Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մանվել Գրիգորյանը 5 հազար դոլարանոց է, Ջհանգիրյանը՝ 1000»

Հունվար 16,2003 00:00

«Մանվել Գրիգորյանը 5 հազար դոլարանոց է, Ջհանգիրյանը՝ 1000» Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում, ուր շարունակվում էր Մարտիրոս Աճեմյանի եւ Արթուր Այվազյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը, երեկ այդպես հայտարարեց տուժողի իրավահաջորդ Ստեփան Առաքելյանը։ Վերջինիս որդին՝ Սամվել Առաքելյանը սպանվել է երկու ամբաստանյալների կողմից եւ, ըստ նրա, միայն այն պատճառով, որ տեղյակ է եղել հանրապետությունում կատարված քաղաքական ահաբեկությունների եւ սպանությունների մասին։ Ըստ Ս. Առաքելյանի, մի շարք սպանությունների իր որդուն դրդել եւ պատվիրել է Հայաստանի ազատամարտի եւ կանանց վետերանների միության նախագահ Միհրան Մովսիսյանը։ Երեկ տուժողի իրավահաջորդը հայտնեց, որ Միհրանը (որն, ի դեպ, դատակոչվելու է որպես վկա) պատվիրել էր իր որդուն՝ հանգուցյալ Սամվելին, սպանել նաեւ պաշտպանության փոխնախարար Մանվել Գրիգորյանին եւ զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանին, տրամադրելով այդ նպատակով 5000 եւ 1000 ԱՄՆ դոլար։ Որպեսզի իր ասածը ավելի հավաստի դարձներ, շեշտեց. «Որովհետեւ գեներալ Մանվել Գրիգորյանը 5000 դոլարանոց ա, իսկ Ջհանգիրյանը՝ 1000»։ Երեկվա դատաքննության ժամանակ տուժողի իրավահաջորդին հարցեր էր տալիս ամբաստանյալ Արթուր Այվազյանը։ Ողջ հարցաքննությունն ընթանում էր փոխադարձաբար գռեհիկ արտահայտություններով։ Հավասարապես երկուսին էլ դիտողություն արեց նախագահող դատավոր Պարգեւ Օհանյանը, անգամ Ս. Առաքելյանին «վախեցրեց» տույժի ենթարկել։ Ձեռնափայտը ձեռքին բոլոր մարտահրավերներին պատրաստ Ս. Առաքելյանն ասաց. «3-5 հազար դրամ թոշակ եմ ստանում՝ տույժի ենթարկեք, ձեռքիցս էդ էլ վերցրեք-պրծեք»։ Ամբաստանյալն իր հերթին տրտնջում էր. «Իմ ներվերը պետական չի»։ Առհասարակ, այս դատական նիստերին հետեւելը խիստ տհաճ է, չնայած արվում են պաշտոնատար պետական անձերի մասին խիստ պատասխանատու հայտարարություններ, ինչպես, օրինակ, «ՀԿԳ քննիչ Բագրատ Պետրոսյանը 5000 դոլար է վերցրել Միհրանից», «Միհրան Մովսիսյանը Մարտակերտում բռնաբարեց… -ին, որին տարան կույս հանեցին», «Կենտրոնի դատախազ Վահրամ Շահինյանը ակնհայտ մատնություն է արել», «Միհրան Մովսիսյանը գործակալ է։ Թող գնան Աշտարակ, Ոսկեվազ գյուղ։ 3 մլն է քցել մի մարդու», «Վահրամ Շահինյանի հայրը՝ Գագիկը հեռախոսով զանգեց որդուն, ասաց Ստեփան Առաքելյանն իմ մոտ է։ Գնացել-նստել, խոսացել եմ հետը», «Գագիկ Պողոսյանին սպանել են այս երկու ամբաստանյալները»։ Դատաքննությունն ընդհատվեց եւ այն կշարունակվի հունվարի 20-ին։ Ժամանակն է, որ կողմերի փաստաբան-պաշտպանները մի քիչ «ձգեն», կարգի հրավիրեն իրենց պաշտպանյալներին, որովհետեւ կեղտի մեջ ճշմարտություն փնտրելը խիստ դժվար է։ Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել