Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՉՔԱԼՈՒՍԱՆՔ ՆԱԽԱԳԱՀԻՆ

Հունվար 16,2003 00:00

ԱՉՔԱԼՈՒՍԱՆՔ ՆԱԽԱԳԱՀԻՆ Նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանին ինքնակամ պաշտպանողների թիվը երեկ եւս 200 մարդով ավելացավ։ Այդ առիթով իրենց հեղինակավոր հայտարարությունը, երեկ Ժուռնալիստների միությունում հրավիրած ասուլիսի ժամանակ, արեցին «Ազատ Հայք առաքելություն» հասարակական-քաղաքական կազմակերպության կառավարող մարմնի ներկայացուցիչները։ Այդ որոշումը, ճիշտ է, առայժմ, այսպես ասած, միանձնյա է՝ այսինքն կառավարող մարմնինն է։ Կազմակերպության ընդհանուր կոչված ժողովը դեռ փետրվարի սկզբին պետք է կայանա եւ կազմակերպության անդամների տղամարդու խոսքը միայն այդ ժամանակ կասվի։ Բայց այն, որ «անդամների կեսից ավելին կողմ է արտահայտվել գործող նախագահին պաշտպանելուն» կազմակերպության կառավարող մարմնին՝ ի դեմս նախագահ Ռուբեն Մնացականյանի՝ «հիմք է տվել այսօր այդ մասին հայտարարել»։ Իսկ եթե ընդհանուր ժողովի արդյունքում հանկարծ ու հեղափոխություն տեղի ունենա, ապա ըստ կազմակերպության կանոնադրության, կառավարող մարմինը ստիպված կլինի չեղյալ հայտարարել իր երեկվա դիրքորոշումը եւ ենթարկվել ընդհանուրի կարծիքին։ Իսկ Քոչարյանի թեկնածությունն այս կազմակերպությունը պաշտպանում է, որովհետեւ «անուրանալի իրողություն է» համարում 1998-ի իշխանափոխության արդյունքում «երկրի քաղաքական, տնտեսական դաշտում կատարված դրական տեղաշարժը»։ Համենայնդեպս, ըստ Ռուբեն Մնացականյանի՝ Ռ. Քոչարյանի «պահվածքում չենք արձանագրել մեզ համար վիրավորական փաստ»։ Միաժամանակ, «Մասնավոր կարծիք» վերնագրված իրենց հայտարարության հավելվածում նաեւ նշված է, որ «ԱՀԱ-ն կարող է իր դիրքորոշումը վերանայել ՀՀ նախագահության, ՀՀ ԱԺ թեկնածուների օգտին, ովքեր իրենց նախընտրական ծրագրում կորդեգրեն ազգային պետության, ազգային գործչի վճռականությունը եւ կմերժեն որեւէ երկրից դիտորդական առաքելությամբ ՀՀ ընտրություններին հետեւելու նպատակով գործակալների մուտքի արտոնություն տալու ամոթաբեր դրսեւորումները»։ 1995-ի ԱԺ ընտրություններում 0,61% հավաքած այս ու այն ժամանակվա կուսակցության կարկառուն դեմքերի նման դիրքորոշման պատճառն այն է, որ «պահանջում են երաշխիքներ, որ տեղի հասարակական կազմակերպություններն էլ հնարավորություն ստանան արտերկրում ընտրություններին դիտորդի կարգավիճակով մասնակցել»։ Ի գիտություն «Ազատ Հայք առաքելության» ամենագործիչների, տեղեկացնենք, որ իրենց այդ «հայտնագործությունը» Եվրախորհրդի ծրագրերից է եւ ԵԽ անդամ երկրներում իրականացվում են փոխադարձ դիտորդական առաքելություններ։ Իսկ թե սույն պարոնայք սեփական կազմակերպությամբ են հավակնում նման առաքելությունների՝ գոյություն ունի 5%-ի սահմանագիծը հաղթահարելու տարրական նորմը։ Խորհուրդ ենք տալիս նախ այդ ուղղությամբ աշխատել։ Թեեւ այս կարկառուն գործիչներին «ընտրական օրենսգիրք» հասկացությունն անծանոթ է, սակայն դա չի խանգարում, որ վերջերս կատարված ընտրական փոփոխությունները նրանց «չբավարարի»։ Մասնավորապես, այն դրույթը, որը բացառում է մեկ անձի միաժամանակ մի քանի կուսակցության անդամ լինելը։ Սույն գաղափարականներին միանգամայն բավարարում է, որ իրենց կուսակիցը տասնյակ կուսակցությունների անդամ լինի։ Այսքանից հետո մեզ մնում է միայն անկեղծորեն ցավակցել գործող նախագահին՝ նման պաշտպանյալներ ունենալու համար։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել