Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՎԵՐՋԻՆ «ՄՈՀԻԿԱՆՆԵՐԸ»

Հունվար 16,2003 00:00

ՎԵՐՋԻՆ «ՄՈՀԻԿԱՆՆԵՐԸ» Գլուխկոտրուկ. երկրորդ եւ երրորդ լուսանկարներում պատկերված տասնյակ սայլակներից որեւէ մեկի վրա գոնե մեկ անիվ գտեք: Դա անհնար է, մի պարզ պատճառով. այդ լուսանկարներում անիվ չկա: Ականատեսների վկայությամբ, դրանք վաղուց վաճառվել են Մալաթիայի տոնավաճառում՝ հատը 200-300 դրամով: Լուսանկարներն արվել են «Զվարթնոց» օդանավակայանում: Աշխատակիցների պատմելով, նախկինում, երբ իրենք էին «աշխատեցնում» սայլակները, դրանց համար պատասխան էին տալիս: Ինչպես երեւում է լուսանկարից, «նախկին սայլակները» «պահվում են» օդանավակայանի մի չհսկվող հատվածում: Այժմ ուղեւորի գործը թեթեւացնելու համար նախատեսված այս սայլակներով ինչ-որ մեկը «բիզնես» է անում: Պետք է ենթադրել, որ վաճառքում անիվներն այլեւս չկան, որովհետեւ տեղում չգտանք լուսանկարելու համար: Այսպիսով, «Զվարթնոց» (այժմ՝ «Արմենիա») միջազգային երկրորդ կարգի օդանավակայանի «գործող» երեք սայլակներից մեկը սա է (տես առաջին լուսանկարը): Այն իր նման ժանգոտած, «պարտք առած» ու կապոտած անիվներով մյուս երկուսի հետ մեր երկրի գլխավոր օդանավակայանում լավագույնն է համարվում: Մեր երկրի հյուրերը, այդ թվում՝ պատվավոր եւ հարգարժան, ստիպված են բավարարվել այդ երեքով: Հյուրերն այլ տարբերակ էլ ունեն. դրանք իրար ձեռքից խլել՝ ուղեբեռը տեղափոխելու համար: Կամ կարող են օգտվել մաքսավորի հովանավորությունը վայելող եւ մաքսային գոտի մտնելու թույլտվություն ստացած, 1500-3000 դրամով իր «օգնությունն» առաջարկող բանվորի ծառայություններից: Ավելորդ է ասել, որ քաղաքակիրթ աշխարհում սա չլսված բան է: Մինչդեռ, օդանավակայանի աշխատակիցների ներկայացմամբ, ընդամենը մեկ տարի առաջ է բեռնային համալիրից մոտ 6-7 հարյուր հատ սայլակ փոխադրվել ուղեւորային բաժին: Ինչպես հիշում ենք, կառավարիչը՝ «Կորպորասիոն Ամերիկա Ա. Ս.»-ն հանդես եկավ 5,5 միլիոն դոլարի ներդրման հայտարարությամբ: Հետեւաբար հարց է առաջանում՝ այդքան գումար ներդրած ընկերությանն ինչն է խանգարում փոքր դրամական ծախս պահանջող այս խնդիրը լուծել: Ի դեպ, ըստ չճշտված տեղեկության, օդանավակայանում սահմանվածից ցածր ջերմաստիճանի պատճառով շարքից դուրս է եկել զննման սարքերից մեկի մոնիտորը, որը մեծ արժեք ունի: ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել