատկերացում կազմել: Փոխարենը կարող ես միայն ծանոթանալ ԿԳ նախարարության կառուցվածքին, ձեռքի հետ էլ սրբագրել հազար տարվա վաղեմության օրենքների տառասխալները: Իր ստեղծման օրից նախարարության սայթին կարծես ձեռք չի կպել: Նրա հիմնական էջից առաջ անցնելը գրեթե բոլոր ուղղություններով անհնար է: ԿԳՆ համապատասխան բաժնից մեզ տեղեկացրին, որ օրերս սայթ է մտցվել «Դիմորդ 2003»-ը, սակայն վերջինիս ծանոթանալ դեռ չես կարող, որովհետեւ «վատ եղանակներն են պատճառը (՞), որ վերջին 2 օրը սայթ մտնել հնարավոր չէ»: Երեւի սայթի անմխիթար վիճակն է պատճառը, որ վատ եղանակը միայն նրա վրա է ազդում: Հիշյալ բաժնում մեզ խորհուրդ տվեցին սայթի վիճակի մանրամասները ճշտել նախարարի հետ: Պարզից էլ պարզ է. սայթի վրա աշխատանք տանելու համար հատուկ ֆինանսավորում նախատեսված չէ: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել