Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հոգեւոր արժեքները՝ փոշիացման ճանապարհին

Հունվար 16,2003 00:00

Հոգեւոր արժեքները՝ փոշիացման ճանապարհին Վանաձորի «Վանք-91» գրատների միավորմանը պատկանող 12 գրախանութներից որպես տեսակ մնացել են միայն մեկ-երկուսը։ Մնացածների մի մասը գոյություն ունեն որպես տարածքներ, որոնք այլ նպատակներով վարձակալել են իրավաբանական տարբեր անձինք, միգուցե հույս ունենալով տարածքը սեփականաշնորհելու դեպքում մասնակից լինել եւ սեփականատեր դառնալ։ Մի քանիսի դռները պինդ կողպված են։ Իսկ գրքերն արդեն քանի տարի է՝ վաճառվում են որտեղ ասես, երբեմն նույնիսկ արեւածաղկի սերմի կամ փքաբլիթների համերաշխ ընկերակցությամբ, նաեւ՝ փոշու-կեղտի մեջ, գետնին կամ ինչ-որ աթոռակների վրա։ Եթե պետությունն ի վիճակի չէ գրքերին ու գրախանութներին պետականորեն տիրություն անել, ապա կարելի էր մրցութային կարգով գրախանութների տարածքները աճուրդի հանել (համապատասխան որոշմամբ, որ տվյալ տարածքում միայն գրքեր եւ գրենական պիտույքներ վաճառվի), հանձնել այն մարդկանց, որոնք կարող են դրանցում ներդրումներ կատարելով վերջնական քայքայումից փրկել հոգեւոր արժեքները։ Ժամանակ առ ժամանակ գրախանութների երկարամյա աշխատողները՝ սեփականաշնորհման հույսով տարածքները «հսկող», հոգնելով ցուրտ ու անհրապույր, լքված մատուռներ հիշեցնող գրախանութներում անհույս, «անայցելու» օր մթնեցնելուց, իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում, հասցնում մինչեւ վերադաս մարմիններին։ Եվ ամեն անգամ նման դժգոհություններից հետո խոստումներ էին տրվում գրահրատարակչության բնագավառի վերադասների կողմից, թե «առողջացման ծրագրեր» են կազմվել, «պայմանագրեր են ձեռք բերվել», սակայն սայլը տեղից չի շարժվում եւ գրախանութները մնում են նույն վիճակում, ինչպես Չիբուխլուն եւ Սեւանը Մուրացանի օրոք։ Գրքերի ձեռքբերում ու վաճառք լավագույնս չի կազմակերպվում, քանի որ պետականորեն շահագրգռություն չկա, իսկ «պետական» կոչվող աշխատողն էլ ի վիճակի չէ մասնավոր շահագրգռություն ցուցաբերել։ Եվ տպավորություն է ստեղծվում, թե հիմա ընդհանրապես գրքերով հետաքրքրվող չկա։ Առեւտրի բացակայությունն էլ նպաստում է նրան, որ գրախանութները որպես հարկատու միավոր իրենց չեն արդարացնում, հարկերն ու տուգանքներն ավելանում են, որոնք մուծելու դեպքում միայն աշխատողներն իրավունք կունենան մասնակցելու սեփականաշնորհմանը։ Իսկ դա տեխնիկապես անհնար է տվյալ դեպքում, մանավանդ որ աշխատողներն իրենց մեղքի բաժինն այդ հարցում չեն ընդունում։ Եվ ընդհանրապես իրավաբանորեն անապացուցելի է, թե ո՞վ է մեղավոր այդ գումարների կուտակման հարցում։ Հակված ենք կարծելու, թե ամեն ինչ սկսվել է նրանից, որ «պետական» կոչվող գրախանութները (պետությունից գրեթե չֆինանսավորվող) համարվել են համայնքային հարկատու միավորներ եւ քանի որ համայնքային բյուջեն համալրելու նպատակով գրախանութների տարածքները կտրատվել եւ վարձակալության են տրվել, ուստի նրանց գործունեության սահմանները՝ տարածական առումով նեղանալով, ավելի են վիճակը ծանրացրել։ Տարիների ընթացքում էլ հարկերն ու տուգանքներն աճել են, քանի որ դրանք գերազանցել են գրքերից ստացվող եկամուտներն ու գրախանութներին հասցրել վերջնական քայքայման։ …Ի դեպ, արդեն քանի տարի է՝ Վանաձորում գոյություն ունի նաեւ մասնավոր գրատուն, որն ստեղծվել է մասնավոր գրահրատարակչական փոքր բազայի վրա։ Չնայած այստեղ նույնպես գրքերի աշխույժ առեւտուր չկա, քանի որ չկա նաեւ բազմազան եւ հանրամատչելի գրականություն, սակայն գրենական պիտույքների գծով առեւտուրը ծաղկում-բարգավաճում է՝ ի տարբերություն խոնավ, անհրապույր, աշխարհից ու մարդկանցից մոռացված «պետական» գրախանութների։ Կարծում ենք, այս գրատան («Վանատուր») օրինակով, որը մասամբ էլ մայրաքաղաքի ժամանակակից գրատների օրինակով է ստեղծվել, կարելի էր կազմակերպել նաեւ «պետական» գրատների գործունեությունը՝ սեփականաշնորհման օգնությամբ։ Հաշվի առնենք, որ գրահրատարակչական գործունեությունը (իսկ մասնավորապես՝ գրքերի տպագրությունը) նոր-նոր սկսում է զարգանալ՝ հիմնադրամների ու վարկերի «զորությամբ», իսկ տպագրվող գրքերի վաճառքը հարկ է կազմակերպել ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ՝ մարզերում։ Եվ, ամենակարեւորը. վաճառքը պետք է կազմակերպվի քաղաքակիրթ ձեւով, գրախանութներում եւ ոչ թե որտեղ պատահի։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել