Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԲԱՆԱՆՑԸ» ԼՈՒՐՋ ՆՊԱՏԱԿՆԵՐ ՈՒՆԻ

Հունվար 16,2003 00:00

«ԲԱՆԱՆՑԸ» ԼՈՒՐՋ ՆՊԱՏԱԿՆԵՐ ՈՒՆԻ Այս օրերին Հայաստանի ֆուտբոլային ակումբները նախապատրաստվում են 2003թ. մրցաշրջանին։ Հասկանալի է, որ յուրաքանչյուր թիմ իր առջեւ տարբեր նպատակներ է դրել ու ընտրել դրանց հասնելու իր ուղին։ Օրինակ, Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր Երեւանի «Բանանցը» ներկայումս երկշաբաթյա ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորի գլխավոր օլիմպիական մարզաբազայում։ Մի քանի մարզական լրագրողներով այցելեցինք մարզահամալիր՝ տեսնելու, թե ինչպես է ընթանում նախապատրաստական շրջանը։ Հայտնի է, որ անցած առաջնության ավարտից հետո «Բանանց» եւ «Սպարտակ» ակումբները միավորվեցին, որի արդյունքում փաստացի նոր մրցաշրջանում ֆուտբոլասերները խաղադաշտում կտեսնեն մի նոր կազմով թիմ, որը նախորդ երկուսի հավաքականն է լինելու։ «Բանանցի» մարզիչներն այս անդրանիկ հավաքում առաջնահերթ ուշադրություն են դրաձնում ֆուտբոլիստների ֆունկցիոնալ վիճակի, այն բարելավելու վրա, որը կարեւոր նախապայման է նոր մրցաշրջանում հաջող հանդես գալու համար։ Տղաները օրական անցկացնում են երկու մարզում՝ անտրտունջ կատարելով մարզիչների ու բժիշկների բոլոր առաջադրանքները։ Թիմի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը մեզ հետ զրույցի ժամանակ ասաց. «Անդրանիկ այս հավաքին հրավիրել ենք 18 ֆուտբոլիստի, որի ուղիղ կեսը նախկին սպարտակցիներ են։ Այսօրվա մեր նպատակը հիմնականում ներառում է ուժային վարժությունները։ Տղաներից ընդհանուր առմամբ գոհ ենք, նրանք մարզվում են հաճույքով ու տրամադրված»։ – Իսկ թիմի կազմում փոփոխություններ կա՞ն։ Նկատի ունենք այլ ակումբներ տեղափոխված ֆուտբոլիստներին կամ նորեկներին։ – Մեր եւ «Սպարտակի» մի քանի առանցքային խաղացողներ ներկայումս փորձաշրջան են անցնում ուրիշ երկրներում։ Մասնավորապես, Արամ Հակոբյանը, Արթուր Մինասյանը եւ Արա Ոսկանյանը Կիպրոսում են, Եղիշե Մելիքյանը, Արա Հակոբյանը՝ Ուկրաինայում, Ալբերտ Աֆրանը՝ Լեհաստանում, Արկադի Դոխոյանը՝ Հունաստանում, Էդիկ Երիցյանը, Ֆելիքս Խոջոյանը եւ Կարեն Բարսեղյանը՝ Իրանում։ Մեզ մոտ փորձաշրջան են անցնում Կարեն Յայլոյանը եւ Արամ Սարգսյանը։ – Մրցաշրջանի պաշտոնական բացումից առաջ, բացի հավաքներից, ուրիշ ի՞նչ ծրագրեր ունեք։ – Հունվարի 20-ին կվերադառնանք Երեւան եւ չորս օր անց երկրորդ փուլն իրականացնելու համար կմեկնենք Կիպրոս։ Այնտեղ նույնպես կմնանք երկու շաբաթ։ Փետրվարի սկզբին կրկին կվերադառնանք տուն, իսկ 9-ին կմեկնենք Աշգաբադ՝ մասնակցելու «Թուրքմենբաշիի գավաթի» խաղարկությանը։ – Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր լինելը թիմի առջեւ նոր պատասխանատվություններ է դնում։ Եկող առաջնությունում պատրա՞ստ եք գոնե պահպանել ձեռքբերումը։ – Հանրապետության առաջնությանը նախապատրաստվում ենք ամենայն լրջությամբ ու, իրոք, լուրջ խնդիրներ ենք դրել մեր առջեւ։ Սակայն եկեք պայմանավորվենք, որ այդ մասին ավելի կոնկրետ խոսենք առաջնության մեկնարկի նախաշեմին։ Ասեմ միայն, որ այս տարի էլ ցանկանում ենք պայքարել ամենաբարձր տեղերի համար։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել